HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ֆրանսիական համագործակցության նոր հեռանկարներ

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմ նախարար Արմեն Աշոտյանի, և Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարությունը՝ ի դեմ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի, այսօր ստորագրել են համաձայնագիր: Դրա նպատակն է սերտ համագործակցության միջոցով խթանել ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը սովորողների շրջանում, ապահովել ֆրանսերենի դասավանդման որակյալ մակարդակը և ձևավորել ժամանակակից պահանջները բավարարող ուսումնամեթոդական բազա։ «Մենք արդեն իսկ մեծ փորձ ունենք մեր դպրոցներում ֆրանսերենի դասավանդման, և այս համաձայնագիրը հնարավորություն կտա առավել ամրապնդել մեր համագործակցությունը։ Ֆրանսերենի ուսուցումը կիրականացվի ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի դպրոցներում՝ Շիրակից մինչև Սյունիք»,- նշել է Ա. Աշոտյանը։ Դեսպան Ա. Ռեռնոն հուշագրի ստորագրումը բնութագրել է որպես համագործակցության համար նոր հեռանկարների հնարավորություն, որն ունի խոստումնալից ապագա։ Համաձայնագրի համար հիմք է հանդիսացել Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին դեռևս 1995թ. նոյեմբերի 4-ի համաձայնագիրը` խթանելու մշակութային համագործակցությունը, խորացնելու և ամրապնդելու գոյություն ունեցող սերտ կապերը, մասնավորապես, երկու երկրների կրթական համակարգերի միջև կապերի հաստատմանն ուղղված ծրագրերը, օժանդակելու Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի խորացված դասընթացներ և ֆրանսերենով լրացուցիչ կրթական ծրագրեր  կազմակերպելուն։ Ըստ համաձայնագրի, ֆրանսիական կողմը պարտավոր է օժանդակել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններում ուսումնական ծրագրերին համապատասխանող ուսումնական նյութերի բազայի ձևավորմանը, աջակցել Կրթության ազգային ինստիտուտին՝ ֆրանսերենի խորացված ուսուցման դասընթացների ուսումնական ծրագրերի և ֆրանսերենի լրացուցիչ կրթական ծրագրերի մշակման աշխատանքներում, ինչպես նաև օժանդակել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասընթացներ դասավանդողների վերապատրաստման  կազմակերպմանը Հայաստանում, Ֆրանսիայում կամ որևէ ֆրանսախոս երկրում։ Հայկական կողմն իր հերթին պարավորվում է ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրեր ստեղծել հանրակրթական դպրոցների 5-ից 12-րդ դասարաններում, մշակել և հաստատել ֆրանսերենով լրացուցիչ կրթական ծրագրեր, անհրաժեշտ տարածքներ տրամադրել դասավանդողների վերապատրաստումների, աշխատանքային հանդիպումների և սեմինար պարապմունքների համար։ Կողմերը պարտավորվում են նաեւ լրացուցիչ միջոցներ որոնել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում ֆրանսերերով ուսումնական ծրագրերի աշխատանքների կազմակերպման համար: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter