HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մ.Բարոզո. «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը»

Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են առևտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաև կառուցվածքային և վարչական կարողությունների ուժեղացմանը։ Նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն` վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։ Բարոզոն նաև նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ «ՀՀ վարչապետի հետ այս հարցերը քննարկելուց հետո տպավորություն ստացա, որ մեր հայ բարեկամները դրանք ևս գերակա են համարում, ինչը կարևոր է գորածարար ու ներդրումային ոլորտների զարգացման համար»,- նշել է ԵՀ նախագահը։ Նրա խոսքով` ԵՀ-ն աջակցություն է հայտնում ՀՀ-ին տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում` տրամադրելով նաև խորհրդատվական աջակցություն։ «Կարևոր է, անշուշտ, որ իր հանձնառությունները հարգի Հայաստանը, քանի որ հարաբերություններն ավելի խորացնելու և ժողովրդավարական բարեփոխումներն առաջ տանելու անհրաժեշտություն կա»,- ասել է նա։ «Ինչ վերաբերում է տեղաշարժի հարցին, մեր գործընկեր երկրների, նաև Հայաստանի հետ, ես հաճույքով հայտարարում եմ, որ սկսելու ենք բանակցությունները վիզային ռեժիմի հեշտացման ուղղությամբ։ Եվ դա ավելի կդյուրացնի հայաստանցիների ճանապարհորդությունը մեր տարածքներով»,- տեղեկացրել է Բարոզոն։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր։ «ԵՄ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը հիմնված է լինելու ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա։ Մենք մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող բախումների առնչությամբ։ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և շարունակում է տարածաշրջանային գործունեությունը զարգացնել` բարիդրացիական հարաբերությունների ‎համատեքստում»,- նշել է ԵՀ նախագահը։ Ըստ նրա` ԵՄ-ն շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը։ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ իրենք շարունակում են քաջալերել գործընթացը, որպեսզի հասնեն այդ պատմական իրադարձության կատարմանը։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում ԵՄ-ն հարևան Հայաստանի հետ փակ սահման ունեցող Թուրքիայի` եվրոպական ընտանիքի անդամ դառնալու նկրտումներին, Բարոզոն պատասխանել է. «Հաշվի առնելով տնտեսական բլոկադան և փակ սահմանները երկու երկրների միջև` մենք, անշուշտ, քննարկում ենք Թուրքիայի հետ այս հարցը։ Թուրքիան և Հայաստանը պետք է աշխատեն գործընկերության ոգով և երկխոսության միջոցով հաղթահարեն դժվարությունները։ ԵՄ-ն ցանկանում է տեսնել ընդհանուր հարևանության մեջ հարաբերություններ, որոնք ավելի կայուն և կառուցողական կլինեն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter