Ըստ բնապահպանության նախարարության` ակտն անվավեր է ճանաչվել
« Հետքն» անցած հինգշաբթի հրապարակել էր «Նոր ներդրողներ են փնտրում հին ներդրողների ֆինանսավորմամբ» հոդվածը, որտեղ ներկայացրել էր Բնապահպանական պետական տեսչության` «Դինո Գոլդ Մայնինգ»-ում կատարած ստուգումների արդյունքները, որոնց համար ընկերությունը որևէ տուգանք չէր մուծել: Այսօր ԲՆ-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես նշել է.
«ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությայն հաղորդագրության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 2010 թվականի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը ստուգումներ են իրականացվել Դինո Գոլդ Մայնինգ ՓԲԸ-ում: Ինչի արդյունքում հայտնաբերված բնօգտագործման վճարների ենթակա ծավալների տարբերության համար տեսչության կողմից կազմվել է թիվ 000025 ակտը: Ընկերությունը վերադասության կարգով բողոքարկել է կազմված ակտը: Քննարկման արդյունքում ակտն անվավեր է ճանաչվել Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 66, 76 և 77-րդ հոդվածների հիմքերով, իսկ ակտը կազմող տեսչության համապատասխան պաշտոնյաները ստացել են խիստ նկատողություն:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, Դինո Գոլդ Մայնինգ ՓԲԸ-ում 01.10.2009-01.10.2010 թթ ժամանակահատվածի համար ստուգումներ անցկացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մասնագետները:
Արդյունքների մասին կտեղեկացնենք առաջիկայում, ասվում է հաղորդագրության մեջ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել