Վրաստանի անդամագրումը ՆԱՏՕ-ին իրական է, բայց ոչ մոտ ապագայում
«Իսկ Սամցխե-Ջավախքի բնակիչները բնավ էլ Մոսկվայի խամաճիկները չեն»,- ասում է վրացի փորձագետը
Վրաստանի Հասարակական հետազոտությունների ինստիտուտի համանախագահ Գեորգի Թարխան-Մուրավին կարծում է, որ Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրվելու հեռանկարը իրական է, բայց ոչ մոտակա ժամանակաշրջանում: Երեկ Կովկասյան լրագրողների ցանցում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ վրացի փորձագետն ասել է, որ այդ հեռանկարը պարզ կդառնա ոչ շուտ քան 2012-2013թթ., այսինքն` մի քանի երկրներում որոշ փոփոխություններից կամ առաջնորդների տեղափոխություններից հետո:
«Վրաստանի` ՆԱՏՕ անդամագրվելու հնարավորությունը Հարավային Կովկասում կբերի՞ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության, և այդ դեպքում Մոսկվան իր լծակները և մեխանիզմները գործի կդնի՞ տարածաշրջանում: Արդյոք այդ լծակներից մեկը կարող է հայաբանակ Սամցխե-Ջավախքը լինել» լրագրողներից մեկի հարցին փորձագետը պատասխանել է. «Վրաստանի անդամագրումը ՆԱՏՕ-ին ավելի շուտ տեղի կունենա աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում: Մոսկվան իր լծակները այս կամ այն չափով միշտ օգտագործում է, բայց, իմ դիտարկմամբ, նրանք Ջավախքում թուլացել են, քանի որ առանց Երևանի աջակցության այդ լծակների արդյունավետությունը քիչ է, և ոչ Վրաստանը, ոչ էլ Հայաստանը շահագրգռված չեն վտանգի տակ դնել բարիդրացիական հարաբերությունները: Եվ Սամցխե-Ջավախքի բնակիչները բնավ էլ Մոսկվայի խամաճիկները չեն: Ամեն դեպքում, ՆԱՏՕ-ն հեռավոր հեռանկար է»:
ՆԱՏՕ անդամագրվելու ձգտումը ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանի գործընթացների վրա` հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը մեկ այլ միավորման` ՀԱՊԿ-ի անդամ է: Ըստ փորձագետի` թե' Հայաստանը, թե' Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ վատ չեն համագործակցում, իսկ ՀԱՊԿ-ը նրան քիչ կենսունակ կառույց է թվում, և Հայաստանի ներքաղաքական խմորումներն էլ կայուն չեն:
Ռուս-վրացական հարաբերությունների մասին
Գեորգի Թարխան-Մուրավին մոտ ապագայում ռուս-վրացական հարաբերություններում առաջընթացը հնարավոր է համարում, բայց ոչ մինչև 2013 թվականը, իսկ վերջնական հաշտեցման համար երկար ժամանակ կպահանջվի:
Անդրադառնալով ռուս-թուրքական և հայ-ռուսական հարաբերություններին` փորձագետն ասում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն այնքան էլ պարզ չեն, նրանց շահերը համընկնում են շատ հարցերում, սակայն չեն բացառում մրցակցություն այլ ոլորտներում. «Ես նրանց հարաբերությունները կանվանեի «տակտիկական» (և ոչ ռազմավարական) գործընկերություն, որը հիմնված է «պրագմատիզմի» և կարճաժամկետ շահերի վրա: Եվ չնայած Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, այնուամենայնիվ, Հայաստանի շահերը գերակա չեն, Ռուսաստանն այդ դիտարկում է իր շահերի համատեքստում»:
Գ. Թարխան-Մուրավին կասկածամտորեն (բայց հարգանքով ու հետաքրքրությամբ) է վերաբերվում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը` կապված նրանց կողմից հայտարարված «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսին: Նա հարց է տալիս, թե որքանո՞վ է հնարավոր այդ քաղաքականությունը երկարատև ժամանակահատվածում:
Ի՞նչ դասեր քաղել արաբական երկրներից
Արբական երկրներում տեղի ունեցող գործընթացները Գեորգի Թարխան-Մուրավին հետաքրքիր ու ուսանելի է համարում, հատկապես «հիբրիդային» ռեժիմ ունեցող երկրների համար: Պատասխանելով «Հետքի» հարցին` նա նշում է, որ Հարավային Կովկասի երկրները արաբական երկրներում տեղի ունեցածից կարող են եզրակացնել, թե որքան անկանխատեսելի կարող է լինել իրավիճակը, և որքան թույլ են ավտորիտար ռեժիմները, չնայած անմիջական ազդեցություն տարածաշրջանի վրա դեռևս չի նկատվում:
Ի՞նչ է սպառնում Վրաստանին
Փորձագետը չի անտեսում նաև Վրաստանին սպառնացող վտանգի հավանականությունը. Վրաստանին սպառնացող կարոր արտաքին վտանգը նախկինի նման գալիս է Ռուսաստանից, իսկ ներքին վտանգները կարող են կապված լինել սոցիալական պայմանների կտրուկ վատթարացմամբ կամ իշխանությունների աղաղակող խախտումներով կամ սխալներով:
«Միջէթնիկական հարաբերությունները, եթե դրանք նկատի ունեք, նման վտանգի պատճառ չեն ներկայանում, չնայած, իհարկե, ճգնաժամի ժամանակ դրանք էլ են սրվում»,- «Հետքի» հաջորդ հարցին պատասխանել է փորձագետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել