HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անզուգական Վարդանի յիշատակին

Վարդան Քամալեանը մեզանից հեռացաւ անժամանակ եւ խոր կսկիծ պատճառեց իր հարազատներին ու իրեն ճանաչողներին: Վարդանի ազգանւէր գործունէութեանը ծանօթ էին՝ Իրանում, Հայաստանում, Արցախում ու հեռաւոր երկրներում: Նա մի աւանդապահ ընտանիքի զաւակ էր եւ ունէր ինը քոյր ու եղբայր, որոնք շատ շուտ կորցնելով իրենց հօրը՝ մնացին մայրիկի խնամքի ներքոյ: Վարդանը հասակ առաւ Թեհրանի հայահոծ քաղաքամասերից մէկում եւ իր դիւրահաղորդ ու հոգատար վերաբերմունքով շուտով դարձաւ հայ ընտանիքների սիրելին: Նա միջնակարգ դպրոցն աւարտելուց յետոյ՝ յաճախեց Թեհրանի հայոց թեմի Հայերէնագիտական երեկոյեան դասընթացները եւ որպէս հայոց լեզւի ուսուցիչ ու «Սիփան» միութեան գործունեայ անդամ՝ իւրաքանչիւր երիտասարդից պահանջում էր հայրենասիրութիւն, քաղաքացիական բարձր գիտակցութիւն, վեհանձնութիւն, մարմնամարզութիւն եւ ընթերցասիրութիւն: Թեհրանի Սասուն քաղաքամասում շատերն են յիշում Վարդանի կազմակերպած լեռնագնացութեան, թեթեւ ատլետի կամ բռնցքամարտի խմբերը, որտեղ նա փոխանցում էր «Զարթօնք» յեղափոխական վէպի հերոսների շունչը եւ փորձում էր երիտասարդներին հեռու պահել սին ու զեխ մոլուցքներից: Նա թմրամոլների, հարբեցողների եւ շւայտ կեանք վարողների ահ ու սարսափն էր եւ իր բարձր ազգասիրութեան պատճառով՝ բոլորի կողմից վաստակել էր «Հայ Վարդան» մականունը: Վարդանն իրանահայութեան մօտ առաւել ճանաչում գտաւ Իրանի Իսլամական յեղափոխութեան օրերում, երբ գործուն մասնակցութիւն բերեց հայաբնակ թաղերի ինքնապաշտպանութեան գործին, փորձեց ընտրւել խորհրդարանի պատգամաւոր եւ առաւել դերակատար դարձաւ համայնքային կեանքում: Նա մի քանի տարի եղաւ նաեւ Ֆրանսիայում եւ վերադարձին փորձեց իր բիւրեղացած ընկերվարական գաղափարներն ու կուտակած փորձը իրագործել Իրանում՝ «Հայասա» աշխատաւորական համագործակցականը հիմնելու միջոցով: Վարդանը իր կեանքը վտանգելու գնով փրկում էր թմրամոլներին ու կարիքաւորներին եւ մի առ ժամանակ Ատրպատականի հայոց թեմի հովանաւորութեամբ եւ Թաւրիզի հայ երիտասարդների օգնութեամբ Ս. Ստեփանոս վանքում հիմնել էր թմրամոլների փրկութեան կենտրոն: Վրայ հասան «Դէպի երկիր» կանչի օրերը եւ Վարդանն առաջիններից էր, որ իր տիկնոջ հետ միացաւ Արցախի ինքնապաշտպանական ջոկատներին: Նա իր զինւորական բարձր պատրաստւածութեան շնորհի՝ դարձաւ Մոնթէ Մելքոնեանի օգնականը եւ մասնակցեց մի շարք մարտական գործողութիւնների, որի գագաթը հանդիսացաւ Քելբաջարի ազատագրումը: Վարդանը շատ ծանր տարաւ Մոնթէի զոհւելը, որը պատահեց հէնց իր աչքի առաջ եւ տարիների ռազմական դժւարին կեանքը քայքայեց նրա առողջութիւնը: Վարդանը Արցախի Հանրապետութեան հերոս էր եւ պատւաւոր քաղաքացի: Արցախում եւ յատկապէս Մարտունի նահանգում բոլորը գիտէին «Վարդան-Գէորգ»-ի մասին: Արցախի զինադադարից յետոյ՝ նա դարձեալ նւիրւեց իր ընկերվարական գաղափարներին. այս անգամ նա Իրանից գիւղատնտեսական տեխնիկա ներմուծեց Արցախ եւ Մարտունիում գիւղացիական կօօպերատիւ հիմնեց՝ վարուցանքը եւ բերքի հունձքը դիւրացնելու համար: Սկսած 1965 թւականից, երբ Հայրենիքից մինչեւ Սփիւռք ոգեկոչւում էր Հայոց Ցեղասպանութեան յիսնամեակը, Վարդանը Ապրիլ 24-ի հանդիսութիւնների կամ ցոյցերի առաջին շարքերում էր՝ որպէս կազմակերպիչ, հռետոր կամ կարգապահ: Վարդանը միշտ լաւատես էր հայ ժողովրդի իղձերի իրականացման հանդէպ եւ իր ռոմանտիզմով գերում էր բոլորին. մաքրամաքուր ռոմանտիզմ, որը սերունդներ է դաստիարակել եւ ոգեւորել մեր ազգի վառ ապագայի հանդէպ: Նրա յեղափոխական աւիւնի շնորհիւ էր, որ 1970-ական թւականներից սկսած՝ ընկերներով կատարում էին համարձակ քայլեր եւ արտասահմանի հայ երիտասարդների խրոխտ քայլերից ներշնչւած՝ իրենք եւս որոշակի քայլերի էին դիմում: Այս տողերը գրելու ժամանակ ակամայից յիշում եմ մեր վերջին հանդիպումը՝ Երեւանում, որը, աւա՜ղ, չգիտէի, որ վերջինն է լինելու: Նա թէկուզ առողջութեամբ հիւծւած էր եւ հերթական ստուգման էր պատրաստւում, բայց դարձեալ մեր պատանեկան շրջանի «Հայ Վարդան»-ին էր յիշեցնում, իր նորանոր ու թերեւս ոչ-իրագործելի ծրագրերի մասին էր խօսում եւ մի ինչ-որ տեղ ինձ էլ ոգեւորում էր: Վարդանի եւ Վարդանների անժամանակ կորուստը մեծ ցաւ է մեր ժողովրդի համար եւ մասամբ անփոխարինելի: Մեր խորին ցաւակցութիւններն ենք յայտնում հանգուցեալի բոլոր հարազատներին եւ նրա մահը սգողներին: Հանգիստ՝ քո բազմաչարչար աճիւնին, սիրելի եղբայր: Մեր մարտիկների արեամբ սրբագործւած Արցախեան հողը կը սպասի քեզ: Տիգրան Դաիթեան (Երեւան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter