
Անհետ կորածներին կենդանի գտնելու հույս գրեթե չկա
Այսօր Այրում քաղաքի մոտ՝ սողանքի վայրում, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում էին: Դրանց մասնակցում էին Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի փրկարարներ, նաեւ Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի 62 զինվորներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանը հայտնեց, որ երեկ զինվորական ուղղաթիռի եւ երկաթուղային «Կռունկի» միջոցով սողանքի վայրից տարհանվել է 9 մարդատար մեքենա եւ 1 «Ֆուռ», իսկ այսօր` 2 «ֆուռ» եւ 1 «Կռունկ»:
Աշխատանքները շարունակվում էին, եւ տարհանվող մեքենաների թիվը պիտի աճեր: Իսկ անհետ կորածների հարազատներին իրենց կորուստն է մտահոգում: Անհետ կորած, Լճկաձոր գյուղի 72-ամյա բնակիչ Նորիկ Միրզոյանի տղան` Վիգենը, Ռուսաստանում լսելով դեպքի մասին, շտապ վերադարձել էր: Նա դժգոհ էր որոնողական աշխատանքների դանդաղ ընթացքից ու այն հանգամանքից, որ «փրկարարները հիմնականում մեքենաների տարհանմամբ են զբաղված»:
Ակնհայտ է, որ 5 անհետ կորածին կենդանի գտնելու հույս գրեթե չկա: Նրանց ընդհանրապես գտնելն էլ հեշտ չի լինի, քանի որ գահավիժած հողի եւ քարի զանգվածը մեծ է:
Փլուզման գոտում միջպետական ճանապարհի վերականգնումն էլ երկար ժամանակ եւ շատ ծախս էպահանջելու: Սողանքի գոտու սկզբին կապավորները վերակագնում էին Հայաստան մտնող ինտերնետային կապի լարերը:
Պետավտոտեսուչները փակել են մեքենանների մուտքը սողանքի գոտի: Մարդատար մեքենաները երթեւեկում են փլված սարի վերեւի հատվածով՝ հին, խճապատ ճանապարհով: Խոշոր բեռնատարներն էլ երթեւեկում են Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով:
Մեկնաբանել