HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Նահանջ առանց երգի կամ փոփոխությունների նոր պատրանք

Նախագահ Սերժ Սարգսյանի վեջին հրապարակային գործունեությունն արձագանք է երկրում շատ կտրուկ փոփոխություններ ձեռնարկելու արդեն բյուրեղացող հասարակական պահանջներին, ինչպես նաեւ դրանց քաղաքական ենթատեքստ ու բովանդակություն հաղորդող Հայ ազգային կոնգրեսի առաջադրած պայմաններին: Ձեռնարկված PR արշավը նպատակ ունի հարվածելու հասարակության համար ամենախոցելի եւ ամենամեծ տարակուսակնքների, հիասթափությունների տեղիք տվող թիրախներին` սոցիալ կենցաղային վատթարացող պայմաններին` կապված արձանագրվող ու ոչ մի կերպ չկանխվող գնաճի բարձր տեմպերի հետ եւ արդարության ապահովման ու իրավական պաշտպանության խաթարված համակարգին` կապված իրավապահ, հատկապես ոստիկանության, դատաիրավական մարմինների անարդյունավետ ու վստահություն չներշնչող գործունեության հետ: Մասնավորապես` Կառավարության ֆինանսատնտեսական բլոկի պետական մարմինների ղեկավարների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ նախագահը հայտարարեց. «Ինքս եմ պարբերաբար գնալու գյուղ, զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով եւ ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու: Այդ ծրագրերի արդյունքները պետք է երեւան: Գյուղացին պետք է տեսնի, որ ինքը մենակ չէ»: Նույն մոտեցումը նա դրսեւորեց նաեւ Ոստիկանության կոլեգիայի նիստում. «Ես պատրաստվում եմ շատ ավելի ակտիվորեն մասնակցել ոստիկանական համակարգի փոփոխությունների գործընթացին…»: Այլ կերպ ասած` նախագահն անուղղակիորեն հասկացնում է, որ այս երկու ուղղություններով հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը վերցնում է անձամբ իր վրա: Ընդ որում` նախագահը ցույց է տալիս, որ կիսում է Կառավարության գործունեությունից հասարակության ակնհայտ դժգոհությունը: Իր մոտ հրավիրած խորհրդակցության ժամանակ նա նրբորեն հասկացրեց, որ չի կիսում ոչ տեղական արտադրության ապագայի եւ ոչ էլ գնաճը զսպելու մեխանիզմների հարցում վարչապետ Տիգրան Սարգսյանի ունեցած ու կենսագործվող պատկերացումները: «Դրամի արժեւորումը տնտեսության եւ ներքին արտադրողի համար անբարենպաստ եւ անընդունելի երեւույթ է և, իմ կարծիքով, այդպիսի երեւույթները մեզ տեւական ժամանակ խանգարել են,- ասում է նախագահը եւ ավելացնում,- մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որեւէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում: Ես սա շատ նորմալ եմ համարում եւ բարենպաստ մեր տնտեսվարողների եւ, առաջին հերթին, արտահանողների համար»: Նախագահի այս հայտարարությունները հնչեցին մարտի 17-ին կայանալիք ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի նախաշեմին: Որպես այդպիսին` Սերժ Սարգսյանի կողմից նոր առաջնահերթություններ ու կոնկրետ արդյունքների ակնկալիքներ սահմանելն առաջին հերթին անուղղակի արձագանք էր Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ին իշխանությանը ներկայացրած պահանջներին: Իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ երկրի ղեկավարը հրապարակավ անուղղակի պատրաստակամություն հայտնեց ընդդիմության հետ երկխոսությունն մեջ մտնել: «Մենք պատրաստ ենք լսել քննադատություններ, առաջարկություններ, միայն թե այդ քննադատությունը եւ առաջարկություններն ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծմանը, իրատեսական լինեն, կյանքում օգտագործելի լինեն…»,- ասաց Սերժ Սարգսյանը, ով ընդամենը երեք ամիս առաջ նույն ընդդիմությանը մեղադրում էր ապակառուցողականության մեջ: Ակնհայտ է, որ իշխանությունն այսպիսով գնում է զիջումների: Ու չնայած դա տեղի է ունենում ընդդիմության ու հանրային ճնշման ներքո, իշխանությունը փորձում է տպավորություն թողնել, թե դա պայմանավորված է ոչ թե ընդդիմության առաջադրած կոնկրետ 15 պահանջներով, այլ փոփոխությունների սեփական օրակարգն առաջ քաշելու մարտավարությամբ: «Մենք շարունակելու ենք փոփոխությունները. նոր զարգացումներ են լինելու ոստիկանությունում, դատաիրավական, մաքսային, հարկային համակարգերում, եւ այդ փոփոխություններն ի վերջո բերելու են նրան, որ քաղաքական մեծ կամպանիաների` ընտրությունների ժամանակ ժողովուրդը կարողանա կողմնորոշվել, թե ում է քվե տալիս»: Ընդ որում` այս նախաձեռնությունը ցուցաբերելով` նախագահը նաեւ անուղղակիորեն ժամանակ է խնդրում հասարակությունից. «Մեր ժողովուրդն արդեն մայիս-հունիս ամիսներից սկսած պետք է զգա իր կենցաղային հոգսերի թեթեւացում, մարդիկ պետք է տեսնեն, որ սննդի եւ հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները վերադառնում են իրենց աչքին սովոր մակարդակին»: Ու քանի որ ինքն էլ անմիջական պատասխանատվություն է ստանձնում դրված խնդիրները լուծելու հարցում, Սերժ Սարգսյանը փաստացի գնում է իր իսկ մանեւրելու հնարավորությունների սահմանափակմանը: Իշխանության հետագա ձախողումների, նոր ձեռնարկումների արդյունքների հնարավոր բացակայության համար նախագահն անմիջական պատասխանատվություն է վերցնում իր վրա: սա չափազանց մեծ բեռ է, եւ ակնհայտ է, որ եթե վախենալու, ոչինչ չունենար, նման հուսահատ քայլի իշխանությունը երբեք չէր գնա: Ամեն դեպքում, նախագահի վերջին հայտարարությունը նոր իրավիճակ է ստեղծում երկրի ներաղաքական դաշտում: Հիմա Հայ ազգային կոնգրեսը պետք է հստակեցնի` տալի՞ս է նախագահին իր ակնկալած ժամկետները, թե՞, այնուամենայնիվ, պնդում է իր առաջադրած օրակարգը, այսինքն ներկայարած 15 պահանջների կատարումը: Սա ընդդիմությանը կողմնորոշելու եւ մարտավարությունը ճշգրտելու խնդրի առաջ է կանգնեցնում: Եթե ՀԱԿ-ը չի ընդունում իշխանության անուղղակի առաջարկները, ապա ակամա հայտնվում է ապակառուցողական դաշտում եւ երկխոսության համար մեկնված ձեռքը մերժողի դերում: Իսկ եթե ընդունում է ու տալիս է փոփոխություններ կատարելու ժամանակ, հիասթափեցնում է այն լայն զանգվածներին, ովքեր ՀԱԿ-ի հանրահավաքներին գալիս են արագ ու միանշանակ փոփոխությունների հասնելու ակնկալիքով: Վերջինիս դեպքում ՀԱԿ-ը հայտնվելու է գրեթե ինքնաբերաբար ձեւավորված եւ նրա տրամադրության տակ հայտնված էլեկտորատը կորցնելու վտանգի առջեւ: Համենայնդեպս, չափազանց դժվար կլինի նույնչափ «տաք» վիճակում պահել զանգվածներին: Հերթական անգամ իշխանությանը հնարավորություն ու ժամկետներ տալը կարող է այլեւս չներվել ՀԱԿ-ին, որին նաեւ կարող են մեղադրել իշխանության հետ սեպարատ համաձայնությունների ձեռք բերելու մեջ: Եթե Կոնգրեսը ընդառաջ գնա իշխանությանը, մյուս երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը` «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն, անպայման կփորձեն հենց այս տեսանկյունից ներկայացնել իրավիճակը` եւ ՀԱԿ-ից խլել թե նրա ընտրազանգվածի մի մասը, թե նախաձեռնողականությունը: Նրանք, իհարկե, չունեն ՀԱԿ-ի ռեսուրսները եւ չեն կարող ընկալվել որպես իրական այլընտրանքային ուժեր, սակայն հնարավորություն կստանան որոշակիորեն վերականգնել դիրքրեը, ինչը աստիճանաբար կորցնում էին ՀԱԿ-ի ակտիվացմանը զուգընթաց: Հենց այս համատեքստում պետք է դիտարկել անժամկետ հացադուլ սկսելու «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` թվում է թե որեւէ տրամաբանության չենթարկվող քայլը, ինչպես նաեւ բուն «Ժառանգության» վերջին շրջանի ակտիվ աշխատանքները փողոցում առանձին-առանձին պայքար ծավալող սոցիալական տարբեր խմբերի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter