
Սերժ Սարգսյանը նախօրեին անձամբ արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի ՝ իրեն հղված ուղերձին, որովհետեւ, բանից պարզվում է՝ իրեն այդ ուղերձն «անկեղծորեն հուզել է»:
«ՉԻ» - Իսկապես շատ հուզիչ պատմություն է: Կարելի է ասել՝ ասպետական ժեստ (Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը կին է): Բայց որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ Ս. Սարգսյանն անձամբ արձագանքած լինի իրեն ուղղված հազարավոր բաց նամակներին եւ ուղերձներին, որոնց հեղինակները ՀՀ քաղաքացիներ են:
Այդ նամակներում էլ, ի դեպ, պակաս սրտառուչ պատկերներ չեն ներկայացված՝ մեկն ինչ-որ ապօրինության արդյունքում ընտանիքով հայտնվել է փողոցում, մեկի որդուն են սպանել եւ այլն: Թե ուղերձն անպայման Բաքվից պիտի հնչի, որ Ս. Սարգսյանը հարկ համարի պատասխանել: Իսկ սեփական քաղաքացիներին կարելի է նաեւ «համբալ» անվանել կամ ասել «նամակները հանձնեցիք՝ դե ռադ եղեք»:
Արտաքին աշխարհին դուր գալու ցանկությունն ինքնին վատ բան չէ, բայց ի՞նչ օգուտ դրանից, եթե սեփական երկրի ժողովրդին «դուր չես գալիս»:
Իսկ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս նախագահական ուղարկվող նամակների վրա որպես հատադարձ հասցե նշել Բաքուն: Հաստատ կպատասխանեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել