HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

«Իջեւանի մարգարտի» չիրացված հնարավորությունները

Իջեւանի ծայրամասում, Աղստեւ գետի աջ ափն գտնվում է Իջեւանի դենդրոպարկը: Դենդրոպարկ լատիներենից թագմանաբար նշանակում է ծառայգի: Այն հիմնվել է շուրջ կես դար առաջ` 1962թ.: Այգին հիմնել է Հայգիտանտառփորձկայանը` ի դեմս տնօրեն Մուշեղ Հախինյանի եւ ավագ գիտաշխատող Գրիգոր Ադամյանցի: Նրանց հետ աշխատում էր կենսաբանական գիտությունների թեկնածու Լյուդվիգ Սայադյանը: Վերջինս 1962-2001թթ. աշխատել է դենդրոպարկում, դրանից 27 տարին` որպես տնօրեն: 10 տարի առաջ կյանքից հեռացած Լյուդվիգ Սայադյանի որդին` 53-ամյա Մեխակն Իջեւանի դենդրոպարկը ղեկավարում է 1989 թվականից: Նրա հետ շրջում եմ դենդրոպարկի տարածքում: Հիրավի դրախտային վայր է այն: Այգում գերակշռում են Չինաստանից, Ճապոնիայից եւ Հյուսիսային Ամերիկայից ներկրված ծառերն ու թփատեսակները: Իջեւան այցելող տուրիստներին, արտասահմանյան պաշտոնատարներին, որպես տեսարժան վայր, անպայման դենդրոպարկ են ուղեկցում: Մերձարեւադարձային այս շքեղ այգին ցանկապատված է անասունների ներթափանցումից, սակայն զերծ չի մնում մարդկանց ոտնձգություններից: Մեխակը ցույց է տալիս ծառայգու «զարդ» կալիֆոռնիական հսկա սեկվոյայի բունը: «Հսկա այս ծառի բունը շատ փափուկ է, շատերը դա «ստուգում» են, ձեռքի ուժեղ հարվածներով «փորձարկում», այդ պատճառով ծառը կարող է չորանալ»,- ցավով ասում է դենդրոպարկի տնօրենը: Այգում յուրաքանչյուր ծառի եւ թփի վրա դրա անվանումով  ցուցանակ կա, որոնց վրա հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով գրված են բույսերի անունները, դրանց հայրենիքը: Տեսնում ենք, որ ճապոնական երկբլթականի գինկգոյի ցուցանակը մեջտեղից ջարդած է: Ո՞ր այցելուին է «խանգարել» այդ պիտակը... Մեխակ Սայադյանը պատմում է, որ Ճապոնիայում գինկգոյին սիրո ծառ են անվանում. առասպելի համաձայն այդ ծառի տակ եթե սեր են խոստովանում, այն հավերժ է լինում: Իրականում այդ ծառը յուրահատուկ է նրանով, որ այլ ծառերի նման ոչ թե ծաղկափոշիով է բազմանում, այլ կենդանիների պես` պերմատազոիդով: Մեխակ Սայադյանը հպարտությամբ ցուցադրում է աշխարհում արջատխլենու միակ ծառուղին: Դենդրոպարկում 626 տեսակի ծառ ու թուփ կա: Այստեղ քիչ չեն հազվագյուտ, Կարմիր գրքում գրանցված տեսակները: Ծառայգին կարելի է համեմատել կանաչ սիմֆոնիայի հետ, որի «առաջին ձայնը նվագում են» հիմալայան մայրիները: Տնօրենի հետ մտնում ենք գրասենյակ: Այստեղ դենդրոլոգ Եղիա Սայադյանը (Մեխակի եղբայրը) եւ 2 բանվորը կտրոններ են պատրաստում: Գրասենյակը Խորհրդային Միության փլուզումից հետո չի նորոգվել: Այն շատ անշուք տեսք ունի: 14.5 հա տարածք ունեցող դենդրոպարկն ունի ընդամենը 7 աշխատող` տնօրեն, դենդրոլոգ, 3 պահակ եւ 2 բանվոր: Պետական ոչ առեւտրային այս կազմակերպությունում աշխատավարձերը ցածր են` դենդրոլոգն ամսական 38 հազար(«մաքուր»`36 հազար) դրամ է ստանում, բանվորներն ու պահակները` հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձի չափով: Դենդրոպարկի տնօրենը շեշտում է կոլեկտիվի աշխատանքային նվիրվածությունը: 2003թ. Աղստեւի աննախադեպ վարարման հետեւանքով առաջացած ջրհեղեղը այգուն մեծ վնասներ պատճառեց: 2004-ին եւս բնությունը տհաճ անակնկալ պատճառեց. փոթորկից տապալվեց 70 հազվագյուտ ծառատեսակ: Ամեն տարի, գարնանային հեղեղումներից հետո դենդրոպարկի աշխատողները Աղստեւից սնվող ոռոգման առվի գլխամասի նորոգումներ են կատարում: Դենդրոպարկը կարիք ունի ժամանակակից ոռոգման համակարգի: Իջեւանի ծառայգին  15 տեսակի գեղազարդ, տարվա տարբեր ամիսներին ծաղկող թփերի եւ տարբեր ծառատեսակների` հացենու, թխկենու, ընկուզնու, ձիակասկենու եւ այլ տնկիներ է վաճառում: Տնկիների գինը, կախված դրանց տեսակից եւ տարիքից, 100-ից մինչեւ 5-10 հազար դրամ է: Այդ գումարներն փոխանցում են բնապահպանության նախարարության համապատասխան հաշվին: Մեխակ Սայադյանն ասում է, որ մարզի համայնքները իրենց տարածքներում կանաչապատման աշխատանքներ գրեթե չեն կատարում, այդ պատճառով չեն օգտվում դենդրոպարկի տնկանյութից: Տնկանյութի համար դիմում եմ հիմնականում անհատները:  Առավել պահանջարկ ունեն տոսախը (սամսիտ) եւ սյունաձեւ թյուան: «Իջեւանի դենդրոպարկի» տնօրեն Մեխակ Սայադյանն ասում է, որ կարող են դենդրոպարկում, ծառերի տակ թաղարային բույսերի արտադրություն կազմակերպել: Իջեւանի մերձարեւադարձային, կիսաչորային կլիման այդ հնարավորությունն ընձեռում է: Դա կարեւոր գործ կլինի, քանզի ներկայումս թաղարային բույսերը ծաղկամաններով արտասահմանից են ներկրվում, արտարժույթն էլ մեր երկրից դուրս է գալիս: «Սա մեր ժողովրդինն է, ոչ հերս է իր հետ տարել, ոչ էլ ես պիտի տանեմ, նպատակս այստեղ բնապահպանական դաստիարակության կենտրոն ստեղծելն է»,- ասում է Մեխակը: Եվ պարզաբանում է, որ դրա համար հարկավոր է կառուցել ժամանակակից գրասենյակ, այնտեղ կահավորել լսարան-դասասենյակներ, եւ մի քանի հյուրանոցային համարներ` դասախոսության մասնակիցներին հյուրընկալելու համար, ինչպես նաեւ` դենդրոպարկում կառուցել ջերմոցային տնտեսություն, գեղեցիկ լճակներ: Նա բացառում է դենդրոպարկի տարածքում սննդի օբյեկտի շինարարությունը: Անցյալ տարի Մեխակ Սայադյանը 1000 օրինակով հրատարակեց «Բուսատեսակների հավաքածու, Իջեւանի մերձարեւադարձային դենդրոլոգիական պարկ (ծառայգի) գիրքը, ուր դենդրոպարկի ստեղծման պատմությունն է, այգու նվիրյալների մասին տեղեկատվություն եւ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով տեղեկատվություն այգում առկա 626 տեսակ ծառերի եւ թփերի մասին: Գրքի հրատարակության համար Իջեւանու ավագանու որոշմամբ համայնքի բյուջեից 500 հազար դրամ  հատկացվեց, սակայն ավագանի-քաղաքապետ լարված հարաբերությունների պատճառով Մեխակ Սայադյանը հրաժարվել է այդ գումարից եւ գրքի տպագրության ամբողջ ծախսը` 2.5 միլիոն դրամ, կատարել իր միջոցներից: Նա 300 հատը վաճառել է, նաեւ այդ տպաքանակից գրքեր նվիրել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղին, ուր գործում է բնագիտության ֆակուլտետի անտառապուրակային բաժին, նաեւ գրքեր նվիրել դենդորապարկ այցելող օտարերկրյա հյուրերին: Այժմ Մ. Սայադյանը հրատարակության է պատրաստում իր երկրորդ «Օգտակար խորհուրդներ կանաչապատողներին» հանրամատչելի գիրքը, ուր պարզ ձեւով ներկայացված են կանաչապատման հետ կապված բոլոր գործոնները: Դենդորապարկ այցելությանս ընթացքում ականաես եղա, թե ինչպես այգու աշխատակիցները նախապատրաստվում են գարնանային սեզոնին. առուները փորված էին, տնկիները տեղափոխվում էին հետագա աճի համար նախատեսված տարածք, որը մասնագիտական տերմինով կոչվում է «դպրոցական հողամաս»: «Իջեւանի դենդրոպարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մեխակ Սայադյանը տեղեկացնում  է, որ անցյալ տարի պատրաստել են 20 հազար կտրոն, իսկ ընդհանուր առմամբ դենդրոպարկն այժմ կարող է իրացնել 30 հազար տնկի: «Լավ է, որ դենդրոպարկը եւ հատուկ պահպանվող մյուս տարածքները մնացել են բնապահպանության նախարարության կազմում,- ասում է Մեխակ Սայադյանը: Նա համոզված է, որ այդ կերպ դրանք զերծ են մնացել սեփականաշնորհման կամ ապօրինի կառուցապատման նկրտումներից: Այգին 90-ական թվականներին դիմացավ ծանր փորձությունների, դժվարին իրավիճակի հետեւանքով հեռացան շատ մասնագետներ, 1995-99թթ աշխատակիցները նույնիսկ աշխատավարձ չստացան: Սակայն հիմա ակնհայտ են չիրացված հնարավորությունները: Իջեւանի մարգարիտը` դենդրոպարկը, մեծ դեր կարող է ունենալ Հայաստանը կանաչազարդ երկրի վերածելու գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter