ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստակամ է
ՀՀ գլխավոր դատախազությունում 2011թ. մարտի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը` խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանը, վարչության դատախազներ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:
ԱՄԷ պատվիրակությունը Հայաստանում է գտնվում 2009 թ. Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ստորագրված ՙՄարդկանց շահագործման / թրաֆիկինգի / դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին՚ փոխընբռման հուշագրի շրջանակներում հայաստանյան կողմի հետ համագործակցության վերաբերյալ մի շարք աշխատանքային հարցեր քննարկելու նպատակով:
Ի դեպ, ինչպես նշեց պատվիրակության ղեկավար Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալին, սույն հուշագիրը աննխադեպ է ԱՄԷ և այլ պետությունների հետ կնքված միջազգային պայմանագրերի շարքում:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության կատարած աշխատանքները թրաֆիկինգի դեմ պայքարում, նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դեռևս 2006թ. ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել էր առանձին ստորաբաժանումª մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի (թրաֆիքինգի) դեմ պայքարի բաժին, որտեղ կենտրոնացված կերպով քննվում էին թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործերը:
Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի ընթացքում ՀՀ դատախազության համակարգից հանվեց քննչական ապարատը, որի հետևանքով թրաֆիքինգի վերաբերյալ գործերի քննությունը իրականացվել է ՀՀ ոստիկանության տարածքային և համայնքային քննչական բաժիններում:
Նշված հանցագործությունների կենտրոնացված քննության պրակտիկան վերականգնելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ստեղծվել է մարդկանց առևտրի /թրաֆիքինգի/, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժին:
Դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլում ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքում կատարված փոփոխություններից հետո ՀՀ գլխավոր դատախազի 30.11.2007թ. հրամանով ստեղծվեց մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, որի վրա էլ դրվեց թրաֆիքինգի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողությունը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը նշեց նաև, որ թրաֆիկինգի դեմ պայքարում ՀՀ գլխավոր դատախազության հետևողական աշխատանքի արդյունքում Հայստանը դուրս եկավ նաև հատուկ վերահսկողության երկրների գոտուց:
ԱՄԷ պատվիրակության անդամները նշեցին ՀՀ իրավապահ մարմինների հետ անմիջական աշխատանքային հարաբերություններ կառուցելու կարևորությունը` պայմանավորված օպերատիվ և քննչական գործողություններ կատարելու, տեղեկատվության փոխանակման և այլ իրավական գործընթացների արդյունավետ ու արագ կազմակերպման անհրաժեշտությամբ:
Կողմերը շնորհակալություն հայտնեցին հանդիպման և արդյունավետ քննարկման համար: Այս մասին հայտնում է հանրային կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել