Կաղնուտում ընտրվել է ՀՀԿ-ի թեկնածուն
Կապանի տարածաշրջանի Կաղնուտ գյուղում երեկ անցկացվեց համայնքի ղեկավարի հերթական ընտրությունը: Արդյունքում առաջադրված 2 թեկնածուներից գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Հովհաննիսյանը վերընտրվեց գյուղապետի պաշտոնում: Ինչպես եւ սպասվում էր նախընտրական թեժ կրքերից, կաղնուտցիները ակտիվ են մասնակցել քվեարկությանը` 81 ընտրողից իր քաղաքացիական պարտքը կատարել է 76-ը կամ ընտրողների 94 տոկոսը:
Նրանցից 40-ն իր ձայնը տվել է գործող գյուղապետի օգտին, իսկ 33-ը` ԲՀԿ-ի թեկնածունի օգտին, երեք քվեաթերթիկ տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ճանաչվել է անվավեր:
Նշենք, որ գործող գյուղապետ Արթուր Հովհաննիսյանն արդեն 10 տարի է Կաղնուտի համայնքի ղեկավարն է եւ արդեն 4-րդ անգամ է առաջադրվում, իսկ Կարեն Փարամազյանը (ԲՀԿ անդամ) առաջին անգամ է իր թեկնածությունն առաջադրում: Նախորդ ընտրություններում համայնքի ղեկավարի համար առաջադրվել էր իր հորեղբոր տղան, ով պարտություն էր կրել 2007թ.-ին:
Նախընտրական շրջանում Կաղնուտում թեկնածուների պայքարը դարձել էր իսկական գլխացավանք գյուղացիների համար: Անգամ լուրեր են տարածվել, թե գյուղում ՀՀԿ-ականները մարդ են ծեծում, իսկ ԲՀԿ-ակաները կաշառք են բաժանում:
Գյուղապետի թեկնածուներն իրենց համայնքում տիրող լարված իրադրության մասին լռում էին` ասելով, որ իրենք իրար մեջ պրոբլեմներ չունեն, և ամեն ինչ խաղաղ է ընթանում:
Իսկ ընտրությունների նախօրյակին ԲՀԿ-ի Կապանի տարածքային կառույցը հաղորդագրություն էր տարածել, որ իրենց համակիրներից պետական պաշտոնյաները հավաքում են անձնագրերը, ասում, որ վերադարձնելու են կիրակի օրը:
Ավելին` գյուղացիների պատմելով, ուրբաթ օրը գյուղից առևանգել էին ընտրողներից մեկին՝ Գրիշա Բեգլարյանին: Վերջինս թաքցրել էր նրա եղբոր տղան՝ Կապանի թիվ 3 դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանը:
Շաբաթ առավոտյան նրան բաց են թողել, բայց չեն տվել անձնագիրը: Ավելի ուշ` ընտրության ավարտից հետո, պարզվեց, որ 84-ամյա Գրիշա Բեգլարյանը մեկն է եղել այն 5 կաղնուտցիներից, որոնք կիրակի օրը չեն մասնակցել քվեարկությանը:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել