«Այս հակաեղևնային քաղաքականությունն այլևս ընդունելի չէ»
Գյումրու ՀԿ-ների հայտարարությունը` Վարդանանց հրապարակի և Արագած ճեմափողոցի վերաբերյալ
ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա.Գևորգյանին
ՀՀ Քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանին
ՀՀ Շիրակի մարզպետ Ա.Գիզիրյանին
Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանին
Սույն հայտարարությունը կազմվել է Գյումրիում 2011թ. մարտի 11-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետի, քաղաքապետի գլխավոր խորհրդականի, քաղաքաշինության բաժնի պետի և գլխավոր դենդրոլոգի հետ հանրային քննարկում անցկացնելուց հետո:
Շարունակելով Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը, խախտելով քաղաքաշինական և բնապահպանական բազմաթիվ նորմեր` քաղաքային իշխանությունները, ըստ էության, արհամարհում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ հողային օրենսգրքի, Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի ու գոտիավորման նախագծի պահանջները:
Գյումրու Վարդանանց հրապարակը (նախկին Ազատության, Կենտրոնական, Օգոստոսի 23-ի), որը, ըստ գոտիավորման նախագծի, նախատեսված էր որպես կանաչ հրապարակ, 2008թ. պատվեց քարե գորգով, և դա քաղաքային բյուջեից խլեց ավելի քան 180 մլն դրամ (ավելի քան կես միլիոն դոլար):
Չերազի և Սպանդարյան փողոցները հրապարակին հարող հատվածում իրար միացնող մոտ 80 մ ճանապարհահատվածի կառուցման համար ծախսվեց 52 մլն դրամ, և հատվեցին ավելի քան 40 ծառ և թուփ:
Վերջինիս հարևանությամբ` հրապարակի և այդ փողոցի արանքում թողնված կանաչ կղզյակը, որը բաղկացած է ութ եղևնուց, այսօր գտնվում է քաղաքային իշխանությունների քաղաքաշինական հետաքրքրությունների էպիկենտրոնում. դրանք քաղաքապետարանը նախատեսում է տեղափոխել, այնինչ ըստ քաղաքապետարանի գլխավոր դենդրոլոգի` տեղափոխելուց հետո նոր վայրում դրանց աճելու հավանականությունը շատ փոքր է:
Ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի հիմնավորման` իբր, քանի որ այդ եղևնիները կորցրել են իրենց էսթետիկական տեսքը, փակում են ճարտարապետական մեծ արժեք ունեցող շենքերի ճակատները և թույլ չեն տալիս ամբողջացնել հրապարակի անսամբլը, ուրեմն ենթակա են տեղափոխման և ցածր թփերով ու ծաղիկներով փոխարինման:
2007 թվականի հոկտեմբերից դեռևս թարմ են Գյումրու Անկախության հրապարակի յոթ եղևնու հատումն ու դրանց փոխարեն գնդաձև ակացիներ տնկելու ավագանու` մինչ օրս չիրականացված որոշման մասին հուշերը:
Կարծես ողջ Գյումրիում չկա ավելի կարևոր մեկ այլ քաղաքաշինական խնդիր, և քաղաքային բյուջեն այնքան մեծ հնարավորություններ ունի, որ քաղաքային իշխանությունները սրտանց կենտրոնացել են միայն ծառերի տեղափոխման վրա, երբ դրանցից յուրաքանչյուրի տեղափոխման ծախսը, ըստ «Լանդշաֆտ դիզայն» ՍՊԸ-ի կատարած նախահաշվի, կազմում է 313 714 դրամ:
Վերը նշված հակաեղևնային քաղաքականության հաջորդ զոհերը Վարդանանց հրապարակի «Կումայրի» հյուրանոցի դիմացի տասներկու և Գյումրու Արագած ճեմափողոցի ինն եղևնիներն են, որոնք, իբր թե «խաթարում են» հրապարակի և ճեմափողոցի քաղաքաշինական տեսքն ու ենթակա են տեղափոխման:
Պետք է նշել, որ անցյալ տարիների ընթացքում Արագած ճեմափողոցին հարող տարածքները, ճեմափողոցի` նախկին չափերից նեղացնելու հաշվին, ենթարկվել են այնպիսի հետևողական ու անճաշակ կառուցապատման, որ այսօր այն ճեմափողոց կոչելու և բարեկարգելու մասին խոսելը գրեթե ավելորդ է:
2010թ. հասարակության ջանքերով հազիվ դադարեցվեց Արագած ճեմափողոցի կանաչ տարածքում իրականացվող շինարարությունը, և չնայած ՀՀ բոլոր մակարդակների պատասխանատու պաշտոնյաներին հղված բողոքներին` մինչ օրս էլ այդ հարցը չի ստացել իր վերջնական լուծումը, և ըստ Գյումրու գլխավոր ճարտարապետի տված տեղեկատվության` այս հարցը դեռ դառնալու է քաղաքաշինական հանձնաժողովի քննարկման առարկան` չնայած որ ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը նախկինում հստակ արտահայտել էր իր տեսակետը այս հարցի վերաբերյալ (կառուցապատման վերաբերյալ Գյումրու քաղաքապետի 2009թ. փետրվարի 26-ի N 300-Ա որոշումը համարել էր ոչ իրավազոր և առաջարկել էր վերացնել իրականացված ինքնակամ շինարարական աշխատանքների հետևանքները):
Ելնելով ստեղծված իրավիճակից` մենք` Գյումրու ներքոստորագրյալ քաղաքացիներս և կազմակերպություններս, կարծում ենք, որ այլևս ընդունելի չեն այս հակաեղևնային քաղաքականությունն ու կանաչ տարածքների ոչնչացման հաշվին կառուցապատում իրականացնելու ՏԻՄ-ի գործելակերպը, և Գյումրու Վարդանանց հրապարակի և Արագած ճեմափողոցի քաղաքաշինական ներկա վիճակի ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ առաջարկում ենք.
- Հրաժարվել Վարդանանց հրապարակում և Արագած ճեմափողոցում աճող եղևնիները տեղափոխելու մտքից, քանի որ եղևնիների տեղափոխման գաղափարը համարում ենք չհիմնավորված, չարդարացված ու պարզապես համայնքային միջոցների վատնում:
- Շահումյան փողոց 188 շենքի և Վարդանանց հրապարակի միջև գտնվող տարածքը (նախկին բացօթյա սրճարանի տարածքը) այս տարվա ընթացքում կանաչապատել ու բարեկարգել կամ նույն նպատակով օրենքով սահմանված կարգով տրամադրել Գյումրու բնապահպանական ոլորտի հասարակական կազմակերպություններին` պահպանելով տվյալ տարածքի համայնքային պատկանելությունը:
- Արագած ճեմափողոցի համար օրենքով սահմանված կարգով մշակել կառուցապատման և բարեկարգման մեկ համալիր սխեմա` հաշվի առնելով գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի պահանջներն ու չափորոշիչները, ինչպես նաև ճեմափողոցի ամբողջական կոմպոզիցիոն և ծավալատարածական լուծումներ տալու անհրաժեշտությունը:
- Դեպի Արագած ճեմափողոց ելք ունեցող սպասարկման օբյեկտների սպասարկումն իրականացնելու թույլտվություն տալ դրանց ետնամասերից` արգելելով մեքենաների մուտքը ճեմափողոց ինչպես Սպանդարյան փողոցի, այնպես էլ Հաղթանակի պողոտայի կողմերից` բացառությամբ օրենքով սահմանված արտակարգ դեպքերի:
- Հրաժարվել ճեմափողոցի մեջտեղում ավտոկայանատեղի տեղակայելու մտքից և հնարավորինս մեծացնել կանաչապատման մակերեսը այդ տարածքում:
-Բացառել Արագած ճեմափողոցի և նրան հարող տարածքների հետագա կառուցապատումը և նեղացումը` գազոնների և կանաչ տարածքների հաշվին:
-Արագած ճեմափողոցում տեղակայված շինությունների ճակատային մասերի ճարտարապետական տեսքը ամբողջացնել` ենթարկվելով ոճային ու տրամաբանական մեկ սկզբունքի:
- Պահպանել Արագած ճեմափողոցում աճող ծառերը` անկախ դրանց տեսակից, տարիքից, խնամվածության աստիճանից և այլ բնութագրիչներից, ինչպես նաև դրանք տարբեր քաղաքաշինական լուծումներով ներառել լանդշաֆտի մեջ:
- Չեղյալ հայտարարել Արագած ճեմափողոցի կենտրոնական հատվածում` ընդհանուր օգտագործման կանաչ տարածքում, առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով քաղաքացի Ա.Անտիկյանին կառուցապատման իրավունքով հողամասի տրամադրման վերաբերյալ քաղաքապետի 2009թ. փետրվարի 26-ի N300-Ա որոշումը, վերացնել ինքնակամ շինարարական աշխատանքների հետևանքները և կանաչապատել տվյալ տարածքը:
- Կենսամիջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին այսուհետև պատշաճ իրազեկել հանրությանը և անցկացնել հասարակական քննարկումներ` համաձայն 28.10.1998թ. Կառավարության թիվ 660 որոշման պահանջների` Գյումրի քաղաքի շահագրգիռ հասարակությանը մասնակից դարձնելով կենսամիջավայրի փոփոխություններին վերաբերող որոշումների կայացման գործընթացին:
Գևորգ Պետրոսյան - «Բիոսոֆիա» ՀԿ
Լևոն Բարսեղյան - Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Նադեժդա Հակոբյան - «Մենք պլյուս» ՀԿ
Սեյրան Մարտիրոսյան - Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
Արմեն Պետրոսյան - «ԽորանԱրդ» ՀԿ
Վահան Թումասյան - «Շիրակ կենտրոն» ՀԿ
Ռաֆայել Մխիթարյան - «Երրորդ բնություն» ՀԿ
Լևոն Մարտիրոսյան - «Գեոֆոն» ՀԿ
Սուսաննա Էլբակյան - «Սրբազան հող» ՀԿ
Ռոլան Գասպարյան - «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ, Գյումրու լաբ.
Յուրա Հարությունյան - «Գոլոս Արմենիի» թերթի սեփական թղթակից
Արմինե Գմյուր-Կարապետյան - «Արևամանուկ» հիմնադրամ
Աննա Թադևոսյան - «Ցոլինե» ՀԿ
Սոնյա Սարգսյան - «Նոր հայացք» ՀԿ
Ալլա Խաչատրյան - «Արաքս կենտրոն» ԲՀԿ
Երանուհի Սողոյան - «Հետք» շաբաթաթերթի լրագրող
Սաթենիկ Կաղզվանցյան - «Գյումրու մամուլի ակումբ» ՀԿ
Նունե Արևշատյան - «Առավոտ» օրաթերթի թղթակից
Սվետլանա Մկրտչյան - ԵԿՔԱ «Ֆլորա» ՀԿ
Արա Սուքիասյան - «Երեխաների հասարակություն» ՄՁԱԿ ՀԿ
Ռուզաննա Բաղդասարյան - «Առաջնորդություն» ՔՀԶԿ» ՀԿ
Հեղինե Մկրտչյան - «Աջակից» ՀԿ
Մանյա Մելիքջանյան - «Լոռե» էկոակումբ» ՀԿ
Սերգեյ Գաբրիելյան - «Երաշխիք» ՔՀԿ» ՀԿ
Վեհանուշ Հովհաննիսյան - «Մեղվիկ» ՀԿ
Անահիտ Հակոբյան - «Կրթության ասպարեզ» ՀԿ
Կարինե Գրիգորյան - «Ագաթ» ՀԿ
Գարեգին Պետրոսյան - «Համայնքային զարգացման և սոցիալական աջակցության կենտրոն» ՀԿ
Հրաչյա Մելիք-Սարգսյան - «Դափնեճյուղ» ՀԿ
Արմեն Բեգոյան - «Տարածաշրջանային մոնիտորինգային և գնահատման կենտրոն» ՀԿ
Սվետլանա Ալեքսանյան - «XXI դար - զբաղվածություն» ՀԿ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել