HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու ես

2011 թվականի մարտի 17-ի Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի ելույթի, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի, ազատության հրապարակի գրավման, ընդհանրապես հանրահավաքային աժիոտաժի հետ կապված հրապարակախոսական գրվածքներից մեկում հեղինակը ինձ միավորման կոչ էր անում: Եվ գրում էր` հանուն ինչի: Ինձ չզարմացրեց, որ մարդը մարդուն կոչ է անում միավորման, զարմացրեց այն միտքը, որ այդ  «ինչը» կարող է համախմբել մեզ: Խոսքը ազատության գաղափարի շուրջը համախմբման մասին էր: Այդ միացմանը գնալուց առաջ որոշեցի մի անգամ էլ , այս անգամ ավելի ուշադիր, լսել Օրնետ Քոուլմենի «Միայնակ կինը» գործիքային բալադը: * * * Ստեղծագործողը անհամափոխարինելի դետալների համադրմամբ շարադրում է իր ասելիքը: Գունագեղ, մանր քարեհատիկների նման, ֆիլիգրան  նոտագրությամբ նա կառուցում է իր պատկերացրած ազատության մոդելը: Իրար հաջորդող պատկերները անցածի վերապատումն են: Ստեղծագործության ֆաբուլան առաջ են տանում երկու գործիք, երկու անձ: Նրանցից ամեն մեկի ժամանակ առ ժամանակ պաուզան բացահայտում է յուրաքանչյուրի մեկուսացածությունը: Միայնակության ապրումը հասնում է իր կուլմինացիային սաքսաֆոնի ու փողի շատ աննշմար ընդհատման պահին, այն չբռնվող ակնթարթին, երբ ուզում է շունչ առնել նրանցից յուրաքանչյուրը:   Օգտագործելով պաուզան, ճակատագրի թմբուկները դարձնում են ավարտուն խաղացվող դրաման: Շարունակվում է կատարումը, կյանքը շարունակվում է, բայց արդեն այլ, ուրիշ մի ժամանակի մեջ: Մարդը նույնն է, իրերի վիճակն էլ մնացել է նույնը կարծես թե, բայց պակասում է կարևոր մի բան: Կորստին հետևում է  համակերպվածությունը, գաղափարի ֆիասկոն: Ազատությունը որպես միայնակ անցում: Սա է ուզում ներկայացնել պիեսի հեղինակը: Ստեղծագորոծությունը մի քայլ է Օրնետ Քոուլմեն «ես»-ի պրոյեկտի իրականացման ճանապարհին: Ձախողված մի դաս: Պիեսում թերևս ամենագտնվածն այն է, որ ողջ մերկությամբ բացահայտվում է ազատության` որպես մարդկային պարամետրի, դեստրուկտիվ էությունը: Հետո գալիս է հրաժարումը, համակերպումը, իսկ ամենից վերջում սպասումը: Եթե հայ ինտելեկտուալին դեռևս չի հոգնեցրել աբսուրդ բառը, կասեմ, որ ստեղածագործողը ազատության որոնման ճանապարհին կանգնում է դեմ հանդիման աբսուրդի առաջ: Չկա միացում, չկա միավորում, ազատությունը այն չափողականությունը չէ, որը կարող է միացնել մարդկանց: Զուգանվագը կատարողներից յուրաքանչյուրը ձեռք է բերում իր ազատությունը մեկուսի: Մի ազատություն, որը հզոր է մահվան պես: Երբ ուզում ես մեռնել մի երաժշտության հնչյունների ներքո, ուրեմն հաջողված է այդ երաժշտությունը: * * * Երևի թե ասացի ասելիքս, նմանօրինակը չունեցող գործիքային մի ստեղծագործության իմ ընկալումներով կիսվելով ինձ միավորման կոչ անողի հետ: Մարդկանց մերձեցնել կարող է ընդհանուր հետաքրքրությունը, թղթախաղի կամ թմրանյութի նկատմամբ հակումը, տարատեսակ նախասիրություններն ու շահերը, էլի շատ ու շատ բան, բայց ոչ երբեք ազատության կոչը: Ազատագրման ակտ է ահավասիկ նաև հացադուլը` արձագանք չակնկալող` նույն կարգի ազատագրման ակտ: Եվ բնական է, որ հանրահավաքային էյֆորիայի մեջ նմանակին ուղղված հացադուլավորի կանչը մնաց անպատասխան ու Կաֆկայի հերոս` «քաղցի մաեստրոյի» նման անտեսվեց նրա սխրանքը, մի արարք, որին ժամանակը կտա մոռացության: Չարժե տխրել, որ ազատությունն այն պարամետրը  չէ, որը կարող է կապել մարդկանց իրար: Հացադուլավոր մարդը ոչ թամաշա է, ոչ էլ ներկա բացակայի տեղ սուտ մտավորականի համար: Ազատության ճանապարհը բռնած մարդուն պետք չեն հուսադրող հերթապահ տեքստեր: Որպես ինդիվիդուալ ակտ միավորող չէ հացադուլավորը նաև, կան միավորող արժեքներ անշուշտ, պետք է որոնել մարդկանց մերձեցնող այլ արժեքներ, ոչ նեղ անձնական, շատ ավելի համընդհանուր ու մատչելի, որոնց շուրջ կարող ենք միավորվել ինձ համախմբման կոչ անող հրապարակախոսը, այդ հրապարակախոսի առաջնորդ Լևոն Տեր -Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու ես: Արամ Մաթևոսյան 21 մարտի 2011 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter