Քննություն նորընտիր ՄԻՊ-ի համար
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին` «168 ժամ» թերթում և «Հետք» կայքում տպագրված հոդվածներում տեղ գտած, Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից աշակերտին ծեծելու տեղեկության առնչությամբ: Ստորև ներկայացվում է այդ նամակը:
«2011 թվականի փետրվարին «168 ժամ» թերթում և «Հետք» ինտերնետային կայքէջում տպագրվեցին հոդվածներ, որոնցում Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտներն ու ծնողները պատմում էին տնօրենի կողմից աշակերտին ծեծելու և անպատիվ խոսքերով նրա արժանապատվությունը ոտնահարող հակաօրինական արարքի մասին:
Այս տեղեկությունները ստուգելու նպատակով ԿԳ նախարարության կրթության տեսչությունը դպրոցում իրականացրել է գործողություններ, որոնց մասին նույնպես տեղեկացել եմ մամուլից: Ըստ տեղեկությունների` այդ ստուգումների ժամանակ, ոտնահարելով երեխաների արժանապատվությունը, նրանցից կորզել են տնօրենի վարքագիծը հերքող խոստովանություններ, որով փորձ է արվել արմատախիլ անել այդ երեխաների մեջ քաղաքացիական սերմի ծիլը` ապագայում հասարակությունը ստրկամիտ ու շողոքորթ անդամներով համալրելու կործանարար նպատակով:
Այնինչ երեխաների հետ (մոտավորապես 15 հոգի) իմ անձնական հանդիպման ժամանակ ես բարձր գնահատեցի տնօրենի կողմից իրենց ընկերոջը հասցված վիրավորանքի մասին անթաքույց արտահատվելու և սեփական կարծիքն ասելու իրենց համարձակությունը: Նրանք արդարամիտ որոշում էին պահանջում` համարելով, որ իրենց արժանապատվությունը նույնպես վիրավորված է:
Ելնելով Երեխայի իրավունքների միջազգային կոնվենցիայից և ՀՀ օրենքներից` խնդրում եմ Ձեր գրասենյակի և անձամբ Ձեր միջնորդությունը` վերոնշյալ ավագ դպրոցի երեխաների կարծիքն ու ազատ արտահայտվելու իրավունքը և արժանապատիվ քաղաքացի դառնալու պարտականությունը պաշտպանելու համար:
Խնդրում եմ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում տեղեկացնել Ձեր իրականացրած քայլերի մասին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել