Ադրբեջանի անվտանգությանը որևէ երկիր չի սպառնում, այդ թվում նաև Հայաստանը
Ադրբեջանցի փորձագետ Արաստուն Օրուջլուի կարծիքով, Ադրբեջանի անվտանգությանը որևէ երկիր չի սպառնում, առավել ևս Հայաստանը: Ադրբեջանի անվտանգությանը կարող է սպառնալ ադրբեջանական իշխանությունների արտաքին քաղաքական ոչ հստակ կողմնորոշումը: «Այստեղ, ցավոք, կան որոշակի խնդիրներ»,- ասել է փորձագետը` այսօր Կովկասյան լրագրողների ցանցում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ հաջողությունն այսօրվա դրությամբ փորձագետը հրադադարի պահպանումն է համարում, այլ առաջընթաց վերջին շրջանում չի տեսնում: «Պատճառը երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունն է, իսկ քաղաքական կամքը երկու երկրների բոլոր օղակներում բացակայում է իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու պատճառով»,- մանրամասնել է Արաստուն Օրուջլուն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելությունը տարածաշրջան և համանախագահների այն հայտարարությունը, թե ժամանակն է վճռական քայլերի դիմել, ըստ փորձագետի, այնքան էլ արդիական չէ, քանի որ այդ վճռական քայլերն անելու ժամանակը դեռ չի եկել: Թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի ներկայիս իշխանությունները Ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում են համարյա թե որպես միակ գործիք ներքին և արտաքին քաղաքականության հարցերում, իսկ նրանց վրա ճնշում գործադրելը, որպեսզի փոխզիջման գնան, կարող է անկանխատեսելի հետևանքներ առաջացնել: Այդ պատճառով, ըստ փորձագետի, վճռական քայլերը կարող են ձեռնարկվել միայն այն դեպքում, եթե երկու երկրների իշխանություններն իրենց մանդատը բնակչության լայն շերտերից ստացած լինեն:
Արաստուն Օրուջլուն կարծում է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ նոր պատերազ սկսելուն. «Յուրաքանչյուրն իրեն հաշիվ է տալիս, թե ինչպես են երկու կողմերն էլ զինված, և ինչի դա կարող է հանգեցնել»:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական ճանապարհը ադրբեջանցի փորձագետը տեսնում է երկրների միջև տնտեսական հարաբերությունների մեկնարկով` առանց հակամարտությանը վերաբերող հարցերի քննարկման: Հարավկովկասյան ինտեգրման շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև հասարակության ժողովրդավարացումը կարող է ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլև շատ հարցերի խաղաղ կարգավորման հիմք դառնալ: Ըստ փորձագետի` միայն ընդհանուր շահերը կարող են ծառայել խաղաղ կարգավորման ընթացքին. «Հարցի լուծման ռազմական ճանապարհ ես չեմ տեսնում»:
Արաբական երկրներում կատարված վերջին իրադարձությունների սցենարի կրկնությունը տարածաշրջանի այլ երկրներում, հատկապես Ադրբեջանում փորձագետը հնարավոր է համարում: Նա խորապես համոզված է, որ այդ գործընթացները կտեղափոխվեն թե' Հայաստան, թե' Ադրբեջան, և երկու երկրներում էլ կան ուժեր, որոնք կարող են իրականացնել դա:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրենց կպահեն երկու երկրների իշխանությունները: Դեռևս ես տեսնում եմ, որ նրանք ժամանակի վրա են հույս դրել, միայն համոզված չեմ, որ նրանք ճշգրիտ են գնահատում այն իրավիճակը, որում գտնվում են: Եթե չլինեն արմատական փոփոխություններ, սրացումներից խուսափել չի հաջողվի»,- պատասխանելով «Հետքի» հարցին` ասել է Արաստուն Օրուջլուն:
«Հետքի» մյուս հարցին, թե հնարավոր է, որ Ադրբեջանը մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցի, և ինչպես է գնահատում փորձագետը Բաքվի և Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունները, պատասխանում է. «Ադրբեջանի իշխանությունների հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ ես գնահատում եմ համագործակցության ձևացում: Կմտնի՞ Ադրբեջանը ՆԱՏՕ` կախված է Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակից, ինչպես նաև Հարավային Կովկասի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել