Մատենադարանի նորակառույց մասնաշենքը մոտ 5 ամսից կշահագործվի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի նորակառույց մասնաշենք: Նա շրջայց է կատարել մասնաշենքում, որտեղ ավարտին են մոտենում ներքին հարդարման և հիմնական բարեկարգման աշխատանքները: Նշվել է, որ նախատեսվում է այս տարվա օգոստոսին մասնաշենքը հանձնել շահագործման:
Մատենադարանի նոր մասնաշենքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հանրապետության ղեկավարին ներկայացրել է «Մատենադարան» ՊՈԱԿ-ի տեխնիկական առաջադրանքի հիման վրա նախագծված նոր մասնաշենքի հնարավորությունները:
Նշվել է, որ այն նախատեսված է գիտահետազոտական գործունեության, ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի և գրադարանային ֆոնդերի պահպանության, վերականգնման, թվայնացման աշխատանքների կազմակերպման, գիտաշխատողների սպասարկման, գիտաժողովների անցկացման համար և հագեցված է նորագույն ինժեներական համակարգերով:
Նոր մասնաշենքում կառուցվում է նաև դահլիճ` տեսահամակարգով և 4 լեզվով համաժամանակյա թարգմանության հնարավորությամբ:
«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական բարեգործական հիմնադրամի Մատենդարանի համար նախատեսված ծրագրերի շրջանակում նորակառույց մասնաշենքը կկահավորվի, ձեռք կբերվեն վերականգնողական և թվայնացման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ:
Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև «Փյունիկ» հիմնադրամի կողմից Մատենադարանին նվիրաբերված հնագույն ձեռագրերին:
Շրջայցից հետո, ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են գործող` գլխավոր մասնաշենքի հետ կապված հարցեր: Նշվել է, որ գլխավոր մասնաշենքի մի շարք բաժինների նոր մասնաշենք տեղափոխումից հետո այն կվերածվի թանգարանի` հնարավորություն ընձեռելով հինգ անգամ ընդլայնելու ցուցադրական տարածքները, որի արդյունքում էապես կբարելավվի Մատենադարանի հարուստ հավաքածուների, այնտեղ պահվող համամարդկային գիտամշակութային արժեքների հանրահռչակման գործը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել