Կապանի ներքին ցանցում ջրի կորուստը 90% է
Երկու օր Կապանի մի քանի թաղամասերի բնակիչ-բաժանորդները ջուր ստանում էին գրաֆիկի շեղումներով, ինչը դժգոհություն էր առաջացրել: «Առավոտյան ընդամենը կես ժամ են ջուր տվել, լվացքի մեքենան միացրել եմ, որ շոր լվանանմ, անջատել են ջուրը, կեսօրին էլ են 30 րոպե ջուր տվել: Երկու օր է էս վիճակն է. ոչ հասցնում ենք շոր լվանանք, ոչ էլ ամանները. խոհանոցում կուտակված են: Լողանալու մասին էլ չեմ ասում»,- ասում է Մելիք-Ստեփանյան փողոցի բնակչուհիներից մեկը:
Հիշեցնենք, որ Կապանում ջրի գրաֆիկի խախտում էր արձանագրվել նաև մեկ ամիս առաջ, երբ քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում խմելու ջուրը շատ քիչ էին մատակարարում կապանցիներին:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանը փաստը պայմանավորում էր ջրի սակավությամբ: Տեղումների բացակայության պատճառով նորմային համարժեք ջուր չկար. բնակիչները ջրով ապահովվում էին օրական առավելագույնը 3-4 ժամ: Բացի դրանից` ջրի կորուստի վրա մեծ ազդեցություն են թողնում ՀԷԿ-երն ու վթարները:
Կառույցի պատասխանատուից փորձեցինք ճշտել, թե ինչու է վերջին 2 օրվա ընթացքում տվյալ թաղամասերի ջրամատակարարումն իրականացվում գրաֆիկի շեղումներով: Հովհաննես Գևորգյանը նշեց, որ մարտի 16-ին` ժամը 15:30-ին, մի քանի թաղամաս սնուցող ջրատար խողովակաշարի վթար է գրանցվել, որի պատճառով չի հաջողվել բնակիչներին սահմանված ժամերին ապահովել համապատասխան ծավալի ջրով: Վթարի պատճառը ջրատար խողովակաշարերի հին ու մաշված լինելն է: Դրանք այնքան հին են, որ վաղուց արդեն պիտանի չեն շահագործման: Ուստի, Կապանում նման վթարներ և ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ հաճախակ են լինում:
«Այդ վթարն արդեն վերականգնվել է. ժամանակ էր պետք, որ եղած ջրի պաշարը դատարկվի, օրվա կարգավորիչ ջրամաբարը ջուր լցվի և բաշխվի թաղամասերին: 24 ժամ էր հարկավոր գրաֆիկի վերականգնման համար. երեկ երեկոյան և այսօր արդեն սահմանված գրաֆիկով ջուր է մատակարարվում բնակիչներին: Հալիձոր թաղամասում տեղի ունեցած այդ վթարից հիմնականում 3 թաղամասի` Թումանյանի, Գարեգին Նժդեհի անհատական տների և Մելիք-Ստեփանյանի ջրամատակարարումն էր խախտվել: Մյուս թաղամասերում նորմալ ջուր էին ստանում»,- պարզաբանում է Հովհաննես Գևորգյանը:
Մի շարք վթարներ են արձանագրվել նաև 2010թ.: Պարբերաբար տեղի ունեցող վթարներն իրենց հերթին ջրի կորստի պատճառ են դառնում: Ըստ պատասխանատուների` ներքին ցանցում ջրի կորուստն 90% է, և ըստ այդմ էլ ջրային պաշարի ընդամենը 10%-ն է մատակարարվում սպառողներին: Ամենից շատ ջրի կորուստ արձանագրվում է քաղաքի առանձնատների հատվածում:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի մամուլի խոսնակ Մհեր Եղիազարյանը նշում է, որ 2011թ. Կապանում համակարգի բարելավման ուղղությամբ որոշակի աշխատանքներ են կատարվելու: Ասիական բանկի 1.5 մլն դոլոր արժողություն ունեցող ծրագրով նախատեսվում է ամբողջովին փոխել Գեղիից մինչև Կապան մտնող ջրատար խողովակաշարերը, որոնք ամենից շատ են վթարվում ողջ տարվա ընթացքում:
Բացի դրանից` կվերանորոգվեն ջրամբարներն ու մաքրման կայանը, իսկ քաղաքի ներսում կփոխվի ներքին ցանցի 17 կմ-անոց հատվածը: Այդ աշխատանքները հիմնականում կկատարվեն առանձնատների հատվածում:
Մամուլի ծառայության հաղորդմամբ` երեկ աշխատանքային այցով Սյունիք է ժամանել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և մարզային ու քաղաքային ղեկավարների հետ քննարկել ոլորտում առկա թերությունները, անելիքները: 2011թ. նախատեսվում է որոշակի աշխատանքներ կատարել ֆրանսիական «Սաուր» ընկերության կողմից սպասարկվող համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել