2009-ին փակվել են 5 տասնյակից ավել գրադարաններ, որոնց մեծ մասը` գյուղերում
Կներե՞ն արդյոք սերունդները մեզ
Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանի գրադարանները 2009թ.» թեմայով սեմինար-խորհրդակցություն, որը կազմակերպել էին Հայկական գրադարանային ասոցիացիան, Ազգային գրադարանի Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժինը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ներկայացուցիչներ մարզային, համայնքային, բուհական և գերատեսչական գրադարաններից: Սեմինար-խորհրդակցության ժամանակ ներկայացվեց գրադարանների ֆոնդերի, գրադարանային գործառույթների, հարակից այլ խնդիրներ` 2009թ. գրադարանների վիճակագրական հաշվետվությունների հիման վրա արված վերլուծությունները:
Ըստ բանախոսներ` մեր հանրապետությունում ամեն օր գրադարան է փակվում, շատերն էլ գոյություն ունեն միայն թղթի վրա: Այս ցավոտ խնդիրը քննարկելու համար հրավիրվել էին բոլոր մարզերի գրադարանների, նաև մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, մասնակցում էին, սակայն, միայն Լոռու մարզային և Տաշիրի կենտրոնական գրադարանների տնօրենները: Սա թույլ է տալիս ենթադրելու, որ գրադարանների փակվելը ոլորտի պատասխանատուների անտարբերության արդյունք է նաև:
ՀԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային գրադարանը, 1978 թվականից սկսած, ամեն տարի հրատարակում է «Հայաստանի գրադարանները» վիճակագրական վերլուծությունը` ներկայացնելով վերջին հրատարակությունը` «Հայաստանի գրադարանները 2009թ.»: «Ի տարբերություն նախորդ տարիների, վերջին մի քանի տարիների ընթացքում այս գրքում ներկայացվում են նաև բուհական, գերատեսչական գրադարանները, որոնք Մշակույթի նախարարության ենթակայությունից դուրս են գործում, նաև զետեղված է համապատասխան ինֆորմացիա` Արցախի գրադարանների մասին»,-ասաց Ռ.Ղազարյանը: Ոլորտում առկա թերությունների պատճառներից է նաև օրենքի բացակայությունը:
Ռ.Ղազարյանը նշեց, որ առաջիկայում կքննարկեն նաև գրադարանների մասին օրենքի նոր նախագիծը, հաշվի կառնվեն գրադարանների ներկայացուցիչների բոլոր առաջարկությունները, դիտողությունները: Գյուղական գրադարանների անմխիթար վիճակի մասին խոսեց, գրադարանների պատասխանատուներին ակտիվ գործունեության կոչ արեց ՀԱԳ տնօրեն, Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը:
Օրվա բանախոսները շեշտեցին այն փաստը, որ վիճակագրական վարչության և տեղերից տրվող` գրադարանների թվի մասին տվյալները չեն համապատասխանում իրար, որը մեծ խնդիր է: Երկրորդ տարին է, ինչ ներկայացվում է նաև Արցախում գործող 10 գրադարանների տվյալները:
Արցախում ընթերցողների թիվը մոտ 21.300 է, գրքային ֆոնդը` մոտ 400.000, աշխատողների թիվը` 75: Բուհերի գրադարանների տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ 2009թ. ավելացել են ուսանողների հաճախումները, գրականության սպասարկումը, համալրումը:
Քաղաքակիրթ ազգերը միշտ պարտավորություն են ունեցել թույլ չտալ տնօրինել, կամ ըստ ցանկության վերաբերվել մարդկության ստեղծած արժեքներին ու ձեռքբերումներին: Ինչպիսի՞ն է իրողությունը այսօր մեզ մոտ, ինչքանո՞վ ենք մենք մոտ կանգնած այդ պատգամներին:
Գաղտնիք չէ, որ մշակութային շատ իրողություններ են այսօր հայտնվել լուսանցքում: Սակայն, առաջին տեղի դափնին, առանց տարակուսելու, կարելի է հանձնել գրադարաններին: Մասնավորեցնելով կարող ենք ասել` հատկապես Հայաստանի գյուղական շատ գրադարանների:
Այս իրողությունը փաստվեց Հայաստանի գրադարանային ոլորտը ուսումնասիրելուց և մասնավորապես 2009թ. վիճակագրական վերլուծությունները կատարելուց հետո: Հաշվետու տարում հանրապետությունում փակվել են 5 տասնյակից ավել գրադարաններ, որոնց մեծ մասը` գյուղերում:
Այս թվերը, սակայն, վերջնական և ստույգ չեն: Գյուղերում գրադարան է փակվում հավանաբար ամեն օր: Վկան` Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանները, Լոռու մարզի Տաշիրի և Գեղարքունիքի մարզի շատ գրադարաններ:
Իրողությունը պարզաբանվում է տեղերից ստացված մեկ նախադասությամբ. «Գրադարանը փակվել է ֆինանսական սուղ միջոցների պատճառով, ֆոնդը հանձնվել է գյուղի դպրոցական գրադարանին»: Իսկ մինչ այս քայլին դիմելը, հավանաբար, այս բոլոր գրադարաններում էլ տիրել է գրեթե նույն վիճակը` շենքերը չնորոգել, ֆոնդը չթարմացնել, չջեռուցել, և, վերջապես, կառույցը օտարել… Տարեկան հաշվետվությունները ամփոփելիս Լոռու մարզի գրադարանների վիճակը տարակուսելու առիթ տվեց: Մարզպետին ուղղված` Հայկական գրադարանային ասոցիացիայի և Հայաստանի Ազգային գրադարանի հարցման պատասխանով ճշտեցինք փակ գրադարանների թիվը: Ահավասիկ:
Թումանյանի տարածաշրջանի 31 համայնքում չի գործում 12 գրադարան: Եվ պատկերացնել է պետք, որ դրանց թվում են նաև Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր Ահնիձորի, դեռևս 11-րդ դարում գրատուն-գրադարան ունեցող Հաղպատ գյուղի, 2500-ից ավելի բնակիչ ունեցող Ախթալայի գրադարանները:
Գուգարքի տարածաշրջանում չեն գործում 15 գրադարաններ, որոնց թվում են 1000-ից ավելի բնակիչ ունեցող Դեբետ, Ֆիոլետովո գյուղերը և 3700 բնակիչ ունեցող Լեռնապատի գրադարանները:
Ստեփանավանի տարածաշրջանում փակ են 1000-1500 բնակիչ ունեցող Ուռուտ, Գյուլագարակ, Սվերդլով գյուղերի 13 գրադարան: Չեն գործում Սպիտակի տարածաշրջանի 9 գյուղական գրադարաններ, որոնց թվում է 1000-2000 բնակիչ ունեցող Գոգարան, Սարահարթ, Կաթնաջուր գյուղերը: Սակայն, տարածաշրջանում «ամենաառաջավորի» դիրքում է Տաշիրը, որտեղ 13 համայնքում գործում է ընդամենը 1-2 գրադարան:
Համոզիչ չեն նաև գյուղական գրադարանները դպրոցական գրադարաններին միացնելու առաջարկները: Այն չգործող տարբերակ է մի քանի պատճառներով: Նախ, հիմնականում փոքր են դպրոցական գրադարանի տարածքները և հիմնավորված գրադարանավարների պատճառաբանությունները` վճարի և աշխատաժամերի հարցում:
Հարկ է նշել, որ վերջին 15-20 տարիների ընթացքում շատ քիչ են այն քաղաքապետերն ու գյուղապետերը, որոնք մտահոգ են եղել գրադարանների հոգսերով, եղած միջոցներից գոնե մի փոքր մասն էլ հատկացրել են գրադարաններին, ֆոնդերի համալրմանը, կամ շենքերը նորոգել-պահպանելու խնդրին:
Ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ գյուղապետարանում փող չկա հատկապես գրադարանավարի հաստիքը պահպանելու համար, երբ հայտնի փաստ է, որ այն կազմում է մոտ 35.000 դրամ: Եվ շատ հաճախ կրճատվում են հենց այն կադրերը, որոնք տարիներ շարունակ աչքի լույսի պես պահել-պահպանել են գրադարանները հետերկրաշարժյան և պատերազմական տարիներին: Այս վիճակում մեկ կամ երկու գրադարան չեն գտնվում: Տասնյակ գրադարաններ են կանգնած սահմանային համարվող այս իրավիճակի առաջ:
Չջեռուցվող, քայքայվող, արագ օտարվող շենքեր, տարիներով չթարմացվող գրքային ֆոնդ, հաճախ իրավիճակին հարմարվող գյուղապետեր: Որպես իրավիճակին տիրապետողների, այսօր մեզ անհրաժեշտ է պատճառների խոր, անաչառ վերլուծություն, փաստերի վրա հիմնված եզրակացություններ:
Գաղտնիք չէ, որ այսօր երկրի գրեթե բոլոր գիտա-մշակութային և հասարակական կառույցները կենտրոնացված են Երևանում: Վերջին 20 տարում հանրապետության հեռավոր, և ոչ միայն հեռավոր մարզերը զրկված են հոգևոր սննդից` թերթ ու ամսագիր, գիրք ու գրականություն ստանալուց:
Չեն գործում համայնքների երբեմնի մշակույթի տները, ռադիոցանցերը: Եթե կա նույնիսկ գրադարան, ապա այն տարիներով չի համալրված նոր գրականությամբ: Այսօր պետք է ընդունել այն իրողությունը, որ թույլ «համայնք-ողնաշարը» շատ տեղերում չի կարող իր վրա պահել «գրադարան-ամրոց» կառույցը: Այսօր հանրապետությունում գործում են մոտ 60-70 հրատարակչություններ: Դրանք տարեկան հրատարակում են 1500-2000 անուն գիրք ու գրականություն: Տարբեր միջազգային ցուցահանդես-տոնավաճառներում շահեկանորեն առանձնանում և բարձր պարգևների են արժանանում հայ հրատարակիչների տպագրած շքեղ գրքերն ու ալբոմները:
Երևի տեղին է հնչեցնել հարցը. «Ո՞ւմ համար են ղողանջում զանգերը», երբ 500 տարվա գրահրատարակչական փորձ ունեցող Հայաստանում այսօր ընթերցողին գիր ու գրականություն է հրամցվում ընդամենը 7-8 գրախանութներում:
Նույնիսկ 300-500 օրինակ տպաքանակը տարիներով չի իրացվում: Հետաքրքիր է իմանալ, որ Հայաստանում 10 գրախանութ է եղել 1927թ., որտեղ վաճառվել է այդ ժամանակի համար պատկառելի համարվող մոտ 100.000 ռուբլու գրականություն: Իսկ 1970-ական թթ. «Հայկոոպի և Հայգրքի» ցանցում գործել են 165 գրախանութ, 130 գրքի կրպակ և յուրաքանչյուր 100 մարդուն բաժին է հասել 370 օրինակ գիրք, 20 անուն ամսագիր, 40 օրինակ թերթ:
Մեր օրերում ոչ մի ճանապարհով չի դրվում գիրքը ընթերցողի սեղանին, չի հասնում նրան, ում համար նախատեսված է: Տարբեր պատճառներով խզված է ընթերցող-գիրք կապը: Ստացվում է անտրամաբանական փակ մի շրջան: Ինչպե՞ս է կարգավորվում արդյոք հրատարակված մոտ 2000 գրքի ճակատագիրը, եթե չի առաքվում մարզեր, չկա գրախանութների համապատասխան քանակ, չկա վաճառքի և գնային ճիշտ քաղաքականություն: Այս բոլորով հանդերձ, և այս ֆոնին է
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին ճանաչվել գրքի միջազգային մայրաքաղաք: Տագնապներ կան, որոնց մասին հավանաբար ամեն օր պետք է բարձրաձայնել: Դրանց թվում է գրադարանային ոլորտը: Հստակ պատասխաններ պետք է ունենանք տալու գեներով ընթերցասեր, գիրքն ու գրականությունը արժեվորող հայի տեսակին, հակառակ դեպքում կդառնանք մեր ինքնությունը անցյալում փնտրող ազգ: Կներե՞ն արդյոք սերունդները մեզ:
Ազնիվ Բաղդասարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել