HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկապարտեզ՝ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում

Մանկապարտեզի կառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի երրորդ ծրագիրն է Դրախտիկ գյուղում: Այս ձեռնարկը համաֆինանսավորում են Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը եւ ԼՂՀ կառավարությունը: Խորհրդային տարիներին գործող մանկապարտեզը պատերազմի ժամանակ վերածվել էր շտաբի: Այսօր այն չի կարող ծառայել մանուկներին ու օգտագործվում է որպես համայնքի վարչական գրասենյակ: Նախադպրոցական տարիքի երեխաները, որոնց թիվը գյուղում հասնում է քսանի, դպրոցին պատրաստվելու անհրաժեշտությունից ելնելով` ներկայումս հյուրընկալվում են նորակառույց դպրոցում հատկացված մեկ դասասենյակում, որը միայն երեխաների կրթական նպատակներին է ծառայում: Իսկ գյուղի կրտսեր տարիքի ավելի քան 15 երեխաներն ընդհանրապես մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունեն: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2010թ. օգոստոս ամսին: Ընթացքում են երկրորդ հարկի կառուցման աշխատանքները: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար: Այն կունենա տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված առանձին ննջասենյակներ ու խաղասենյակներ, ինչպես նաեւ մարմնամարզության ու երաժշտական պարապմունքների դասասենյակներ: Նորակառույցում կտեղադրվեն ջեռուցման, օդափոխության ու հակահրդեհային համակարգեր: Խոհանոցը, լվացքատունը, բուժկետն ու սանհանգույցները ապահովված կլինեն կենցաղային տեխնիկայով ու պարագաներով: Երեխաների ժամանցը հնարավոր կլինի նաեւ կազմակերպել նաեւ բացօթյա խաղահրապարակում: «Գյուղացու կյանքի պայմանների բարելավումը, վստահ եմ, գյուղացուն կկապի իր հողի հետ, իսկ մենատնտեսության զարգացումը կբերի մեր ընդհանուր տնտեսության վիճակի բարելավմանը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Մանկապարտեզի կառուցումը «Հայաստան» հիմնադրամի միակ ծրագիրը չէ Դրախտիկում. նրա ջանքերով համայնքն ապահովվել է խմելու ջրով, իսկ նվիրաբերված գյուղտեխնիկան օգնում է գյուղացիներին ավելի մեծ արդյունք ստանալ իր հողից»,- նշում է Դրախտիկի գյուղապետ Նորայր Դավթյանը: Այցերից մեկի ժամանակ զրուցեցինք Դրախտիկի երիտասարդ մայրերից մեկի հետ, ով իր ուրախությունը հայտնելով մանկապարտեզի կառուցման կապակցությամբ, ասաց, որ նոր մանկապարտեզին երկար են սպասել: «Գյուղի աշխատանքը ծանր է, իսկ գյուղացին մեծ մասամբ դաշտերում է լինում: Հիմա արդեն ավելի հանգիստ կլինենք, որ մեր երեխաները հսկողության տակ են եւ դեռ մի բան էլ սովորում են»: «Մեր մանուկներն արժանի են, որ կրթվեն ու դաստիարակվեն այն պայմաններում, ինչպիսիք կան Ֆրանսիայում կամ Եվրոպայի այլ երկրներում: 10 տարուց ավել է, ինչ ֆրանսահայ համայնքն իր միջոցներով օգնում է կառուցել, վերակառուցել ու կահավորել Հայաստանի ու Արցախի դպրոցներն ու մանկապարտեզները»,- իր գոհունակությունն է հայտնում Հիմնադրամի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter