HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն, որ օրը ցերեկով կողոպտվում է իրենց սեփականությունը

Այժմ գործող ՀՀ ընդերքի օրենսգիրքն ընդերքօգտագործողների համար դրախտային պայմաններ է ստեղծել: Հանքարդյունաբերողներն արտոնված են իրենց արտադրած թափոնները (մակաշերտի ապարներ, ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութեր և պոչանքներ) շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց պետությանը հարկ չվճարել: Երբ հայտնի դարձավ, որ նոր օրենսգրքի նախագիծ է մշակվել, կարծում էինք, որ սրա գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի հանքարդյունաբերական թափոնների կարգավորումը նաև այն իմաստով, որ դրանք հարկման դաշտ բերվեն: Սակայն ՀՀ Ազգային Ժողով ներկայացված ընդերքի նոր օրենսգրքի նախագծում նշված թափոնների մասին ուղիղ իմաստով խոսք չկա, միայն մի քանի հոդվածներում  հանդիպում ենք որևէ օրենքով չկարգավորվող «լցակույտեր» եզրի… 56-րդ հոդվածը սահմանում է. «Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է` ապահովել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների անվտանգության  և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար նախատեսված վճարի վճարումը»: 3-րդ հոդվածում «լցակույտերը» մեկնաբանվում են. «Արտադրական լցակույտեր` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման կամ վերամշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումներ` տեղադրված երկրի մակերևույթի վրա  կամ լեռնային փորվածքներում»: Ինչպես տեսնում ենք, մի անորոշ եզրը փոխարինվել է մեկ այլ անորոշ, մեկնաբանություն պահանջող եզրով` արտադրական «լցակույտերը» անվանվում են ապարների «կուտակումներ»: Սակայն պարզից էլ պարզ է, որ այդ «լցակույտերը» կամ  «կուտակումները» մակաբացման ապարների ու ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութերի լցակույտեր եւ պոչամբարներ են, այսինքն` հանքարդյունաբերական թափոններ են (Պետք է նշել, որ հանածոների վերամշակման ընթացքում ոչ թե ապարներ են առաջանում, ինչպես անհիմն կերպով ասվում է հոդվածում, այլ` պոչանք): Եթե ընդերքի մասին նոր օրենսգրքի նախագծում հանքարդյունաբերական թափոնները քողարկված են «լցակույտեր» անվան տակ, ապա ՀՀ «Թափոնների մասին» օրենքում դրանք ընդհանրապես արտացոլված չեն: Սրա  2-րդ հոդվածը սահմանում է. «Օրենքի գործողությունը չի տարածվում` հանքարդյունահանող կազմակերպությունների մակաբացման շերտի ապարների վրա: Սույն մասով նախատեսված` թափոնների գործածության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ այլ օրենքներով և իրավական ակտերով»: Այս հոդվածից տպավորություն է ստեղծվում, որ իբր, հանքարդյունաբերական թափոնները միայն մակաբացման շերտի ապարներն են, երբ իրականում ամենածավալուն ու խիստ թունավոր թափոնները` դրանք ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութերն ու պոչանքներն են: Նաև` բացատրություններ չի տրվում, թե ինչու ամենավտանգավոր թափոների մասին որևէ խոսք չի ասվում և ի՞նչ հիմնավորմամբ` հանքարդյունաբերական թափոնները պետք է կարգավորվեն  ՀՀ այլ օրենքներով ու չենթարկվեն «Թափոնների մասին» օրենքի պահանջներին կամ ի՞նչ նպատակ է հետապնդում այս տրոհում-մասնատումը: Փաստորեն, ՀՀ Ընդերքի գործող օրենսգրքում, ընդերքի նոր օրենսգրքի նախագծում և «Թափոնների մասին» ՀՀ օրենքում միտումնավոր արտացոլված չեն հանքարդյունաբերական թափոնները, իսկ եթե արտացոլված են, ապա քողարկված ձևով: Ակնհայտորեն նույն միտումն ենք տեսնում նաև «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում, օրինակ, սրա երրորդ հոդվածը սահմանում է. «Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման (պահման) համար վճարի դրույքաչափերն են` - առաջին դասի վտանգավորության թափոններ  -  48000 դրամ, - երկրորդ դասի վտանգավորության թափոններ  -  24000 դրամ, - երրորդ դասի վտանգավորության թափոններ    -    4800 դրամ, - չորրորդ դասի վտանգավորության թափոններ   -   1500 դրամ, - ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնաարդյունահանող իրավա-բանական անձանց կողմից տեղադրվող և հողածածկույթի քանդման ու շինա-րարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների ) -  600 դրամ, - լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոններ   - 0 դրամ»: Այս հոդվածում «կարգավորվում» են (այսինքն` հարկումից ազատվում են) միայն` լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնները, նրանց կողմից տեղադրվող հողածածկույթի քանդման հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնները և շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնները, սակայն` լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութերի և լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող պոչանքի խնդիրները չեն կարգավորվում: Այստեղ  բնականաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ի՞նչ նպատակով ՀՀ օրենքներում արտացոլված չեն հանքարդյունաբերության հետևանքով առաջացող ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութերն ու պոչանքները, իսկ ընդերքի մասին նոր օրենսգրքում էլ`  դրանք քողարկվել են «լցակույտեր» անվան տակ: Նպատակը պարզ է: Այժմ հանքարդյունաբերողներն իրենց արտադրած թափոնների համար պետական հարկեր չեն վճարում, և  իշխանական լծակներ ունեցող անձինք ջանք են թափում, որ այդ հարկերը հետագայում նույնպես չվճարվեն: Իսկ դրանք մեծ գումարներ են: Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը տարեկան վերամշակում է շուրջ 16 մլն տոննա հանքաքար (արդյունքում առաջանում է մոտ 15,8 մլն տոննա պոչանք): Այս հանքաքարի հանքահանման  ընթացքում նաև առաջանում են մոտ 16 մլն տոննա թափոններ` մակաշերտի ապարներ և ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութեր (առանձին ծրագրերում պոչանքը ներկայացվում է որպես երրորդ դասի վտանգավորության թափոն, իսկ ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութերի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում, երբ խիստ վտանգավոր նյութեր պարունակող պոչանքը պետք է համարվի առաջին, իսկ ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութերը` գոնե երրորդ դասի վտանգավոր թափոններ): Եթե անգամ ընդունենք, որ պոչանքը երրորդ դասի թափոն է, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը միայն այդ թափոնը շրջակա միջավայրում տեղադրելու համար պետությանը պետք է տարեկան 76 միլիարդ դրամ հարկ վճարի,  Իսկ ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութերի համար` 9,6 միլիարդ դրամ (ընդունելով այն անգամ` որպես հինգերորդ դասի ոչ վտանգավոր թափոն): Նաև` հանքարդյունաբերությամբ զբաղվողներն առայժմ արտոնված են պետությանը չվճարել իրենց գործունեության հետևանքով  ՀՀ տնտեսությանը հասցրած վնասը: Եթե այժմ գործող հարյուրավոր հանքարդյունաբերության օբյեկտները (մետաղային և ոչ մետաղային) հարկային դաշտ բերվեն, ապա ֆինանսական մեծ հոսքեր կլինեն դեպի ՀՀ պետական բյուջե, հետևաբար և, կտրուկ կբարելավվի կյանքի որակը, դրա հետ մեկտեղ կկասեցվի բնական պաշարների գիշատչական սպառումը և կենսականորեն անհրաժեշտ բնական համակարգերի քայքայումն ու աղտոտումը: 56-րդ հոդվածում նշվում է, որ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է վճարումներ կատարել լցակույտերի   առնչությամբ իրականացվելիք մշտադիտարկումների համար, սակայն  «լցակույտեր»-ից շրջակա միջավայրին և մարդկանց սպառնացող վտանգի առումով որևէ պարզաբանում չի տրվում, չի ասվում, թե դա ի՞նչ վտանգ է: Ինչպես սույն հոդվածում, այնպես էլ նոր օրենսգրքի նախագծում բաց է մնում այն հարցը, թե շրջակա մշակովի հողերին և մարդկանց առողջությանն ու կյանքին հասցվելիք վնասի դեպքում ի՞նչ փոխհատուցումներ են լինելու և մինչև ե՞րբ, ի՞նչ ժամկետներում: Եվ ապա, պարզ չէ, թե նշված անձն ինչ ժամանակահատվածում է պարտավոր մշտադիտարկումների համար վճարել կամ նրանից հետո այդ վճարումներն ով պետք է  կատարի, քանզի հայտնի է, որ շրջակա միջավայրին և մարդու առողջությանը` ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութերի կույտերի և պոչամբարների կողմից սպառնալիքները տևելու են հազարավոր տարիներ: Նախ, որոշ տեղեկություններ այդ երկու թափոնների մասին: ա) Օդի և ջրի առկայության պայմաններում ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութերի կույտերում առաջանում է ծծմբական թթու, որը տարալուծելով այդ ապարների մեջ եղած ծանր մետաղների աղերն ու մյուս թունավոր նյութերը կարող է աղտոտել  շրջակա տարածքներն ու ընդերքի ջրերը: բ) Պոչանքը մանրացրած, փոշի դարձրած հանքանյութն է, որից` վերամշակման ընթացքում կորզել են որոշ օգտակար տարեր: Պոչանքը նաև պարունակում է վերամշակման ընթացքում ավելացրած քիմիական և այլ բնույթի բազմաթիվ նյութեր: Հայտնի է, որ պոչամբարներում առաջանում է ծծմբական թթու, որն իր մեջ է լուծում նաև այդտեղ առկա ծանր մետաղների աղերը:  Չվերամշակված հանքաքարի համեմատությամբ  պոչանքներում տեսակարար մակերեսը մեծանում է տասը հազարից մինչև հարյուր հազար, իսկ քամման գործակիցը` տասից մինչև հարյուր  անգամ, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում նրանց  վտանգավոր տարրերի արտազատման համար (նշված թափոնների քամման գրադիենտը զգալիորեն բարձր է, քան բնական պայմաններում): Թվարկած գործոնների գումարային  ազդեցությունը հարյուրավոր  ու հազարավոր անգամ  մեծացնում է դրանցով քամվող ջրում ծանր մետաղների աղերի պարունակությունը: Պոչանքները բույսերի սնուցման  տարրեր (ազոտ, ֆոսֆոր, կալիում) ոչ բավարար քանակով են պարունակում կամ չեն պարունակում: Պոչանքի մեջ գործնականում բացակայում են հողային միկրոօրգանիզմներ, սակայն հաճախ դրանք պարունակում են հավելյալ քանակությամբ ջրում լուծվող ծանր մետաղների աղեր: Պոչանքներով աղտոտված վայրերում կտրուկ նվազում է հողի բերրիությունը: Պատահական չէ, որ  պոչամբարների անվտանգությանը վերաբերող փաստաթղթում (Проект ЕЭК ООО, Руководство по безопосности и рекомендуемым нормам для хвостохранилищ,  23.04.2008) ասվում է, որ պոչամբարների պատվարները պետք է կառուցվեն 1000 և ավելի տարիների հուսալիության հաշվով: Այս փաստաթղթից բերենք մի քանի դրույթներ` «Կան բազմաթիվ օրինակներ, երբ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարիներ առաջ կատարված հանքահանման մնացորդներն ու պոչանքները դեռևս արտազատում են աղտոտիչների այնպիսի քանակություններ, որոնք վտանգավոր են շրջակա միջավայրի համար»: ...  «Փակված և լքված պոչամբարների իրավիճակի գնահատման և դրանց անվտանգության ապահովման համար պետք է իրավասու իշխանության կազմակերպական կառույցներ ստեղծվեն: Սրանք իրենց պարտականությունը կատարելու համար պետք է ապահովված լինեն համապատասխան հաստիքներով, տեխնիկական միջոցներով և բյուջեյով»: ... «Յուրաքանչյուր պոչամբարի համար պետք է մշակված լինի արտակարգ իրավիճակի գործողությունների պլան` պոչամբարի կառուցման, շահագործման և փակման փուլերում: Արտակարգ իրավիճակի գործողությունների համապատասխան պլանը պետք է ձևակերպված լինի մինչև պոչամբարի կառուցման, շահագործման կամ փակման թույլտվություն տալը»: Նկատի ունենալով վերը նշվածները,  եթե նոր օրենսգիրք է ընդունվելու, ապա այն առաջին հերթին պետք է կարգավորի պոչամբարների խնդիրը: Ի՞նչ հիմնավորմամբ է հանքավայրերը շահագործողներին օրենսդրորեն արտոնվում իրենց արտադրած թափոնները  շրջակա միջավայրում տեղադրելու-թափելու դիմաց չվճարել: Ի՞նչ է, նրանք Հայաստանի Հանրապետության տերերն են: Խորհրդային իշխանության օրոք հանքարդյունաբերական թափոններ պահեստավորելու համար վճարներ սահմանված չէին, բայց դա հենց այդպես էլ պետք է լիներ, քանզի պետությանն էին պատկանում բնական պաշարներն ու դրանց շահագործման մենաշնորհը, և պետությունն էլ լուծում էր նշված թափոնները շրջակա միջավայրից մեկուսացնելու, օգտահանելու, երկարաժամկետ կառավարելու  և մյուս  խնդիրները: Այժմ մեր պետությունը զրկվել է իր իսկ ընդերքի հարստությունները շահագործելու իրավունքից: ՀՀ կառավարությունը ոչ միայն նոր հանքավայրեր չի շահագործում, այլև  անհատներին հանձնեց իր կողմից շահագործվող հանքավայրերը (օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային, Սոթքի ոսկու և այլ հանքավայրերը): Հանքարդյունաբերությունը դարձել է ընկերությունների և անհատների մենաշնորհ, սակայն թափոնների կառավարման խնդրում չի փոխվել նախկին կարգը: Թափոնների երկարաժամկետ կառավարման խնդիրն ինչպես կար, այնպես էլ մնացել է  պետության վրա: Իսկ պետությունն ինչպե՞ս կկարողանա իրականացնել հսկայածավալ ֆինանսական, տեխնիկական  միջոցներ և մարդուժ պահանջող այդ խնդիրը, երբ  հանքարդյունաբերությունից առաջացած շահույթին հիմնականում տիրանում են շահագործողները: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հանքարդյունաբերական թափոնների, գլխավորապես պոչանքների անվտանգ պահպանությունը հազարամյակներ շարունակ ֆինանսական խոշոր ծախսեր է պահանջելու (ըստ որոշ հաղորդումների, յուրաքանչյուր մեկ տոննա պոչանքի անվտանգ պահպանության համար տարեկան պահանջվում է 1,4 ԱՄՆ դոլար): Ակնառու է, որ հանքարդյունաբերական թափոններն իրենց վտանգավորության  աստիճանին համապատասխան չդասելը և դրանք շրջակա միջավայրում տեղադրելու-լցնելու դիմաց վճար չպահանջելը, փաստորեն, նշանակում է հափշտակել հայ ժողովրդի ունեցվածքը: Նաև` օրենսդրորեն սահմանված այդ կարգը ճանապարհ է հարթում օգտակար հանածոների շատ ցածր պարունակությամբ հանքավայրերի  շահագործման համար,  ինչն ակնհայտորեն կբերի փոխկապակցված աղետալի ու կործանարար հետևյալ երևույթների` օգտակար հանածոների պաշարների արագ սպառման, բնական համակարգերի լայնածավալ ավերման,  ջրագոյացման համակարգերի աղտոտման  և վերացման, վարելահողերի, անտառների, այգիների, արոտավայրերի կորստի, ինչպես նաև  պահպանված տարածքների աղտոտման և անօգտագործելի դառնալուն, ավանդական երկրագործության գոյություն ունեցող մշտակայուն աշխատատեղերի նվազեցման և վերացման, գյուղատնտեսական մթերքի որակական հատկանիշների վատացման և արտադրական ծավալների նվազեցման և այլն: Քննարկվող նախագծի 37-րդ հոդվածը սահմանում է. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին 15 օրյա ժամկետում բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության  նախնական գնահատման վերաբերյալ համապատասխան եզրակացություն չտրամադրելու դեպքում` այն համարվում է դրական: ... Եթե երկու կամ ավելի անձ դիմում է ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի կամ ընդերքի այնպիսի տեղամասերի համար, որոնք ունեն ընդհանուր մաս, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: ... Սույն հոդվածում չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է»: Ոչ միայն այս հոդվածի, այլև օրենսգրքի նախագծի ընդհանուր ոգին` հանքավայրերը հնարավորինս արագ շահագործման հանձնելն է: Պատահական չէ, մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ  Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովում կազմակերպված խորհրդարանական լսումներում (իրականում` միակողման քարոզչություն էր, իսկ պատգամավորներից ներկա էին 4-5-ը) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալուստյանը ընդերքի նոր օրենսգրքի անհրաժեշտությունը հիմնավորեց նաև նրանով, որ այն ընդերքօգտագործման թույլտվություն ստանալու խնդրում հիմնում է «մեկ պատուհանի սկզբունք»: Երբ առանց այդ էլ վերջին տարիներին անընդունելիորեն պարզեցվել ու հեշտացվել է մեր երկրում ընդերքօգտագործման նախագծերի ընթացա¬կարգը, իսկ պարզեցման ու արագացման անվան տակ ուղղակի քայքայվել-ամայացել է նախկին ընթացակարգը: Նախկինում  նախագծերը մանրազնին ուսումնասիրվում էին պետականորեն հատուկ լիազորված գերատեսչություններում, իսկ յուրաքանչյուր գերատեսչության եզրակացության համար հիմք էին ծառայում մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունները: Այժմ նշված ուսումնասիրություններին փոխարինում է մեկական ներկայա¬ցուցիչներով կազմված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, որով  և հիշյալ ծրագրերին ընթացք է տրվում: Բացի նշվածից, ՀՀ բնապահպանության նախարարը 2005 թ. լուծարեց  երկրաբանական վարչության գիտական խորհուրդը, որը համակարգում ու ամփոփում էր  երկրաբանահետախուզական աշխատանքների հաշվետվությունները և հանքավայրերը շահագործելու կամ չշահագործելու խնդիրներում ուներ իր վճռորոշ ձայնի իրավունքը: Նախարարը լուծարեց նաև  պետական էկոլոգիական փորձաքննական վարչության հանձնաժողովը, որը ամփոփում էր իրականացվելիք նախագծերի մասնագիտական ու անկախ փորձագետների եզրակացությունները... Զարմանք է հարուցում նաև այն, որ  ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքը տրվում է նրան, ում դիմումն առաջինն է գրանցվել:  Հետաքրքիր է, թե սա ի՞նչ հիմնավորում ունի և, եթե այդպիսի կարգ է սահմանվում, ապա ինչ իմաստ ունի  գրանցել երկրորդ և հաջորդ հայցվորների դիմումները: Հակամրցակցային այս դրույթը կարող է նաև` տեղիք տալ կոռուպցիայի: Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ոչ թե բնական պաշարների, այլ ժամկետանց սննդամթերքի` որը պետք է արագ վաճառել ... Հոդված  25. «Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, երբ հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող     ա) հողամասը հատկացված է գերեզմանի համար, բ) հողամասում գտնվում են բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ, գ) հողամասում գտնվում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ: Ընդերքօգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում կարող է իրականացվել ՀՀ բնապահպանական օրենսդրությամբ սահմանված կարգով»: Հոդվածը, փաստորեն, անտառներում հանքարդյունաբերության իրականացում է սահմանում: Այս հոդվածում առաջինը պետք է լիներ հետևյալը` Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է` երբ հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասը անտառածածկ է: Նոր օրենսգրքի նախագծի անընդունելի դրույթներից է ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման կարգը: 21-րդ հոդվածում ասվում է, որ «ընդերքօգտագործման իրավունքը փոխանցելի է», ինչը կարող է պայմաններ ստեղծել ընդերքի հարստություններն առք ու վաճառքի առարկա դառնալուն: Իսկ 23-րդ հոդվածի այն դրույթը, որ «ընդերքօգտագործման իրավունքը կարող է փոխանցվել ժառանգական կարգով», արդեն պարզ ու հասկանալի է. հանքավայրերին տիրացած և իշխանական լծակներ ունեցող պաշտոնյաներն իրենց դինաստիական իրավունքն են հիմնում: Առանձին անհատների-ընտանիքների շահերից է բխում նաև հետևյալ սահմանումը. «Ընդերքօգտագործողին ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված երկրաբանական տեղեկությունը չի կարող բացահայտվել առանց այդ ընդերքօգտագործողի համաձայնության... Երկրաբանական տեղեկության գաղտնիության բացահայտման դեպքում բացահայտողը ենթարկվում է պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով...» (հոդված 13): Փաստորեն, օրենսգրքում անհատներին արտոնվում է երկրաբանական ուսումնասիրություններ կատարել, գնահատել հանքանութի ծավալները, նրա մեջ օգտակար տարրերի քանակը, շահագործել և նշված տվյալների վրա էլ գաղտնիության կնիք դնել: Այսպիսի կարգը պետք է մերժվի միայն այն բանի համաար, որ ընդերքօգտագործողները, պետական չնչին հարկերը չմուծելու նպատակով թաքցնում են կորզած օգտակար տարրերի իրական տվյալները և այլ ապօրինություններ են գործում: Վերջին տարիներին հրապարակվել է ընդերքօգտագործողների կողմից տոննաներով ոսկու և արծաթի գողության փաստեր: Նաև` անհասկանալի է, թե ի՞նչ իրավունքով, ժողովրդի սեփականության մասին տեղեկությունը նույն ժողովրդից գաղտնի է պահվում: Հոդված 11. «ՀՀ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով»: Այս հոդվածը զավեշտական է: Քանզի ըստ գործող կարգի, հանքանյութը տնօրինում են ընդերքօգտագործողները, իսկ Հայաստանի Հանրապետությանը որպես սեփականություն մնում են հանքախորշերը, խախտված ու ավերված  (փաստորեն, գյուղատնտեսական նպատակով այլևս անօգտագործելի) տարածքներն ու հանքարդյունաբերական թափոնները, որոնք հազարամյակներ շարունակ ֆինանսական ծախսեր են պահանջելու: Այս սահմանումն ինչ որ չափով ճշմարտության մոտ կարող էր լինել, եթե ՀՀ կառավարությանը թույլատրվեր գոնե մեկ-երկու հանքավայր շահագործել: ՀՀ ընդերքի նոր օրենսգրքի ընդունումը ՀՀ կառավարությունը հիմնավորում է նրանով, որ իբր նոր օրենսգրքով կարգավորվում են ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման ընթացքում պետության և անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները: Սակայն այս օրենսգրքի նախագծի բովանդակությունից հասկացվում է, որ այն ոչ շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության հարցն է լուծու, ոչ էլ  պետության ու ժողովրդի շահերն է պաշտպանելու, այլ միտված է առանձին անհատների-ընտանիքների  շահերի պաշտպանությանը: Փաստորեն, գործադիր և օրենսդիր իշխանություններն այնպիսի օրենքներ են կազմում և ընդունում, որոնք ճանապարհ են հարթում համաժողովրդական ունեցվածքի կողոպուտի և պետության աղքատացման համար: Հայաստանի Հանրապետության գերակա խնդրիներից է` չափավորել հանքարդյունաբերությունը, պետությանը վերադարձնել ընդերքի ուսումնասիրության և շահագործման մենաշնորհը, արգելել մետաղների խտանյութերի արտահանումը, կառուցել մաքուր մետաղների և դրանց ուղեկցող թանկարժեք ու հազվագյուտ մետաղների ստացման ժամանակակից (էկոլոգիապես նախընտրելի) արտադրություններ: Ինչպես նաև` հանքարդյունաբերությամբ զբաղվողներից գանձել` իրենց արտադրած թափոնները, գլխավորապես, պոչանքը շրջակա միջավայրում տեղադրելու համար և նախագծերի-ծրագրերի իրականացման հետևանքով մեր երկրին հասցված տնտեսական վնասի գումարները,   այսինքն` հանքարդյունաբերությունը համապատասխանեցնել հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերին: Ամփոփելով ընդերքի նոր օրենսգրքի նախագծի ընդամենը մի քանի հոդվածների մասին ասած հակիրճ խոսքը, նշենք` - օրենսգիրքը չի կարգավորում հանքարդյունաբերական թափոնների խնդիրը, ավելին` հանքարդյունաբերության ամենավտանգավոր թափոնները` ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութերը և պոչանքները միտումնավոր, հարկումից խուսափելու նպատակով` քողարկված են «լցակույտեր» անվան տակ, - օրենսգրքում կարգավորված չէ հանքարդյունաբերության ոլորտը. անտեսված է գալիք սերունդների ընդերքի հարստություններից օգտվելու իրավունքը, - օրենսգրքում բացակայում է այն  հայեցակարգը, թե այժմ ո՞ր հանքա¬վայ¬րերը պետք է շահագործվեն, ո՞ր հանքավայրերը ընդհանրապես չի կարելի շահագործել, ո՞ր հանքավայրերը պետք է պահպանվեն սերունդների համար կամ առկա յուրաքանչյուր  հանածո հարստությունից տարեկան ի՞նչ քանակություն կարելի է օգտագործել: Չկա նաև այն սահմանումը, թե նույն հանքատեսակից տարեկան  ինչ չափաբաժին կարելի է օգտագործել: - օրենսգիրքը փաստորեն սահմանում է, որ անտառային տարածքներում կարելի է զբաղվել հանքարդյունաբերությամբ, - օրենսգիրքը հեշտացնում է հանքավայրին տիրանալու ընթացակարգը, - օտարերկրյա ընկերություններին ու անհատներին  երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու իրավունք է վերապահում, ինչը անթույլատրելի է` ազգային անվտանգության առումով, - օրենսգրքով սահմանված ընդերքօգտագործման իրավունքի  փոխանցելիությունը կարող է պայմաններ ստեղծել ընդերքի հարստություններն առք ու վաճառքի առարկա դառնալու համար, Ընդհանուր առմամբ, օրենսգիրքը բխում է առանձին անհատների շահերից և հակասում է ժողովրդի շահերին: Անհրաժեշտ է մերժել ՀՀ Ազգային ժողով ներկայացրած ընդերքի նոր օրենսգրքի նախագիծը և կազմել մի այնպիսի նախագիծ, որի դրույթները բխեն ոչ թե առանձին ընտանիքների, այլ հայ ժողովրդի շահերից: Օրենսգրքի նախագծի ստեղծման  աշխատանքներում չպետք է ընդգրկվեն իշխանական լծակներ ունեցող և հանքավայրերի շահագործման իրավունք ստացած անձիք, ինչպես նաև օրենսգրքի վերամշակման գործում պետք է բացառվի միջազգային կազմակերպությունների, ուրիշ պետությունների և շահագրգիռ անձանց կողմից առաջարկվող դրամաշնորհները: Օրենսգրքի նոր նախագիծը պետք է կարգավորի հանքարդյունաբերական բոլոր թափոնները և դրանք պետքէ հարկային դաշտ բերի: Առանձին հոդվածներով պետք է կարգավորվեն ամենավտանգավոր թափոնների` պոչանքների խնդիը: Պետք է արտացոլված լինի պոչամբարների տեղի ընտրության, նախագծման, շահագործման, փակման հետ կապված պահանջները (Այժմ պոչամբարները տեղադրվում են շահագործվող հանքավայրերի տարածքում կամ հարևանությամբ և հոգ չի տարվում դրանց հնարավորինս կենտրոնացման ուղղությամբ: Հայտնի է, որ պոչանքները ծայր աստիճան վտանգավոր են կենդանի աշխարհի համար և պոչամբարների պահպանությունը հազարավոր տարիներ շարունակ պետությունից ֆինանսական հատկացումներ է պահանջելու): Նկատի ունենալով առկա պոչամբարների աղետալի վիճակը և համայնքներին հասցվող առողջական ու նյութական վնասները, նոր օրենսգրքում պետք է ամրագրվեն այնպիսի դրույթներ, որոնց միջոցով հնարավոր լինի պոչամբարները հնարավորինս հուսալի մեկուսացնել շրջակա միջավայրից, հատուցել բնակչության առողջության ու արժանապատվությանը հասցրած վնասը, ինչպես նաև զբաղեցրած և աղտոտված հողերին հասցրած վնասը հատուցելու համար համայնքներին իրատեսական հատկացումներ կատարվեն: Նաև` բնությանն ու մարդու առողջությանն ու կյանքին հասցրած վնասների դեպքում` պետական լիազորված համապատասխան պաշտոնյաներն ու հանքարդյունաբերություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն... Օտարերկրյա ընկերություններին ու անհատներին չպետք է թույլատրվի ՀՀ-ում   երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել, այդ իրավունքը պետք է վերապահվի միայն ՀՀ կառավարությանը: Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք պետք է տրվի ոչ թե ընկերություններին ու անձանց (այժմ հանքարդյունաբերությամբ զբաղվում են հիմնականում օտարերկրյա ընկերությունները, որոնք «ներդրումներ» կատարելով տիրանում են հայ ժողովրդի հարստություններին), այլ` համայնքներին և ՀՀ քաղաքացիներով ձևավորված միություններին, այն էլ բաց բաժնետիրականի սկզբունքով (ՀՀ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները փակ բաժնետիրականի կարգավիճակ ունեն, ինչը պայմաններ է ստեղծում այդ ոլորտում առկա չարաշահումներին), իսկ բաժնետոմսերի 51 և ավելի տոկոսները պետք է պատկանեն պետությանը, Պետք է կարգավորվեն` հանքահանման-հանքավերամշակման ընթացքում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, բոլոր օգտակար տարրերի արդյունավետ ու լիարժեք կորզումը ... -  ընդերքօգտագործման իրավունքի  փոխանցումը պետք է հասկացվի`      այն պետությանը վերադարձնելը և մերժվի դրա ժառանգական կարգով փոխանցումը, - անտառածածկ տարածքներում պետք է արգելվի հանքարդյունաբերություն իրականացնելը, հանքարդյունաբերությունը պետք է արգելվի նաև ջրագոյացման, ջրաբաշխման բնական համակարգերում և գյուղատնտեսական հատուկ նշանակություն ունեցող տարածքներում, - հանքարդյունաբերության ոլորտում պետք է սահմանափակումներ լինեն. պետք է հստակ սահմանվի, թե այժմ ո՞ր հանքա¬վայ¬րերը պետք է շահագործվեն, ո՞ր հանքավայրերը ընդհանրապես չի կարելի շահագործել, ո՞ր հանքավայրերը պետք է պահպանվեն սերունդների համար կամ առկա յուրաքանչյուր  հանածո հարստությունից տարեկան ի՞նչ քանակություն կարելի է օգտագործել, նաև` պոչամբարներում առկա օգտակար տարրերի կորզումը կկանխի նոր հանքավայրերի շահագորխումը, - պետք է կասեցվի ընդերքօգտագործման թույլտվության արագ ընթացակարգը, ընդերքօգտագործումը պետք է հարմարեցվի ժողովրդի ու պետության շահերին, երբ այժմ վարվող  քաղաքականությամբ` մի քանի ընտանիքների հարստացնելով մարդկանցից խլվում է սեփական երկրում ապրելու իրավունքը: Հակոբ Սանասարյան՝ Հայաստանի կանաչների միության նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter