HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու քաղաքապետի ներկայացուցիչը խորհուրդ է տալիս «հեռու մնալ» քաղաքապետից

Շիրակի մարզի վարչական դատարանում այսօր շարունակվեց «Հետքն» ընդդեմ Գյումրու քաղաքապետի տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ գործի լսումը: Պատասխանող կողմը ներկայացնում էին քաղաքապետարանի իավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանն ու նույն բաժնի ավագ մասնագետ Կարեն Եղիազարյանը: «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հասցեագրված հարցաշարին պատասխանելու հանձնարարական ստացել էր հենց Արա Սարգսյանը: Վերջինս դատարանի դահլիճում հայտարարեց, որ «չենք պատասխանել, տո լավ էլ արել ենք»: Պատասխանողի համոզմամբ, լրագորղական կազմակերպությունը շատ լավ էլ գիտի, թե ում եւ ինչ հարցով դիմի, բայց չգիտես ինչու որոշել է շոու սարքել` գործը դատական ատյաններ հասցնելով: Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ին պատկանող «Հետք» շաբաթաթերթում պարբերաբար հոդվածներ են տպվել Ալեքսանդրապոլի հին տոհմերի եւ 20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների մասին: Գյումրեցի ազդեցիկ տոհմերից մեկի` Դրամփյանների մասին ներկայացվել է թերթի թիվ 21 համարում: Տոհմը ներկայացնելիս հարկ է եղել անդրադառնալ նաեւ Դրամփյաններին պատկանող անշարժ գույքի` Աբովյան փողոցի թիվ 262 շենքի շուրջ ծավալված դատական վեճին, եւ այդ նպատակով Գյումրու քաղաքապետին 2010 թ.-ի հուլիսի 6-ին ուղղարկվել է 8 կետից բաղկացած մի հարցաշար: Քանի որ լրագրողական պրակտիկայում ընդունված տարբերակ է նաեւ տեղեկություն ստանալու այս եղանակը, ինչը նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն է երաշխավորում, հեղինակը որոշել էր օգտվել այդ իրավունքից: Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են վերոնշյալ օրենքով: Օրենքը սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու կարգը, ձեւերը եւ պայմանները: Ըստ այդմ, ուղղարկված հարցման պատասխանն ակնկալվում էր ստանալ նվազագույնը 5-օրյա, առավելագույնը` 1-ամսյա ժամկետում: Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկատվությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո 30 օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկատվություն տրամադրելու վերջնական ժամկետները: Տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը եւ կարգը սահմանված են Օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով: Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին` նշելով մերժման հիմքը, ինչպես նաեւ դրա բողոքարկման կարգը: Նշված ժամանակահատվածում, որեւէ պատասխան` դրական կամ բացասական, «Հետքը» չէր ստացել: Գյումրու քաղաքապետարանը խախտել էր «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթները` խոչընդոտելով լրագրողի տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքը: Քաղաքապետարանից նամակ-գրություն ստացվել էր միայն հարցումներն ուղղարկելուց 5 ամիս անց` նոյեմբերի 25-ին: Նոյեմբերի 12-ին «Հետաքննող լրագրողներն» հ/կ-ն արդեն իսկ հայցով դիմել էր Շիրակի մարզի վարչական դատարան` խնդրելով պարտադրել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տրամադրել պահանջվող տեղեկությունները: Նիստի ընթացքում պատասխանող կողմի ներակայացուցիչ Արա Սարգսյանը անընդհատ պնդում էր, որ լրագորղի հարցումները ոչ թե տեղեկատվություն ստանալու նպատակ են հետապնդել, այլ կարծիք են: Արա Սարգսյանն անձնական վիրավորանք համարեց քաղաքապետ Ղուկասյանին ուղղված հետեւյալ հարցադրումը. «Ճիշտ է, որ իրականում Աբովյան թիվ 262 շենքը պատկանում է Վարդան Ղուկասյանին»: Պ. Սարգսյանը չմոռացավ հիշեցնել, որ նմանատիպ հարցերը նշանակում են «քիթը խոթել» ուրիշի անձնական կյանքի մեջ: Քանի որ պատասխանող կողմը դատարանի դահլիճում էր որոշել առիթն օգտագործել եւ հայցվոր կողմից ճշտել, թե այս կամ  այն հարցն արդյոք արժեր ուղղել քաղաքապետին, հայցվոր կողմի ներկայացուցիչը ստիպված եղավ հիշեցնելու, որ վիճարկվում է ոչ թե հարցաշարի ճիշտ կամ սխալ լինելը, այլ դրանց պատասխանելու, հատկապես օրենքով սահմանված ժամկետներում պատասխանելու հարցը: Պատասխանող կողմին ըստ երեւույթին վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ 2010թ-ի նոյեմբերի 25-ին ուղղարկված իրենց պատասխան նամակը հիմք չի ընդունվել եւ կազմակերպությունը հայցը հետ չի վերցրել: «Երեւի «Հետքը» չգիտե ինչպես ճանաչվի կամ էլ լրագրողը հոդվածի պակաս է ունեցել, կամ չգիտեն ինչպես իրենց թերթը վաճառեն, դրա համար էլ որոշել են քաղաքապետին ամենեւին չառնչվող բաներ հրապարակել»,-արդեն դատական նիստի ավարտին լրագրողների հարցերին պատասխանելիս կարծիք հայտնեց Արա Սարգսյանը: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արա Սարգսյանը հարկ համարեց հիշեցնել, որ հիմա զրպարտության եւ վիրավորանքի համար լրատվամիջոցներին դատի  տալու բավական դեպքեր կան ու «իրենք չէին ուզենա համալրել այդ շարքերը ու դատի տալ առանց այդ էլ սուղ վիճակում գտնվող մամուլին»: Վերջինս դատարանի դահլիճում մի քանի անգամ, գրեթե սպառնալիքի տոնով զգուշացրեց «հեռու մնալ» Գյումրու քաղաքապետից եւ քաղաքապետարանից եւ որ իրենք այսուհետ հրաժարվում են  «Հետքի» ոչ միայն գրավոր, այլեւ բանավոր հարցումներին պատասխանելուց: Նիստը նախագահող դատավոր Էդիկ Նահապետյանը վճիռը կհրապարակի ապրիլի 15-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter