Սերժ Սարգսյանը` մարզպետներին. «Ձեզանից որևէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները, ամփոփվել են 2010թ. կատարված աշխատանքները: Նաև անդրադարձ է եղել 2011թ. համար նախատեսված ծրագրերին ու դրանց արդյունավետ իրականացմանը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և հանրապետության մարզպետները:
Մինչ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքների մասին նախարար Արմեն Գևորգյանի հաշվետվությունը և 2011թ. նախանշված ծրագրերի ներկայացվելը, հանրապետության ղեկավարը ներկայացրել է քննարկվող խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները և տվել հանձնարարականներ:
«Մեզանից որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում առկա հիմնահարցերի` աղքատության, սոցիալական խնդիրների և դրանցով պայմանավորված` իշխանությունների առջև ծառացած մարտահրավերների առյուծի բաժինը հենց մեր մարզերում է: Մարզերում է նաև, որ գերակշռում են մարդկանց հուսախաբությունը, հաճախ լքված լինելու զգացումը, դրա արդյունքում առաջացած հոռետեսական մթնոլորտը: Անարդարության զգացումը, որ ամենատարբեր առիթներով առաջանում է մարդկանց մեջ, ծնում է անկարողության անհաղթահարելի մի պատնեշ, որին բախվելով` մարդիկ դառնում են շատ դյուրագրգիռ, էմոցիոնալ: Սա տխուր իրականություն է:
Անշուշտ, այդ իրականությունը կարելի է բացատրել շատ գործոններով, օրինակ` բոլոր զարգացող երկրներին բնորոշ հանգամանքներով: Կարելի է բացատրել աշխարհաքաղաքական իրողություններով: Վերջապես կարելի է բացատրել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցություններով: Բայց սոսկ բացատրություններ գտնել` առկա մարդկային հոգսերի առաջացման պատճառների մասին, նշանակում է պատասխանատվությունը գցել իշխանավորների ուսերից: Սա սխալ մոտեցում է:
Մարդիկ առաջին հերթին կարիք ունեն լսված լինելու, մարդիկ առաջին հերթին կարիք ունեն հասկացված լինելու: Անկարողության այդ մթնոլորտը փարատելու միակ ճիշտ ճանապարհը դա է: Մինչև հիմա մարդկությունն այլ ավելի արդյունավետ ճանապարհ չի գտել: Եվ ես համոզված եմ, վստահ եմ` դուք էլ եք համոզված` մարդիկ դժվարությունների հետ կարող են համակերպվել, և միշտ չէ, որ դժգոհությունը շատ մեծ կլինի: Դժգոհությունը մեծ է լինում այն դեպքում, երբ նրանք զրկված են լինում լսված լինելու հավասար հնարավորություններից: Սա պետք է լինի ձեր հիմնական աշխատանքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքերով` մարզպետը մարզի լոկ ղեկավարը չէ. նա պետք է լինի մարզի բնակչության առաջնորդը, պետական ատյաններում նրա խնդիրները ներկայացնողը, մարզում արդարության մթնոլորտ հաստատողը և, իհարկե, նաև տեղական իշխանիկներին զսպողը:
«Երբ ես ասում եմ տեղական իշխանիկների մասին, ես նաև ուզում եմ ասել, որ ձեզանից էլ որևէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ: Այդ հոգեբանությունը պետք է բացառվի: Դուք պետք է դրա համար օրինակ լինեք: Դուք և մենք ժողովրդի սպասարկողներն ենք: Եվ մենք մեր աշխատանքը լավ պետք է կատարենք, մանավանդ հիմա, երբ եղած դժվարություններին գումարվել են նորերը, որոնք կապված են նաև գնաճի, համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող բարդ զարգացումների հետ:
Եթե մենք հիմա մեր գյուղացիներին, մեր գործարարներին մենակ թողնենք այդ խնդիրների հետ, մենք ուղղակի աններելի սխալ կատարած կլինենք, որովհետև հիմա ունենք բոլոր հնարավորություններն` անելու այնպես, որ այս տարին դառնա բեկումնային մեր տնտեսության և, իհարկե, գյուղատնտեսության համար:
Գյուղատնտեսությունն ընդգծում եմ, որովհետև մարզերում հիմնական աշխատանքը կապված է հենց այդ ոլորտի հետ, մանավանդ որ արդեն ունենք բազմաթիվ ծրագրեր: Այդ ծրագրերին այս տարի ավելացան նորերը, և հիմա էլի նոր ծրագրեր են ավելանալու: Անհրաժեշտ է, որ մարդիկ տեղյակ լինեն և օգտվեն այդ ծրագրերից: Երեկ չէ առաջին օրն ինձ մոտ էր Կենտրոնական բանկի նախագահը: Մեր խորհրդակցությունից հետո նոր գործիքներ են առաջարկում` ցածր տոկոսով վարկեր, և այդ տոկոսների մի մասն էլ պետությունը կվերցնի իր վրա ու կսուբսիդավորի»,- նշել է նախագահը:
Նա ընդգծել է, որ այս տարի լրացուցիչ միջոցներ են հայթայթվել և հատկացվել մարզերին, որպեսզի լուծվի համայնքներում կուտակված խնդիրների մի մասը: Ակնկալվում է, որ այդ աշխատանքները կատարվելու են որակով ու ժամանակին: Աշխատանք կատարողներն էլ պետք է հաշվետու լինեն ինչպես միջոցների արդյունավետ օգտագործման, այնպես էլ ծրագրերը որակով իրականացնելու համար:
«Եթե տեսնենք, որ այս անգամ էլ այդ ծրագիրը արդյունավետ կլինի, ինչպես եղավ 2007թ., ապա վստահեցնում եմ, որ այդպիսի մի ծրագիր էլ կնախատեսենք այս տարվա վերջին, և այդ ծրագիրն իր չափերով կլինի ամենախոշորը: Մեր բյուջեի սուղ միջոցներից հայթայթել գումարներ և այդ գումարները ծախսել ոչ արդյունավետ որևէ մեկին թույլատրելի չէ:
Հայաստանի տարածքների համաչափ զարգացումը լոզունգ չէ: Գոնե ինձ համար լոզունգ չէ: Մեր երկրի ներկայի և ապագայի համար համաչափ զարգացումն ունի ռազմավարական նշանակություն: Տարածք ասելով` մենք առաջին հերթին պետք է հասկանանք մարդկանց, ովքեր ոչ թե այդ տարածքների վրա, այդ գյուղերում, քաղաքներում գոյություն են պահպանում, դիմակայում ինչ-որ խնդիրների, այլ զարգացում են ապրում, բարգավաճում են: Մենք բոլորս միշտ պետք է հիշենք շատ կարևոր մի ճշմարտություն. կա իր հողի վրա լավ ապրող մարդ, ուրեմն կա տարածք, չկա լավ ապրող մարդ, ուրեմն չկա այդ տարածքը:
Պայմանավորվում ենք հետևյալ կերպ. աշխատում ենք հանգիստ, բայց առանց դանդաղելու: Աշխատում ենք անաղմուկ, բայց ուժերի լարումով: Ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս կրկնել, որ ձախողված ծրագրերի համար արդարացումներ չեն ընդունվելու: Պատճառները մարդկանց հետաքրքիր չեն. մարդկանց հետաքրքիր են արդյունքները, ինձ` առավել ևս:
Մենք, իհարկե, պարբերաբար հանդիպումներ ունենալու ենք, բայց այսպիսի մի հավաք էլ պետք է ունենանք ուշ աշնանը և այն ժամանակ էլ կասենք, թե որտեղ մեր ծրագրերն իրականացվեցին, որտեղ հաջողություններ ունեցանք ու որտեղ չիրականացվեցին և ում պատճառով»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել