Զրպարտիչների կյանքից
Կա մարդու մի տեսակ` եւ դա ցավով եմ ասում, ով իր կյանքը չի պատկերացնում առանց ուրիշների մասին պարբերաբար չարախոսություններ, ստահոդ լուրեր տարածելու: Թիրախն էլ ամենից հաճախ արժանավոր կամ, համենայն դեպս, իրենց գործն անաղմուկ կատարող, շիտակ ու առաքինի մարդիկ են, ովքեր նկատված եւ սիրված են շրջապատի կողմից:
Լուտանքների սիրահարների վարքաբանությունը հեշտ բացատրելի է. մի դեպքում «հարուցիչը» կարող է լինել պարզ մարդկային նախանձը, որը հավանաբար բնածին բարդույթների սրացման հետեւանք է, մյուս դեպքում` անձնական շահը կամ ինչ-որ մեկի բարձր վարձատրվող պատվերը: Կա չարախոսների եւս մեկ խումբ, որոնց ուղղակի հանգիստ չեն տալիս տվյալ ոլորտում իրենց ներունակ ախոյանի փառքն ու հաջողությունները, հետեւաբար` կաշվից դուրս են գալիս, որպեսզի մրցակցին նսեմացնելու, սեւացնելու միջոցով իրենք ավելի բարենպաստ լույսի ներքո երեւան:
Նույնիսկ այն հանգամանքը, որ զրպարտությունը, անձի բարի համբավին ու արժանապատվությանը հասցված վիրավորանքը քրեորեն հետապնդելի արարք են, ի զորու չէ զսպել մեզանում արատավոր այդ երեւույթի տարաբնույթ դրսեւորումների ազատ ճախրանքը: Պատճառը մի կողմից իրավագիտակցության, հասարակական հարաբերությունների մշակույթի ցածր նշաձողն է, մյուս կողմից` օրենքի հանդեպ անհարգալից վերաբերմունքը, եթե չասենք բացահայտ քամահրանքը: Կամ` միգուցե այն հանգամանքը, որ քսու զազրախոսի թիկունքում ազդեցիկ հովանավոր է կանգնած:
Չհաշված կենցաղային մակարդակի տարբեր տրամաչափի հերյուրանքները, որոնց կարելի է հանդիպել գրեթե ամեն օր ու ամեն քայլափոխի, հայաստանյան մթնոլորտը քաղաքական, գիտամշակութային, գրական եւ այլ բնույթի բանսարկությունների պակաս երբեք չի զգացել: Սրանք այն հիմնական ոլորտներն են, որտեղ խաղացողները սովորաբար ունենում են ինքնահաստատվելու, ինչ-որ տեղ նաեւ միավորներ շահելու խնդիր: Ու դրա լուծման համար ոմանք չեն խորշում անմաքուր միջոցներից, որոնցից մեկն էլ դիմացինին` առավել վտանգավոր մրցակցին անձամբ կամ պատվերով «շարքից հանելն» է: Իսկ պատվեր կատարողներ, անհոգ եղեք, միշտ կգտնվեն` փողին մուննաթ:
Որքան էլ իմ խնդիրն անձը չէ, այլ երեւույթը, թերեւս, չհաջողվի խուսափել որոշ անուններ հրապարակելուց, որոնց գործելակերպում արդեն մարտնչող ցինիզմը տրորել-անցել է բոլոր սահմանները: Այսպես` Հայկ Բաբուխանյան անունով մեկը, ով իրեն քաղաքական գործիչ է համարում, ժամանակ առ ժամանակ` առավելապես «նոպայի» գարնանային սրացումների շրջանում, ցեխարձակումների նշանակետ է դարձնում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությանը, մասնավորաբար նրա առաջնորդին` Րաֆֆի Հովհաննիսյանին, ով Հայաստանում հայտնի է որպես բարձր վարկանիշ ունեցող, պարկեշտ ու հայրենասեր գործիչ:
Ինչ կեղտ ու լուտանք ասես, որ չի հորդում Բաբուխանյանի բերանից` ինչպես առատության եղջյուրից: Իբր Րաֆֆին օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ է, լրտես է, չգիտեմ ինչ է: Եվ որքան նրա ասածներին (ինչպես նաեւ իրեն) բանի տեղ չեն դնում, այնքան առիթավորվում է` երեւի այդպիսին է պրոֆեսիոնալ զրպարտչի վարքագիծը: Լրտեսությունը ծանր հանցագործություն է, եւ եթե քաղաքական գործիք… կներեք գործիչը այդ մասին լուրջ փաստեր ունի, ապա պետք է ոչ թե մատից ծծած էժանագին ասեկոսեներ սփռի աջ ու ահյակ, այլ ձեռքի տակ եղած նյութերը փոխանցի Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի վերջինս համապատասխան միջոցներ ձեռնարկի:
Բայց` ոչ, զրպարտության ողջ «հմայքը» հենց տարրական բանականությունից նրա դուրս լինելն է: Անազնիվ իր նկրտումներում Բաբուխանյանը, բնականաբար, միայնակ չէ, նմանը զնմանին միշտ գտնում է: Ու նրա «դամը» քաշում էին «Ազատամտություն», «Իրավունք» եւ նման կարգի այլ թերթոնների մի քանի ծախու գրչակներ: Էլ չասած, որ աստեղնային իր ժամին թեման մատի փաթաթան էր դարձրել նաեւ ԱԼՄ-ի ադամանդակուռ Տիգրան Կարապետյանը: Հիմա արդեն պարզ է, որ այս մարդիկ ղեկավարվում էին մեկ կենտրոնից եւ իրականացնում որոշակի իշխանական պատվեր: Այսինքն` «լուրջ գործով» էին զբաղված, ինչպես կասեր Լյովիկ Զուրաբյանը:
Աստված իրենց հետ, կարելի էր շարունակել քմծիծաղով շրջել նմանօրինակ թափոն պարունակող լրագրային էջը կամ փոխել հեռուստաալիքը: Ուղղակի ամենավառ երեւակայության շրջագծում անգամ չի տեղավորվում, թե որքան խորը կարող է ընկղմվել մարդկային բարոյականությունը, եթե այսօր էլ նույն Բաբուխանյանը եւ նրան ձայնակցող որոշ լրատվամիջոցներ ու քաղաքական գործիչներ, որոնք բարեբախտաբար չնչին բացառություն են, իրենց մաղձը դարձյալ ուղղել են Ազատություն հրապարակում արդեն մեկ շաբաթ հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին:
Եվ վերջում` ամենազավեշտալին: Այսօր պատահմամբ իմացա, որ սույն պարոնը` Բաբուխանյանը, դատի է տվել Report.am կայքէջին եւ լրագրող, վերլուծաբան Էդիկ Անդրեասյանին, ու գործը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է: Հիմա կհարցնեք` ինչի՞ համար: Ավելի լավ է մեջբերեմ հայցվորի գրությունից մի հատված, եւ հետեւությունն արեք ինքներդ. «Report.am կայքէջում Էդիկ Անդրեասյանի հոդվածը պարունակում է այնպիսի արտահայտություններ, որոնք կրում են եւ վիրավորական բնույթ, եւ հանդիսանում են որպես զրպարտություն, քանի որ տպագրված հոդվածն ու դրանում արված արտահայտությունները ստույգ փաստեր չեն եւ չեն համապատասխանում իրականությանը»:
Այստեղ են ասել` վայ մեռնեմ քո «ստույգ փաստերի» եւ «իրականությանը համապատասխանող» արտահայտությունների ջանին: Ինչ արած, սա է զրպարտիչների կյանքը` իրենք մինչեւ ուղնուծուծը թաթախված են ստի, կեղծիքի, չարակամության ախտի մեջ, բայց Աստված մի արասցե` մեկը փորձի իրենց ներքին էությունը ճանաչելի դարձնել հանրությանը: Մի այնպիսի ծղրտոց, աղմուկ-աղաղակ կհանեն, որ ստիպված կլինես ականջներդ փակել ու փախչել` ուր աչքդ կտրի: Այս ֆենոմենը նույնպես պարզ բացատրություն ունի` նման մարդիկ միշտ սոսկում են իրենց իրական դեմքը տեսնելուց:
Գեւորգ Լալայան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել