Կրճատվում են արտոնագրման ենթակա գործունեության տեսակները
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Կառավարությունն այսօրվա նիստում իր ընդունած ավելի քան մեկուկես տասնյակ որոշումներով փոփոխել, լրացրել կամ ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումները, որոնք վերաբերում էին լիցենզավորմանը։
Մասնավորապես, երկու որոշմամբ դադարեցվել է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված գործունեության արտոնագիր չպահանջող տեսակների համար արտոնագրման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի գործողությունը, ևս երկու որոշմամբ կասեցվել ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետման չափումների արտոնագիր տրամադրելու գործընթացը։
Հաջորդ երկու որոշումներից մեկով վերահաստատվել է օրենքի այն պահանջը, որ անասնաբուժական գործունեությամբ կարող են զբաղվել անասնաբույժի որակավորում ունեցող բարձրագույն կրթությամբ անձինք, մյուսով ուժը կորցրած է ճանաչվել «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման արտոնագրման կարգը և արտոնագրի ձևը հաստատելու մասին» ավելի վաղ ընդունված որոշումը։
Վերը նշված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով դադարեցվել է նախկինում բարդ ընթացակարգով տրվող չափման միջոցների արտադրության գործունեության և զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորումը, քանի որ ՀՀ կառավարությունը որդեգրել է գործարար միջավայրի խթանման, այն է` արտոնագրման ենթակա գործունեության կրճատման քաղաքականություն։
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, որոշումներից մեկի փոփոխմամբ տարբեր արտոնագրեր տրամադրող 16 պետական մարմիններից մնացել է 10 մարմին, մյուսի ուժը կորցրած ճանաչմամբ երկրում ազատ շուկայական հարաբերությունների և մրցակցության հիման վրա կզարգանա դրամահատման բնագավառը։ Հաջորդ որոշումներով սահմանվել է, որ վիճակախաղերի, ինչպես նաև ինկասացիոն ծառայությունների մատուցման փաստաթղթերը կարող են արտոնագրման մարմին հանձնվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով։
Երկու այլ որոշմամբ արտոնագրման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանվել են պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության կետերը, ուժը կորցրած ճանաչվել մի շարք ենթաօրենսդրական ակտեր։ Եվս երկու որոշմամբ հստակեցվել են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի արտոնագրման ենթակա գործունեության տեսակները։
Իր նախկին որոշումներից ևս մեկի փոփոխմամբ գործադիրը քաղաքաշինության արտոնագրման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների որակավորման ստուգման կարգը համապատասխանեցրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` այս որոշումներով, որոնք բխում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից, զգալիորեն ազատականացվում է արտոնագրման բնագավառը, գրեթե երկու անգամ կրճատվում են արտոնագրման ենթակա գործունեության տեսակները։ Այս միջոցառումները նպաստում են գործարար միջավայրի բարելավմանը, ինչը կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության կարևոր տարրերից է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել