Ընդերքի մասին նոր օրենսգիրքը գաղտնագրված է
Կարծում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը
Ի՞նչ է նախատեսում Ընդերքի մասին նոր օրենսգիրքը, ի՞նչ վտանգներ կան այնտեղ:
Ընդհանուր առմամբ, նոր օրենսգիրքը (նախագիծը, որը ցանկանում են հապճեպորեն վավերացնել) մեր ժողովրդի եւ մեր պետության համար օգտակար ոչինչ չի նախատեսում, հակառակը` ժողովրդի սեփականությունն օրը ցերեկով կողոպտելու, բնությունը ծավալուն քայքայելու եւ աղտոտելու կարգ է սահմանում, իսկ հանքերը շահագործողների համար գերշահույթ է ապահովում: Նախ՝ հանքավայրերին տիրանալու ընթացակարգն անթույլատրելիորեն պարզեցվել ու արագացվել է, իսկ տարեկան տասնյակ միլիոնավոր տոննաներով առաջացող եւ կյանքի համար մեծ վտանգ ներկայացնող հանքարդյունաբերական թափոնները քողարկված են «լցակույտեր» անվան տակ:
Ընթացակարգի պարզեցումն ինչո՞վ է վտանգավոր, իսկ թափոնները լցակույտեր ներկայացնելը գուցե պատահականորե՞ն է ստացվել:
Ընթացակարգի պարզեցումը բերում է նրան, որ լրջորեն չի քննվում հանքավայրերի շահագործման նպատակահարմարության խնդիրը, իսկ թափոնները լցակույտ ներկայացնելով` հանքերը շահագործողներին արտոնվում է իրենց արտադրած թափոնները շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց պետությանը հարկեր չվճարել: Պատահականության գործոնը բացառում եմ նաեւ այն պարզ պատճառով, որ հանքարդյունաբերողներին թափոնների դիմաց հարկ չվճարելն արտոնված է եւ այժմ գործող Ընդերքի օրենսգրքով եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքով, իսկ «Թափոնների մասին» օրենքում ընդհանրապես խոսք չկա հանքարդյունաբերական թափոնների մասին: Կարելի է ասել, որ ծրագրված ձեւով հանքարդյունաբերական թափոնները հարկային դաշտից հանված են:
Ստացվում է, որ պետությունը կորուստներ է կրում, դրանք ի՞նչ չափերի են հասնում:
Այժմ ՀՀ-ում շահագործվում են հարյուրավոր հանքեր, որոնցից մետաղական` մոտ երկու տասնյակ: Օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը տարեկան վերամշակում է շուրջ 16 մլն տոննա հանքաքար, որի հանքահանման ընթացքում նաեւ առաջանում են մոտ այդքան էլ մակաշերտի ապարներ եւ ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութեր: Նշված հանքաքարի վերամշակման ընթացքում առաջանում է մոտ 15,8 մլն տոննա պոչանք, որն առանձին ծրագրերում ներկայացվում է որպես երրորդ դասի վտանգավորության թափոն: Եթե անգամ ընդունենք, որ պոչանքը երրորդ դասի թափոն է, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը միայն այդ թափոնը շրջակա միջավայրում տեղադրելու համար պետությանը պետք է տարեկան 76 մլրդ դրամ հարկ վճարի (իրականում պոչանքը պետք է առաջին դասի վտանգավորության թափոն համարվի, այդ դեպքում նշված հարկը կմեծանա տասն անգամ): Փաստորեն, այս գործարանի արտադրած միայն մեկ թափոնի դիմաց վճարումը պետական բյուջեին զգալի ներդրում կլինի:
Արդյո՞ք այդ մասին տեղյակ են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները:
Այս խնդիրը 2008 թ. քննվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի արձանագրության (թիվ 50-88, 20.06.2008 թ.) մեջ վարչապետի` բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին տված հանձնարարականի զ) կետում ասվում է. «Քննարկել Հ. Սանասարյանի` Հայաստանում առկա հանքարդյունահանման հետեւանքով առաջացած թափոնների հաշվարկման եւ դրանց օրենքով սահմանված կարգով հարկման հաշվարկի վերաբերյալ առաջարկությունը եւ հաջորդ հանդիպման ժամանակ ներկայացնել համապատասխան հիմնավորող հաշվարկներ»: Ինձ հայտնի չէ՝ այդ խնդիրը վարչապետին ներկայացվե՞լ է, թե՞ ոչ, բայց այն, որ հանքարդյունաբերական թափոններն առայժմ հարկման չեն ենթարկվում, արդեն փաստ է:
Նաեւ պետք է նշեմ, որ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված ՀՀ ընդերքի նոր օրենսգրքի նախագծի խորհրդարանական լսումներում (15.02.2011 թ.) նույն հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ընդհատեց Հայաստանի կանաչների միության ներկայացուցչի ելույթը, որը վերաբերում էր նախագծում հանքարդյունաբերական թափոնների ծածկագրված լինելուն: Նպատակը պարզ է, որպեսզի հանքարդյունաբերական թափոնները մնան ծածկագրված-քողարկված, եւ ընդերքի նոր օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովում հեշտությամբ կընդունվի:
Հանքարդյունաբերողները ի՞նչ այլ արտոնություն ունեն:
Նրանք պետությանը չեն վճարում նաեւ հողին, ջրային համակարգին, մթնոլորտին, բուսականությանը, կենդանական աշխարհին, երկրաբանական կառուցվածքին հասցրած վնասի դիմաց: Ճիշտ է, նախագծերում այդ հաշվարկները կատարվում են` ներկայացվում է գումարային վնասը, սակայն պետական բյուջե ոչինչ չի մուծվում: Այսինքն` տնտեսական վնասի հաշվարկը զուտ խորհրդանշական է:
Փաստորեն, հանքարդյունաբերողները պետությանը չեն վճարում իրենց արտադրած թափոնների դիմաց, ինչպես նաեւ՝ տնտեսությանը հասցրած վնասը: Ինչը նշանակում է` հանքավայրերի շահագործման օգուտների եւ վնասների վերլուծությունները թերի ու կողմնակալ են եւ իրականությունից բացարձակ հեռու: Միայն հանքարդյունաբերական թափոնները հարկումից ազատելը, ինչպես նաեւ ընդերքօգտագործողներից տնտեսությանը հասցրած վնասի հատուցում չպահանջելը համարձակություն են տալիս ասելու, որ պետք է բացահայտվեն գործադիր եւ օրենսդիր իշխանությունների այն պաշտոնյաներն ու փորձագետները, որոնց ջանքերով այնպիսի օրենքներ են կազմում եւ ընդունում, որոնք ճանապարհ են հարթում համաժողովրդական ունեցվածքի կողոպուտի եւ պետության աղքատացման համար: Մի խոսքով, այդ օրենքներն ուղղված են բնության ու մարդու դեմ եւ բխում են մի քանի ընտանիքի շահերից: Ընդերքօգտագործողներին տրված արտոնություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե նրանք են Հայաստանի Հանրապետության իրական տերերը:
Ի՞նչ այլ վտանգներ կարող են ստեղծել այդ արտոնությունները:
Նշված արտոնությունները հանքատերերին հնարավորություն են տալիս շահագործել օգտակար տարրերի ցածր պարունակությամբ հանքավայրերն ու շահույթ ստանալ, երբ իրականում դրանք կարող են եւ ծախսածածկող չլինել: Հայաստանի Հանրապետության համար դա կհանգեցնի բնական համակարգերի քայքայման, օդի, հողի, ջրային համակարգերի աղտոտման եւ, օրինակ, գյուղատնտեսության կորստի ու ոչնչացման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել