HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Աուդրոնիուս Աժուբալիսի հետ

Այսօր տեղի ունեցան ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար, Երևան ժամանած Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումը և մամուլի ասուլիսը: Ստորև ներկայացվում են Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները Աուդրոնիուս Աժուբալիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Հարգելի պարոն Աժուբալիս, Հարգելի բարեկամներ, Ես ուրախ եմ ողջունել Աուդրոնիուս Աժուբալիսին՝ իմ լիտվացի գործընկերոջը, որն այստեղ է որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ: Ինչո՞ւ եմ ես բացում այս հապավումը, որովհետև ցանկանում եմ ընդգծել այն, ինչը մեզ համախմբում է այս կազմակերպության մեջ՝ Եվրոպայում անվտանգության ամրապնդումը և համագործակցության զարգացումը: Հայաստանը ԵԱՀԿ ակտիվ անդամ է, մասնակցում է կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններով, նաև բարեփոխումների գործընթացին, լինի դա Կորֆուի, թե այլ ձևաչափերով: Հայաստանն աջակցել է Լիտվայի ընտրությանը` որպես ԵԱՀԿ նախագահ և Լիտվայի նախագահության ընթացքում մենք մեր նպաստն ենք բերելու՝ աջակցելով բոլոր այն քայլերին, որոնք ձեռնարկվում են կազմակերպության դերակատարության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ես շատ ուրախ եմ, որ իմ լիտվացի գործընկերոջ այցելությունը երեկ սկսվեց նրանով, որ միասին նշեցինք Լիտվայի ազգային տոնը: Դա խորհրդանշական է այն առումով, որ Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ.-ին: Մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հուսով ենք, որ Լիտվայի արտգործնախարարի այցելությունը, նաև Լիտվայի նախագահի` մայիսի սկզբին նախատեսված այցելությունը կնպաստեն մեր հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք երեկ սկսեցինք մտքերի փոխանակումը` երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային, միջազգային տարբեր հարցերի շուրջ, և այսօր ընդլայնված ձևաչափով շարունակեցինք մեր քննարկումները ԵԱՀԿ-ին առնչվող հարցերի վերաբերյալ: Բնական է, որ մենք անդրադարձանք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: ԵԱՀԿ Մինսկի խումբն իր եռանախագահներով այն ձևաչափն է, որ ստեղծվել է միջազգային հանրության կողմից, ունի միջազգային հանրության մանդատը և աջակցությունը, ձևաչափ, որի շրջանակներում ընթանում են բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այդ քննարկումների ընթացքում ես նշեցի, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է այն հայտարարություններին, այն փաստաթղթերին, որոնք ընդունվել էին ԵԱՀԿ շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիում, 2009 թ. դեկտեմբերին Աթենքում, 2010 թ. հուլիսին Ալմաթիում, 2010 թ. դեկտեմբերին Աստանայում: Եվ նաև համահունչ են այն հայտարարություններին, որոնք արել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին 2009 թ. Լ’Աքվիլայում և 2010 թ.Մուսկոկայում: Մենք իհարկե իմ գործընկերոջ հետ համակարծիք ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային խաղաղ ճանապարհով կարգավորումը այլընտրանք չունի: ԵԱՀԿ գործող նախագահը նաև ներկայացրեց այն առաջնայնությունները, որոնք Լիտվան ունի իր նախագահության ընթացքում ԵԱՀԿ-ում: Ես մեկ անգամ ևս հայտնեցի, որ Հայաստանը կաջակցի ԵԱՀԿ-ում լիտվական նախագահության ընթացքում կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Շնորհակալություն: Խնդրեմ, պարոն Աժուբալիս: Հարց. Նախ, պարոն Նալբանդյանին: Հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը վերջերս կարծիք էր հնչեցրել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը թերի է ընթանում` օրինակ բերելով Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կարծիքը: Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերվում է Հայաստան-Եվրոպական միության համագործակցությանը, ապա ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն գնահատականներին, որոնք հնչեցրել են Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ թե Երևան այցելությունների ընթացքում, թե Բրյուսել Հայաստանից բարձրաստիճան ներկայացուցիչների այցելությունների ժամանակ, իսկ այդ գնահատականները դրական են: Ամենաթարմ օրինակը Հայաստանի Հանրապետության վարչապետի այցելությունն է Բրյուսել, երբ Եվրամիությունն ամենաբարձր մակարդակով դրական գնահատական տվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը: Ես ձեզ ևս մի օրինակ էլ բերեմ. վերջերս, երբ Վիշեգրադ+ հանդիպմանն էի Բրատիսլավայում, և այնտեղ քննարկվում էր Արևելյան գործընկերության ձևաչափով համագործակցությունը, և տարբեր երկրներ ներկայացնում էին բանակցությունների գործընթացները Եվրամիության և իրենց երկրների միջև, երկրներից մեկը, որը զգալի առաջընթաց էր արձանագրել, հայտարարեց, որ իրենք բանակցությունների ընթացքում արդեն փակել են քննարկվող հարցերի ութ գլուխ: Երբ հերթը հասավ ինձ, ես համեստորեն ասացի, որ մենք էլ վատ չենք ընթանում և փակել ենք տասներեքը: Հարց. Պարոն Նալբանդյան, վերջին օրերին Մոսկվայում տեղի ունեցող ռուս-թուրքական հանդիպումները հասարակության մեջ մտահոգություններ են առաջացնում, որ հայ-ռուսական հարաբերությունների վրա կարող են ազդեցություն ունենալ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ: Պատասխան. Հայ-ռուսական հարաբերություններն այնպիսի ամուր հիմքերի վրա են դրված, որ որևէ այլ երկրի ղեկավարի այցելությունը Մոսկվա չի կարող որևէ բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների վրա: Հարց. Պարոն Աժուբալիս, ԵԱՀԿ-ում լիտվական նախագահության ամենասկզբից դուք անվերապահ աջակցություն հայտնեցիք ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և միացաք միջազգային հանրության` արդեն շուրջ երկու տարի հնչող կոչերին` դիպուկահարներին հանելու շփման գծից: Արդյոք հետևո՞ւմ եք կամ հետամուտ լինելո՞ւ եք այս կոչի իրականացմանը ձեր նախագահության ընթացքում: Երկրորդ հարցը կապված է Մինսկի խմբի երեկվա հայտարարության հետ, որում նշված է, որ անհրաժեշտ է մեխանիզմ ստեղծել հրադադարի խախտումների դեպքերի քննության համար: Ինչպե՞ս եք պատկերացնում, տեսնում այդ մեխանիզմը: Պատասխան. [Ի հավելումն Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի պատասխանի] Քանի որ սա բավական զգայուն հարց է, ես կցանկանայի հավելել և այդ կապակցությամբ հիշեցնել, որ վերջին երկու տարվա ընթացքում թե Հայաստանը, թե Ղարաբաղը դրական են արձագանքել ինչպես դիպուկահարների դուրսբերման, այնպես էլ հրադադարի ռեժիմի ամրապնդման, նաև միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մեխանիզմի ստեղծման առաջակին` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գործող իրար հաջորդող նախագահների, այսօր նաև լիտվացի նախագահողի և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Դուք գիտեք, որ Հայաստանի ԱԳՆ-ն անմիջապես ողջունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը` հետաքննության մեխանիզմի ստեղծման կապացությամբ: Կցանկայի հիշեցնել նաև, որ ՀՀ նախագահն առաջարկ է արել (որն աջակցություն է ստացել միջազգային հանրության կողմից) համաձայնության գալ ուժի չկիրառման վերաբերյալ: Վերջին շրջանում` թե Սոչիից առաջ, թե Սոչիից անմիջապես հետո և անգամ երեկ, երբ տարածաշրջանում են գտնվում եռանախագահող երկրների ներկայացուցիչները` դեսպանները և անգամ ԵԱՀԿ գործող նախագահը, ադրբեջանական դիպուկահարները զինվորականների են սպանել Ղարաբաղում: Եվ դրա հետ մեկտեղ մեծ աղմուկ են բարձրացնում, առանց հիմնավոր փաստարկների` կապված ինը տարեկան տղայի մահվան հետ. անգամ տեխնիկապես անհնար էր, որ դա լիներ Ղարաբաղի կողմից: Այս բոլոր քայլերը ինչ-ինչ պատճառներով տարածաշրջանում լարվածություն ավելացնելու նպատակ են հետապնդում: Մենք կողմ ենք, որ այն դրական միտումը, որը առաջացել է Սոչիում հանդիպման արդյունքում, կեղմերն օգտագործեն հիմնախնդրի կարգավորման բանակցությունների գործընթացը առաջ տանելու համար: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter