
70-ամյա Ժենյա տատը նամակ է գրել նախագահին. «Աչքս ճանապարհին է, որ պիտի օգնեն»
Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ մտնող ճանապարհին, ամբողջ մարմինն աղբի մեջ քարշ տալով, ինչ-որ մեկը «քուջուջ» էր անում:
Կանգնեցրինք մեքենան: Դեմքը չէր երեւում. գլխարկը ծածկում էր աչքերը, միայն կզակի մորուքն էր մատնում, որ տղամարդ է: Աղբի եւ ճենճի հոտից ճանճերը նրան «նեղություն» էին տալիս: Ձեռքերի գույնն ու կնճիռներում հավաքված կեղտը վկայում էին նրա աղբանոցային ամենօրյա «փնտրտուքների» մասին:
Մեր հարցերը, թե ինչու է աղբանոցում եւ ինչ է փնտրում այնտեղ, սկզբում անպատասխան էին մնում: Թվում էր` չի լսում: Վեր կացավ տեղից, սկսեց մոտենալ: Մի պահ մեզ թվաց` դուր չեկանք նրան, ուզում է հարձակվել, բայց երբ բարձրացրեց գլուխը, աչքերը ժպտում էին: Դժկամորեն էր պատասխանում հարցերին: Սկզբում անունն ասաց` Ռոբերտ (Ռուբեն), հետո ազգանունը` Խաչատրյան: Կցկտուր պատասխաններից հասկացանք, որ Ռոբերտ պապը փախստական է, ապրում է Վարդենիսի շրջանի Մեծ Մասրիկ գյուղում: Աղբանոցներում «բոթուլկա-մոթուլկա, շշեր-մշեր, ժեշտ-մեշտ» է հավաքում, եթե ուտելու բան էլ է գտնում, տանում է: Պլաստմասե «բոթուլկա-մոթուլկաները» տանում է վառելու համար, «ժեշտ-մեշտն» էլ տանը պետք կգա, մի ծակ կփակի:
-Ի՞նչ ես հավաքում, պապի:
-Բա ի՞նչ անեմ: Վառելիք չկա, բա ի՞նչ անեմ, բա ի՞նչ անեմ, որ չտանեմ: Ոտիս վրա եմ, կտանեմ:
-Քանի՞ տարեկան ես:
-Քանի՞ տարեկան եմ... Դե որ կռիվ լինելը չեմ իմանում, քանի՞ տարեկան եմ:
-Ո՞ր կռիվը:
-Հը՞...էն որ հայն ու թուրքը խառնվել էր:
-Կին ունե՞ս, պապի:
-Բա ի՞նչ անեմ:
-Տա՞նն է:
-Հա:
-Երեխաներ ունե՞ս:
-Բա ո՞նց չունեմ:
-Որտե՞ղ են, Մասրիկու՞մ:
-Հա:
-Քանի՞ երեխա ունես:
-Դե երկու աղջիկ են, երկու տղա: Մեկը մարդի գնացած ա, մեկն էլ էնա ստեղ ա մարդի գնացել, մեկն էլ էնա Ռուսաստան: Ո՞վ ունիմ կշտիս:
-Չե՞ն օգնում քեզ:
-Բա ինչ են անում:
-Բա որ օգնում են, ի՞նչ ես անում այստեղ:
-Բա ի՞նչ անեմ, որ չգամ:
-Թոշակ չե՞ս ստանում:
-Երեւան հասած ունե՞մ, որ ստանամ: Փող են ուզում: Ասում է` ռուսական դոլարներդ տուր, թղթերդ դզեմ:
-Քայլել կարողանու՞մ ես:
-Բա ո՞նց ա, քայլում եմ:
-Ձեռքո՞վ ես տանում հավաքածներդ:
-Էրեխեն բերելու ա կաշկեն, չեմ իմանում` երբ կգա:
-Ձեր տունը որտե՞ղ է:
-Էն դենը որ պունկտը կա, գյուղի ծայրին, գնում ես ներքեւի վրա:
Ռոբերտ պապի պատմածով եւ գյուղացիների օգնությամբ գտանք նրանց տունը` վթարային վիճակում: Առաջին` ապակիներից զուրկ եւ կիսով չափ պոլիէթիլենածածկ սենյակում Ռոբերտ պապի մի որդու ընտանիքն է ապրում` երեք երեխաների հետ, երկրորդում` մյուս որդու ընտանիքը` երկու երեխաներով: Պապն ու տատն էլ հետները` 11 հոգի: Ավագ որդին Վարդենիսի հիվանդանոցում էր, ասացին` նյարդային խնդիրներ ունի, բուժվում է: Տանը կրտսեր որդին էր` Փիրոն (Ֆրիդրիխը): Նա գյուղի անասուններն է պահում:
Ապակիներից զուրկ սենյակում` միջանցիկ քամիների տակ, պառկած էր 13-ամյա Ժենյան` Ռոբերտ պապի թոռը: Աչքն էր ցավում: Մայրը` Կարինեն, չգիտեր, թե ինչից է սկսել աչքը ցավել: Միայն ասաց, որ երկրորդ օրն է` այդ վիճակում է, հնարավոր է` բորբոքված լինի, ապակիներն էլ չկան, գուցե նաեւ մրսել է գիշերը: Օրը կիրակի էր, բուժկետը` փակ: Դժվարությամբ կարողացանք գյուղի բուժքրոջը գտնել, որ օգնի աղջկան: Բուժքույր Կարինեն ասաց, որ պետք է նախ մաքուր լվանալ աղջկա աչքը, գուցե բորբոքվել է:
Իսկ Ժենյան անընդհատ ձեռքը տանում էր դեպի աչքը եւ տրորում: Բուժքույր Կարինեն խորհուրդ տվեց առավոտյան երեխային բուժկետ տանել, որ բժիշկը նայի:
Ներս է մտնում Ռոբերտ պապի կինը` 70-ամյա Ժենյա տատը: Աղջկա տնից հաց է բերում:
Ժենյա տատը պատմեց, որ իրենց տանը երեք հաշմանդամ է ապրում: Ռոբերտ պապը երկրորդ կարգի հաշմանդամ է, ավագ որդին հիվանդ է, հիմա էլ հիվանդանոցում է, իսկ կրտսեր որդուն` 34-ամյա Փիրոյին, «բանակում ծառայելիս սերժանտներն են ծեծել (ծառայել է Իջեւանի զորամասում), գլխին են հարվածել, մի ամիս հիվանդանոցում է պառկել, ցավի տիրացրել, ուղարկել են: Էնպես են ծեծել, որ ես քինամ իրան գիժանոցումը ինչ վիճակի տեսնեմ»,- հիշում է Ժենյա տատը:
Խաչատրյանները մեկ կով ունեն եւ մեկ ձի: Ապրում են Ժենյա տատի թոշակով եւ ավագ որդու ընտանիքին տրվող «Փարոս»-ով: Գյուղացիներն ասում են` գյուղի հարուստը հենց նրանք են, որովհետեւ յուրաքանչյուր կովի համար 3000 դրամ փող են ստանում: Իսկ փոքր հարսը` Նառան, ասում է, որ այդ գումարով հազիվ կարողանում են անասնակեր ու ձմռան համար մթերք գնել:
«Նամակ եմ ուղարկել Սերժի վրա, նամակի պատասխանն եկել է: Բողոք եմ գրել ներկա պայմանների մասին: Աչքս ճանապարհին է, որ պիտի օգնեն: Կամ մե կուխնի պատը, կամ գումարով օգնեն... տանը երեք հատ ինվալիդ ունեմ,- արտասվում է տատը եւ հիշում Խանլարի շրջանի Այգեստան գյուղում թողած իրենց տունը,- մենք է՞ս ձեւի ենք ապրել: Ամեն ինչ ունեինք... Չեմ կերել, չեմ կերցրել, լավ բարձր տներ եմ սարքել: 12 մետրանոց բալկոնչիկով, շուշաբանդով, բախչի կողմն է էղել, 12 մետրանոց էլ քուչի կոմից ա էլել, դրա հետ էլ սենյակները: Հինչ ասեմ` նախագահ մարդ է եղել իմ տեգրը...»:
Իսկ մեծ հարսը` Կարինեն, մեր շուրջը պտտվելիս անընդհատ նույն հարցերն էր տալիս. «Ինչո՞վ կարաք օգնեք», «Գումարով, լուսամուտի ծածկերով կարաք օգնեք»: Միաժամանակ ասում էր, որ «էլի լրագրողներ էին եկել, նկարեցին, թողին գնացին»: Արդեն կեսօրն անց էր, եւ շուրջ երկու ժամ մենք Խաչատրյանների տանն էինք, իսկ Ռոբերտ պապը դեռ աղբանոցից չէր վերադարձել:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել