HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Քաղաքապետն անձամբ է զբաղվելու Թումանյանի արձանի հարցով

Ժամանակ առ ժամանակ Վանաձորում բարձրացվում է Հովհաննես Թումանյանի արձանը տեղադրելու հարցը: Օրերս Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին զայրացրել էր Լոռու փոխմարզպետ Աղվան Վարդերեսյանի հերթական հայտարարությունն այն մասին, թե մարզպետարանում քննարկվել և որոշվել է Թումանյանի արձանը տեղադրել Վանաձորի Հայքի հրապարակում: Քաղաքապետի ասելով` փոխմարզպետի խոսքից այնպես է հասկացվել, թե իբր համայնքի ավագանին մերժել է այդ առաջարկությունը: Վկայակոչելով ավագանու անդամներին` քաղաքապետը հայտարարեց, որ արձանի տեղադրման վերաբերյալ ավագանին երբևէ որոշում չի կայացրել: «Մինչև չեն դիմում, դրա մասին խոսակացություն չի լինում»,-ասաց քաղաքապետը: Իսկ նման դիմում, նրա ասելով, մարզպետարանի կողմից չի եղել: Ընդ որում, ինչպես քաղաքապետը շեշտեց, գրավոր դիմում: «Քաղաքապետարանը և ավագանին բանավոր խոսակցությունների դաշտ չի: Էստեղ դիմում են գրավոր, պատասխանը ստանում են գրավոր: Քննարկումը ըլնում ա հեռուստատեսությամբ և ամբողջ քաղաքի էլիտայի առաջ»,-ավելացրեց քաղաքապետը: «Տեսեք ինչ է ասում,-փոխմարզպետի խոսքը մեջբերելով` շարունակեց նա,-սա բարձրաստիճան չինովնիկի արտահայտության ձև է՞` մենք ուզում ենք Տիգրան Մեծի պողոտայի Հայքի հրապարակում տեղադրենք Թումանյանի արձան. պետական պաշտոնյան պետք ա առաջարկման ձև ունենա»: Ինքը քաղաքապետը դեմ չէ, որ Թումանյանի արձանը տեղադրվի Վանաձորում, բայց, իր ասելով, պետք է ընտրվի արձանի ճիշտ տեղը: «Ինչ ա նշանակում` Թումանյանի արձանը տեղադրել Տիգրան Մեծ պողոտայի Հայքի հրապարակում էն դեպքում, երբ որ Վանաձորը Թումանյանի անվան փողոց ունի, Թումանյանի անվան հրապարակ, ինստիտուտ, դպրոց: Հայքի հրապարակում կարելի ա Հայկ նահապետի արձանը տեղադրել»,-իր դիրքորոշումը հայտնեց Դարբինյանը: Վերջապես նա որոշել է, որ Թումանյանի արձանի հարցով անձամբ է զբաղվելու. ինքն այդ հարցը առաջ կքաշի, ճարտարապետին էլ կհանձնարարի, որ ամենահարմար տեղը ընտրի, և արձանը կտեղադրեն: Քաղաքապետը առիթը բաց չթողեց` պարծենալու, որ ինքը Թումանյանի մի հարթաքանդակ է նվիրել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետին, որը «մինչև էսօր կա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter