Ադրբեջանցի զինծառայողը և հայ քաղաքացիական անձը վերադարձվել են
Ժնև/ Բաքու / Երևան (ԿԽՄԿ) – Ադրբեջանցի զինծառայողը, որը նախկինում գտնվում էր ազատազրկման մեջ Երևանում, Հայաստան հանձնվեց Ադրբեջանի իշխանություններին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ Նույն օրը, ԿԽՄԿ-ն վերադարձրեց Ադրբեջանում ազատազրկման մեջ գտնվող հայ քաղաքացիական անձին։ Այս գործողությունը տեղի ունեցավ Աղդամի շրջանի Բաշ Ղերվենդ տեղանքում, որը գտնվում է շփման գծում։
«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հետևողական են գտնվել իրենց պատրաստակամության մեջ փոխանակելու Ղարաբաղյան հակամարտության հետևանքով ազատազրկված անձնաց՝ ինչպես հայտարարել էին երկու երկրների նախագահները 2010-ի հոկտեմբերին Աստրախանում և վերահաստատել էին 2011-ի մարտին Սոչիում»,- ասաց Լորենցո Կարաֆին` Երևանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը։
«Գործելով որպես չեզոք միջնորդ և մեր հանձնագրին համաձայն, մենք աջակցել ենք վերադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների խնդրանքով։ Նախքան գործողության իրականացումը ԿԽՄԿ-ն հավաստիացավ, որ այդ անձիք վերադառնում են իրենց հոժար կամքով»։
Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները մի քանի անգամ այցելել են նշված անձանց՝ ազատազրկման պայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ «Անհամբերությամբ սպասում եմ թե երբ եմ վերադառնալու տուն՝ ընտանիքիս մոտ և տեսնելու որդուս, որը բավական մեծացած կլինի վերջին անգամ տեսածիս համեմատ»,- ասաց ազատազրկվածներից մեկը, երբ ԿԽՄԿ պատվիրակները վերադարձման գործողությունից առաջ վերջին անգամ այցելեցին նրան։
ԿԽՄԿ-ն աջակցել է նաև ընտանեկան լուրերի փոխանցմանը ազատազրկվածների և նրանց հարազատների միջև ազատազրկման ողջ ընթացքում։
Գործելով իր հանձնառության համաձայն Ժնևյան կոնվենցիաների ներքո՝ ԿԽՄԿ-ն աշխատում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել