HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետը պատրաստ է իր հողերը վաճառել՝ հանուն գյուղատնտեսության զարգացման

Բաղրամյանում գյուղացիներն իրենց խաղողի այգիները զանգվածաբար քանդեցին 1990-ականների սկզբին, երբ մթերող գործարաններին հանձնած բերքի դիմաց, որից ստացված եկամտով պիտի ապրեին ամբողջ տարին, գործարանատերերից ոչինչ չստացան: Լավագույն դեպքում 1 տոննա խաղողի դիմաց որպես հատուցում ստացան 20 լ դիզելային վառելանյութ: Դրանից հետո գյուղացիները հիասթափվեցին ու քանդեցին այգիները: «Ճիշտն ասած՝ թվաբանական հաշվարկ չեմ արել, թե մեկ հա նոր այգի հիմնելու համար որքան գումար է անհրաժեշտ, բայց շատ թանկ է: Առնվազն պետք է 4 տարի գյուղացին ներդրում անի, որ 5-րդ տարում բերք ստանա: Ամենակարեւորը՝ երաշխիք չկա, որ նոր այգի հիմնելու դեպքում կկարողանա իր այգու բերքն իրացնել»,- ասում է Բաղրամյանի համայնքապետ Բաբկեն Շահբազյանը: Փոխարենը գյուղացիներն են հաշվարկներ արել` 1 հա խաղողի այգի հիմնելու համար անհրաժեշտ է 10.000 դոլար: Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղը հիմնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` 1946 թ.: Գյուղն անվանակոչվել է ազգային հերոս Մարշալ Բաղրամյանի անունով: Գյուղի տարածքը քարքարոտ է, բարենպաստ է հատկապես խաղողագործության համար: Գյուղի բնակեցման առաջին իսկ տարիներին հիմնվել են խաղողի այգիներ, եւ կարճ ժամանակ անց Բաղրամյանը հայտնի է դարձել հատկապես իր քաղցրահամ խաղողով: Գյուղն ուներ 320 հա խաղողի այգիներ: Այգիների համբավը պահպանվել է մինչեւ խորհրդային կարգերի փլուզումը: Հետո Բաղրամյանը դասվել է աղքատ գյուղերի շարքին: Համայնքապետի կարծիքով՝ նախկին հզոր տնտեսությունները վերականգնելու համար պետք է հողերը խոշորացվեն: Բ. Շահբազյանը համոզված է, որ լավ գնորդ գտնելու դեպքում բաղրամյանցիները կհամաձայնվեն վաճառել իրենց հողերը: «Պետք է նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որ գյուղացին հողը վաճառի, մեկ-երկուսն էլ գան, հողերը գնեն, ֆերմերային տնտեսություն հիմնեն, որ կարողանան լուրջ ներդրում անել: Ինքս էլ շատ լավ հողագործ եմ, բայց ես էլ եմ պատրաստ իմ հողը վաճառել: Դժվար է փոքր հողակտորների համար ներդրում անելը, ծախսերը շատ են: Գնորդներն էլ այսօրվա դրությամբ գյուղատնտեսությամբ չեն զբաղվում: Գյուղում մի քանի հա հող են գնել արտասահմանում ապրող հայերը, բայց որպես կապիտալ են գնել, դրանք անտեր-անտիրական մնացել են: Արդեն 2-3 տարի է՝ գյուղի հողերով հետաքրքրվողներ չկան»,- ավելացնում է Բաղրամյանի համայնքապետը: Այժմ գյուղն ամբողջությամբ վերածվել է կիսաանապատի: Հողը վատորակ է, բանջարաբոստանային կուլտուրաների մշակության համար՝ ոչ պիտանի (4-րդ եւ 5-րդ կարգի հողեր են): Դա է պատճառը, որ Բաղրամյանում մշակվում է գյուղատնտեսական հողերի ընդամենը 10%-ը: Գյուղն ունի 1070 հա հող, որից 535 հա-ը վարելահող է, 11 հա-ը՝ պտղատու այգիներ եւ այլն: «Մարդիկ հող չեն մշակում, ինչի հետեւանքով գյուղը հայտնվել է սոցիալապես ծանր վիճակում: Դժվարացել է նաեւ հարկ հավաքելու գործընթացը: Կա փոխադարձ հարգանք, դրա համար մարդիկ բերում, իրենց չմշակած հողի համար հարկ են վճարում: Մի մասը՝ թոշակից, մյուս մասն էլ նպաստից է փակում»,- ասում է համայնքապետը: Հողի հարկն այնքան էլ բարձր չէ, առավելագույն վարձավճարը 1 հա-ի համար 10.000 դրամ է, սակայն այդ 10.000 դրամն էլ գյուղացիների մի մասը չի կարողանում վճարել: Վերջին տարիներին ավելացել է գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Հիմնականում գնում են եվրոպական երկրներ` Հոլանդիա եւ Բելգիա: Ամեն տարի միջինը 3-5 ընտանիք մշտական բնակություն է հաստատում Հայաստանի սահմաններից դուրս: Իսկ ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնում է տարեկան մոտ 100 մարդ: Ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է թողել բաղրամյանցիների վրա: Մինչեւ ճգնաժամը գյուղի երիտասարդների մեծ մասն աշխատում էր Արգավանդ ու Թաիրով գյուղերի կահույքի արտադրամասերում: Ճգնաժամի հետեւանքով կահույքի արտադրության ծավալները նվազել են, համապատասխանաբար կրճատվել է նաեւ աշխատողների թիվը: Այժմ գյուղի երիտասարդներն անգործ են մնացել: «Երիտասարդները հողի վրա աշխատելու ցանկություն չունեն: Ավելի հանգիստ աշխատանք ու բարձր եկամուտ են ուզում, բայց այսօր նման աշխատանք չկա: Դրա համար կամ գնում են արտագնա աշխատանքի կամ էլ ձգտում են Երեւան տեղափոխվել: Հողագործությամբ զբաղվում են 45-ից բարձր տարիք ունեցողները»,- ասում է համայնքապետը: Խոշոր ներդրումներ վերջին տարիների ընթացքում Բաղրամյանում չեն եղել: Մշակույթի տան շենքը, որեղ տեղակայված է նաեւ համայնքապետարանը, կառուցվել է 1960-ական թվականներին, մինչ օրս նույնիսկ մասնակի վերանորոգման չի ենթարկվել: Կիսավեր շենքային պայմաններում երեխաներն այցելում են պարի խմբակ: «Միջոցներ չկան, որ շենքը վերանորոգենք: Մշակույթի տան տնօրեն էլ կա, աշխատողներ էլ կան, պարի լավ խմբակ ունենք, բայց լիարժեք պայմաններ չունենք: Եթե գումար լինի, եւ շենքը կապիտալ վերանորոգվի, մշակութային կյանքը գյուղում կզարգանա»,- ասում է Բ. Շահբազյանը: Գյուղապետը չի հաշվել, թե որքան գումար է անհրաժեշտ շենքի կապիտալ վերանորոգման համար: Լսել է, որ հարեւան գուղում նմանատիպ շենքի վերանորոգման նախահաշիվ են կազմել, ու գումարի չափը՝ 50 մլն դրամ, վախեցրել է համայնքապետարանի աշխատակազմին: Կապիտալ վերանորոգման կարիք ունի նաեւ Բաղրամյանի մանկապարտեզը: Գյուղապետը հպարտությամբ է նշում, որ նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին մանկապարտեզը չի փակվել՝ գյուղացիների ուժերով կարողացել են պահել: Այժմ մանկապարտեզ է հաճախում 40 երեխա: Բաղրամյանում կա մեծ զբոսայգի, որտեղ, սակայն, նորմալ նստարաններ չկան, իսկ երեխաները խաղում են՝ ինչով պատահի: Զբոսայգում էին իրենց «հանգիստն անցկացնում» նաեւ գյուղացիներից մեկի կովերը, իսկ մի քանի կոտրված նստարանների վրա նստած պապիկները նարդի էին խաղում: Գեւորգ պապն ասում է, որ տանը մենակ է մնացել, երկու որդիները մեկնել են արտագնա աշխատանքի: «Պարապությունից ինձ արեւին եմ տվել, գազը Աստծու կրակի գին են դարձրել, մարդ ռիսկ չի անում, թե վառարանը միացնի, որ տաքանա»,- ասում է 65-ամյա Գեւորգ պապը: Զրույցի սկզբում նա խուսափում էր ներկայանալ, հետո ասաց միայն անունը: Իր զգուշավորությունը Գեւորգ պապը պատճառաբանեց Հայաստանում տիրող «վատ բարքերով»: «Էգուց կմեռնեմ կգնամ, բա երեխե՞քս: Ընենց դարում ենք ապրում, որ մի բան ասելուց առաջ հազար անգամ պիտի գլխիդ մեջ գցես-բռնես, նոր ասես: Անտեր մնա, իմ լեզվին էլ «քյարթ» չկա, մի բան ասեմ, հետո երեխեքս են ընկնելու կրակի մեջ»,-եզրափակեց Գեւորգ պապը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter