HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ի որոշումը` Դարանակի ընտրությունների վերաբերյալ

Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարեց հերթական նիստ` օրակարգում ունենալով Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հարցը: Դարանակ համայնքում Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ փետրվարի 27-ին նշանակվել էին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հերթական ընտրություններ: ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում թեկնածուներ չառաջադրվելու պատճառով նշանակվել էր նոր ընտրություն, քվեարկության օրը` մարտի 6-ին: Քվեաթերթիկները տպագրելու նպատակով թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 10 օր առաջ` փետրվարի 24-ին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վարդենիսի խմբից ստացել էր տեղեկանք այն մասին, որ Դարանակ համայնքի ընտրողների թիվը 122-ն է: Ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի պահանջներով` պատվիրվել էր 124 քվեաթերթիկ համայնքի ղեկավարի և 124 քվեաթերթիկ համայնքի ավագանու անդամների ընտրությունների համար (ընտրողների թվից մինչև 3% ավելի քանակով): Քվեարկության օրվանից 2 օր առաջ` մարտի 4-ին, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվել էին համայնքի ընտրողների վերջնական ցուցակները, ինչից պարզվել էր, որ համայնքի ընտրողների թիվն ավելացել է 59-ով (50%-ով) և կազմել 181: Մարտի 6-ին` ժամը 8:00-ից, սկսվել էր քվեարկությունը, իսկ ժամը 12:00-ին քվեարկությունը դադարել էր քվեաթերթիկները սպառվելու պատճառով, ինչի մասին տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմել էր արձանագրություն: Ղեկավարվելով Ընտրական օրենսգրքով և հաշվի առնելով, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի էին ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա (քվեաթերթիկների բացակայության պատճառով ընտրողների մի մասը հնարավորություն չէր ունեցել իրացնելու ընտրելու իրավունքը)` թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները ճանաչեց անվավեր և մարտի 27-ին թեկնածուների նույն կազմով նշանակեց վերաքվեարկություն: Գիտակցելով, որ վերաքվեարկություն նշանակելով` Դարանակ համայնքի ընտրությունների հետ կապված խնդիրը չի լուծվում, քանի որ կազմվելու են ընտրողների նույն կամ մոտավորապես նույն ցուցակները (ցուցակներին լիազոր մարմինն այլ լուծում տալ չի կարող), իսկ դրանցում ընտրողների թիվն արհեստականորեն մեծացվել է այլ համայնքներից Դարանակում ընտրողներ հաշվառելու միջոցով, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2009թ. մայիսի 8-ի ՍԴՈ-803 որոշումը, նպատակ ունենալով ապահովել համայնքի բնակիչների` ընտրովի մարմինների միջոցով տեղական ինքնակառավարում իրականացնելու իրավունքը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում ընդունեց սահմանել, որ Դարանակ համայնքի մարտի 27-ի վերաքվեարկության համար լիազոր մարմնի կողմից կազմվող ընտրողների ցուցակում կարող են ընդգրկվել և մարտի 27-ի քվեարկություններին մասնակցել միայն մինչև նոր ընտրությունների նշանակումը` փետրվարի 10-ը, Դարանակ համայնքում հաշվառված քաղաքացիները: Այս կետի դրույթները չեն տարածվում այն քաղաքացիների վրա, ովքեր Դարանակ համայնքում հաշվառվել են ամուսնության, պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվելու կամ այդ համայնքում անշարժ գույք ձեռք բերելու հիմքերով: Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter