Աուդրոնիուս Աժուբալիս. «Կողմերը պետք է հեռացնեն դիպուկահարներին շփման գծից»
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը այսօր Երևանում իշխանություններին հորդորեց աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հասնելու ուղղությամբ և երկու կողմին էլ կոչ արեց դիպուկահարներին անմիջապես հեռացնել շփման գծից:
Նա նաև առաջարկեց ԵԱՀԿ աջակցությունը տեղի բարեփոխումները խթանելու նպատակով, մասնավորապես երաշխավորելու համար մամուլի, հավաքների և միավորումների ազատությունը:
«Ես ողջունում եմ երեկ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմագերիների փոխանակումը, որ իրականացվել էր երկու նախագահների համաձայնությամբ: Ցավոք, ըստ հաղորդումների` սրան հաջորդել է ևս մեկ միջադեպ շփման գծում»,- ասաց Աժուբալիսը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: «Ինչպես ես ընդգծել էի թե Երևանում, թե Բաքվում իմ ունեցած հանդիպումների ժամանակ, այս միջադեպերը վերահաստատում են իմ այն համոզմունքը, որ կողմերը պետք է հեռացնեն դիպուկահարներին շփման գծից»:
Նա հավելեց. «Մենք պետք է ուժեղացնենք հրադադարի ռեժիմը և շարունակենք իրականացնել վստահություն ձևավորող միջոցառումներ: Որևիցե կողմ չի կարող շահել ներկա իրավիճակից թե ռազմականորեն, թե քաղաքականորեն: Հորդորում եմ կողմերին հարգել ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու իրենց խոստումները: Ես նաև ակնկալում եմ, որ կողմերը կհետաքննեն շփման գծում տեղի ունեցած միջադեպերը` ըստ Սոչիում մարտի 5-ին ձեռք բերված պայմանավորվածության»:
«Բոլոր կողմերը համաձայնել են, որ չկա որևէ ընդունելի այլընտրանք, քան հակամարտության խաղաղ կարգավորումը: Մինսկի խմբի համանախագահների կողմից ղեկավարվող կարգավորման գործընթացն ապահովում է երկխոսությունը, բայց այժմ եկել է ժամանակը, որ առաջնորդները բանակցային գործընթացում հասնեն իրական առաջընթացի»:
Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման խթանումը 2011 թ. ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության առաջնային խնդիրներից է:
Աժուբալիսը այսօր հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Նա երեկ հանդիպել է նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակազմի հետ:
«Հայաստանը և Հարավային Կովկասը կարևոր են ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության և կայունության համար»,- ասաց նա: «Ես ողջունում եմ Հայաստանի հռչակած խորքային կանոնակարգիչ, դատական և ժողովրդավարական բարեփոխումները: Ես նաև ողջունում եմ բարձր մակարդակի համագործակցությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ, որն առաջարկում է անմիջական աջակցություն բարեփոխման գործընթացին: Այն ներառում է բարեփոխումներ` մյուս տարի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ապահովելու լայն քաղաքական մասնակցություն և հարգանք` մամուլի, հանրահավաքների և միավորումների ազատության նկատմամբ»:
«ԵԱՀԿ-ն, իր երևանյան գրասենյակը և այլ հաստատություններ, այդ թվում` ԶԼՄ-ների ազատության ներկայացուցչի և Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակները, պատրաստակամ են շարունակել Հայաստանին աջակցություն ցուցաբերել իր ջանքերում»,- հավելեց նա:
Երևանում իր հանդիպումների ընթացքում գործող նախագահը կներկայացնի 2011 թ. Լիտվայի նախագահության առաջնային խնդիրները, այդ թվում` տարածաշրջանի ձգձգված հակամարտությունների կարգավորման առաջընացը, մամուլի ազատության, էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային համագործակցության խթանումը, մասնավորապես սահմանների կառավարման և անդրազգային վտանգների դեմ պայքարի հարցերում:
Աժուբալիսը նաև կքննարկի դեկտեմբերին Աստանայի գագաթնաժողովին նախագահների և կառավարությունների ղեկավարների ընդունած հռչակագրին հաջորդող գործընթացը: Հռչակագրում ԵԱՀԿ մասնակից պետությունները վերահաստատել են իրենց պարտավորությունները անվտանգության բոլոր` ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական և մարդկային ուղղություններով:
Հայաստանով ավարտվում է Հարավային Կովկաս ԵԱՀԿ գործող նախագահի այցը, որին նախորդել են շաբաթվա սկզբում Ադրբեջան և Վրաստան կատարած այցերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել