HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրայր Թովմասյան. «Ոչ միշտ է անձին ուղղելու միջոց ազատազրկումն արդյունավետ»

«Հատկապես ոչ ծանր հանցագործությունների համար ազատազրկումը լավագույն միջոցը չէ: Աշխարհում եվրոպական երկրները գնում են այլ ճանապարհներով, մասնավորապես տնային կալանք, հանրային աշխատանք և այլն, որոնք շատ ու շատ արդյունավետ են իրենց նպատակին ծառայելու համար»,- այսօր` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա լրագրողներին նաև տեղեկացրեց, որ ազատազրկման ձևով պատիժ կրողը հասարակության համար խնդիրներ է առաջացնում պատիժը կրելուց և ազատ արձակվելուց հետո: Խնդիրներ են առաջացնում նաև Հայաստանի Քրեական օրենսգրքով նախատեսված պատժատեսակները, որոնք հաճախ պիտանի չեն ցանկալի նպատակին հասնելու համար: «5-6 տարի ազատազրկման վայրում գտնվողը կորցնում է իր մասնագիտական ունակությունները, որպես կանոն չի կարողանում աշխատանք գտնել, ծագում են նոր խնդիրներ: Սոցիալական և ադապտացիոն մեխանիզմների բացակայության պայմաններում անձը նորից հայտնվում է ազատազրկման վայրում»,- ասաց նախարարը` հավելելով, որ հենց այս խնդիրները լուծելու նպատակով կատարվում են համապատասխան քայլեր: Այսօր մեկնարկեց «Ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակը ՀՀ օրենսդրությունում և այն ընդլայնելու միջոցների վերաբերյալ» երկօրյա քննարկումը, որը նախաձեռնել են ՀՀ արդարադատության նախարարությունը և Եվրոպայի խորհուրդը: Քննարկման նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները և Հայաստանի ու ԵԽ փորձագետների մասնակցությամբ գտնել դրանց լուծումները` երկրի օրենսդրությունը ներդաշնակ դարձնելով ԵԽ չափորոշիչներին: Քննարկման ժամանակ Հրայր Թովմասյանն ասաց. «Միջազգային փորձը վկայում է, որ ոչ միշտ է անձին ուղղելու միջոց ազատազրկումն արդյունավետ, սակայն այլընտրանքային եղանակների ինստիտուտներ չունենալու կամ դրանց ոչ լիարժեքության պատճառով` Հայաստանում հիմնական շեշտադրումը դրվում է հենց ազատազրկման ձևով պատիժների վրա, որոնք մի շարք խնդիրներ են առաջացնում»: Այդ խնդիրներից առաջինը քրեակատարողական հիմնարկներում առկա գերբնակեցումն է: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում ոչ ազատազրկման ձևով պատիժը չի անցնում 5-10 %-ից, մինչդեռ եվրոպական մի շարք երկրներում այդ ցուցանիշը նույնատիպ հանցանքի համար հասնում է 30-40 %-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter