Հայ ռեժիսորի խնդրահարույց ֆիլմի հատուկ ցուցադրություն-քննարկում
Նարեկացի արվեստի միության «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» շարքի` մարտի 23-ի հյուրն է վավերագրական կինոյի ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը: Ռեժիսորն անձամբ ներկայացնելու է իր` «Հասցեն` Հայաստան» /36 րոպեանոց/ և «Դհարմայի Անիվը` Թեղուտ» /10 րոպեանոց/ վավերագրական կինոնկարները, որին հաջորդելու է քննարկում-բանավեճ հանդիսատեսի հետ: Ցուցադրությունն սկսվելու է ժամը 19:00-ին: Մուտքն, ինչպես միշտ, ազատ է:
«Հասցեն` Հայաստան» ֆիլմն արժանացել է տարօրինակ ճակատագրի: Այն նկարահանող «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան չի ընդունել ռեժիսորի առաջարկած հեղինակային օրինակն ու արդեն նկարահանված նյութի հիման վրա մոնտաժել է ֆիլմի առանձին տարբերակ` «Թիմը» /26 րոպե/ խորագրով: Այսօր, փաստորեն, գոյություն ունի միևնույն ֆիլմի երկու տարբերակ` երկու վերնագրով: Այս չորեքշաբթի՝ մարտի 23-ի դիտման ժամանակ, ներկայացվելու են ֆիլմի թե՛ հեղինակային, թե՛ մոնտաժված տարբերակները:
Ֆիլմը պատմում է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մասին, որ Դրեզդենում անցկացվող 38-րդ Միջազգային Օլիմպիական խաղերում երկու անգամ անընդմեջ արժանանում է չեմպիոնի կոչման: Շախմատիստների անհոգ առօրյայի պատկերներին հակադրելով շախմատային մատչն ընթացակցող լարվածության մթնոլորտը, ֆիլմն արձանագրում է հաղթանակի թվացյալ դյուրինության խաբուսիկությունը, երբ շախմատիստը հառնում է լարված ձեռքերով, պրկված բռունցքներով, սեղմված շուրթերով, նյարդային դողով վարակված ազդրերով:
***
Դավիթ Ստեփանյանը անկախ ռեժիսոր է: 2004-2009 թվականներին եղել է փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի ռեժիսոր: Ներկայացվող ֆիլմերից զատ նա նաև նկարահանել է «Հետքեր» (2009), «Հրաժեշտ պաշտգամբից» (2008), «Աննա. Մարխի լույսը» (2006) և «Նմանության խաբկանք» (2004) կինոնկարները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել