HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանրապետական Հակոբյանը` ՕԵԿ-ի համար

Այն, որ «Օրինաց երկիր» կուսակցության PR-ով զբաղվում են նաեւ հանրապետականները, արդեն գաղտնիք չէ: Օրինակ` Էջմիածնում ՕԵԿ-ի վարկանիշը բարձրացնելու գործը ստանձնել է հանրապետական, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (հասարակության մեջ հայտնի է Ճոյտ մականունով): Հակոբյանն իրեն պատկանող «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի տարածքի մի մասը հատկացրել է ՕԵԿ-ին` նոր գրասենյակի համար, որի աշխատանքները համակարգում է հենց իր որդին` Արմեն Հակոբյանը: Հակոբ Հակոբյանից փորձեցինք ճշտել, թե ինչու է անդամակցելով ՀՀԿ-ին՝ աջակցում մեկ այլ կուսակցության: «Օրինաց երկիր» կուսակցությունը կոալիցիայի անդամ է. ոչ մի տարբերություն չկա: Հետո, իմ տղան այդ կուսակցության Էջմիածնի տարածքային գրասենյակի ղեկավարի տեղակալն է: Ես շարունակում եմ մնալ Հանրապետական կուսակցության անդամ, բայց աջակցում եմ կոալիցիոն բոլոր գործընկերներին: Եթե «Օրինաց երկիր»-ը արդեն իսկ 2013 թ. ընտրություններին ցանկանում է Հանրապետական կուսակցության ղեկավարին սատարել, ինչո՞ւ ես չպիտի պաշտպանեմ «Օրինաց երկրին»: Ինձ թվում է՝ «Օրինաց երկիր»-ը պաշտպանության կարիք չունի, ավելի շատ նրանց ծրագրերը պետք է ներկայացնենք, աջակցենք, որ մարդիկ ինֆորմացված լինեն: Ժողովուրդը պետք է իմանա կատարված ծրագրերի եւ անելիքների մասին: Բայց ինչո՞ւ եք ստանձնել «Օրինաց երկիր» կուսակցության ծրագրերը ներկայացնելու առաքելությունը: Չէ՞ որ ՕԵԿ անդամ չեք: Իմ տղան է այդ առաքելությունը ստանձնել, իսկ եթե իմ տղան մի բանի աջակցում է, մենք հո Սարոյան եղբայրները չե՞նք: Արդեն ասել եք, որ առաջիկայում զբաղվելու եք ակտիվ քաղաքականությամբ: Հնարավո՞ր է, որ պատգամավորության թեկնածու առաջադրվեք հենց ՕԵԿ-ի ցուցակով: Չեմ կարծում: Նման բան չկա, որովհետեւ ես ավելի շատ մեծամասնական ընտրապայքարով եմ ուզում գնալ, եթե քաղաքական դաշտը չփոփոխվի, կամ ժողովրդի տրամադրվածությունն իմ նկատմամբ չփոխվի: Այսօր վստահ կարող եմ ասել, որ կարող եմ մեծամասնականի համար պայքարել, եթե ընտրությունները լինեն մոտակա ժամանակներում: Թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել: Երբ քաղաքական խմորումները սկսվեն, այդ ժամանակ պարզ կլինի. միգուցե ինձանից ավելի արժանի թեկնածու լինի, ու ես հրաժարվեմ: «Թող Բաղդասարյանը մասնակցի ընտրություններին: Եթե երկրում չկան հայրենասերներ, թող քվեարկեն նրա օգտին: Նա, ով դավաճանում է մեկ անգամ, կարող է դավաճանել երկրորդ, երրորդ անգամ: Այդ գործողությունները բնութագրում են նրա էությունը»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը: Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեցինք` արդյոք մտավախություն չունի՞, որ Ա. Բաղդասարյանը կրկին ինչ-որ բան այն չի անի. չէ՞ որ մինչ 2013 թ. բավական ժամանակ կա: Ես չեմ համարում, որ եթե մարդիկ փոխում են գաղափարները, կուսակցությունը կամ պետության ղեկավարությունը ստանձնած կուսակցության շարքերը, դավաճաններ են: Նրանք շատ սովորական սկզբունքային մարդիկ են. պարզապես նշված ժամանակահատվածում նրանց հայացքներն իրար հետ չեն համընկել: Կարող է Ա. Բաղդասարյանն էլ նրան (Ռ. Քոչարյանին-հեղ.) դավաճան համարի: Ցանկացած մարդ ցանկացած մեկին կարող է որակումներ տալ. թող նա էլ նրան համարի: Չեմ կարծում, որ եթե ես մի կուսակցության կողմնակիցը չեմ, ուրեմն դավաճան եմ: Քրեական օրենսգրքով կա երկրի նկատմամբ դավաճանություն. այլ օրենքով, ուրիշ հոդվածներով այդ բառը չի մեկնաբանվում: Ասենք` ամուսինը կնոջը կամ կինը ամուսնուն դավաճանելը դավաճան չի համարվում: Յուրաքանչյուրն իր համոզմունքներով ցանկացած տիպի գործունեություն կարող է իրականացնել, իսկ հայրենիքի դավաճանության համար կա օրենք: Բացի հայրենիքից` եթե մարդիկ կան, որ իրենց հայրենիքի տեղ են դնում, շատ սխալ են անում: Անհատ մարդիկ հայրենիք չեն կարող լինել: Բայց Ռ. Քոչարյանի ասածը, ըստ էության, երկրի դավաճանությանն էր վերաբերում: Եթե Ռ. Քոչարյանն ասել է ու չի հետեւել, որ հայրենիքի դավաճանին պատժեն՝ դրանում համոզված լինելով, շատ վատ է: Ուրեմն, նշանակում է, որ դրանք թյուր խոսակցություններ են եղել: Ցանկացած կուսակցություն ձգտում է իշխանության: Իշխանության ձգտելու ճանապարհին հնարավոր են բացթողումներ, սխալներ: Կարծում եմ, որ այդ սխալները պետք է ճակատագրական լինեն ոչ թե պետության, ազգի, ժողովրդի համար, այլ փոքր կուսակցությունների: Քաղաքականության մեջ «դավաճանություն» տերմին չկա. պարզապես ով ավելի բարձր է կարողանում այդ բառն ասել, ստացվում է, որ տուժողը նա է: Ա. Բաղդասարյանի կերպարն ինձ համար ընդունելի է, եւ որեւէ վատ բան չեմ տեսնում: Հատկապես, երբ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էի, իրանց հետ էի պայքարում ավանդների վերադարձման համար: Նույնիսկ ես հանրահավաք եմ անցկացրել, որպեսզի «Օրինաց երկիր»-ը իր խոստումներն արագացնի: Շատ լավ հիշում եմ, որ քննարկումների ժամանակ նրանք ամեն ինչ անում էին, որ ավանդներն իրական տերերին վերադարձվեին: Քանի որ աջակցում եք եւ ՀՀԿ-ին, եւ ՕԵԿ-ին, մեծամասնական ընտրապայքարում այդ երկու կուսակցությունից որի՞ աջակցությունն եք ակնկալում: Ոչ մեկի աջակցությունը չեմ ակնկալում. մեր ազգաբնակչության աջակցության կարիքն եմ զգում: Լուս.` Գագիկ Շամշյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter