HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Հեռավոր սրբատեղի` Վարագավան

Վարագավանը գտնվում է  Իջեւանից Բերդ տանող ճանապարհին: Այն մինչեւ 1978 թ. Հախում է կոչվել բնակավայրի միջով հոսող գետի անունով: 1878 թ., երբ հանդիսավորությամբ նշվել է Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելու 150-ամյակը, շենը վերանվանվել է Նոր Վարագա վանքի անունով:

52-ամյա գյուղապետ Սամվել Մանուչարյանի ավտոմեքենայով  աստծո տաճար ենք գնում: Երկու տարի  առաջ պետբյուջեի միջոցներով ասֆալտապատվել է գյուղից վանք տանող 3 կմ ճանապարհը:

«Ցանկանում էին ասֆալտապատումը գյուղից սկսել: Ես մտավախություն ունեի, որ այդ դեպքում գործը կիսատ կմնա, մինչեւ վանք ասֆալտ չի արվի»,- ասում է գյուղապետը: Այս տարվա ապրիլին, կրկին պետական բյուջեի  ֆինանսավորմամբ, կասֆալտապատվի Նոր Վարագա վանք տանող ճանապարհի սկիզբը` գյուղամիջյան 1.8 կմ հատվածը: Նոր Վարագա վանքը կառուցվել է 1237 թ.` Հովհան ճարտարապետի կողմից` իշխան Վասակ Բագրատունու պատվերով: Արեւմտյան Հայաստանում գտնվող Վարագա վանքի ավերումից հետո  այստեղ  է տեղափոխվել քրիստոնական սուրբ մասունքներից Քրիստոսի խաչափայտի կտորը: Այժմ այն պահվում է Սուրբ Էջմիածնում: Ամեն տարի` սեպտեմբերի վերջին կիրակի օրը, այն հանդիսավորությամբ բերվում է Նոր Վարագա վանք: Հազարավոր ուխտավորներ են այդ օրը գալիս Վարագավան: Ոլորոպտույտ  ճանապարհով բարձրանում ենք անտառ: Մեր առջեւ գարնանային մշուշից հառնում է սպիտակ քարից կառուցված հոյակերտ, մեծ մի կոթող: Հիացնում է գմբեթի մեծ բարձրությունը: Վանքի մոտ ծառի ճյուղերին շորերի բազմաթիվ կտորներ են կապված: Գյուղապետն ասում է, որ քրիստոնյա ուխտավորները դրանք պոկում, «ծառը մաքրում են», սակայն շորի կտորները նորից են հայտնվում:

Հեթանոս ժամանակներից մարդիկ պաշտել են ծառը, նրանից ակնկալել հրաշագործություն: Վանքի մոտ  հուշաղբյուր կա, որ 1987 թ. Սամվել Մանուչարյանն է կառուցել: Գյուղապետն ասում է, որ վանքի մոտ աղբյուրն անհրաժեշտ էր: Իր վաղամեռիկ եղբոր հիշատակը աղբյուրով հավերժացնելու համար նա բազում խոչընդոտների է հանդիպել, հանդիպել երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ: Վերջինս թույլատրել է հուշաղբյուրի շինարարությունը, պայմանով, որ աղբյուրի պատին Ս. Մանուչարյանի հանգուցյալ եղբոր միայն անունը լինի, բայց ոչ` ծննդյան եւ մահվան տարեթվերը:

Սամվել Մանուչարյանի հետ այցելում  ենք գյուղի մեկ այլ սրբավայր` Հախումի հին գյուղատեղում գտնվող Գրիգոր Մանուչարյանի գերեզման: Հախումցի այս քահանան 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ գլխավորել է 500 հեծյալներից բաղկացած ջոկատ: Նրանք կռվել են քաջաբար` ինչպես մահապարտներ: Ի պատիվ Գրիգոր Մանուչարյանի` ցարական կառավարությունը մի որոշ ժամանակ Շամշադինի տարածաշրջանն ազատել է հարկերից: Հերոսի գերեզմանը գտնվում է  Հախում գետի աջ ափին` գյուղից մոտ 5 կմ հեռավորությամբ: Գյուղապետը համագյուղացիներից մեկից վերցրեց վերջինիս «Նիվան»: Սակայն ամենագնաց մեքենայով էլ հեշտ չէր տեղ հասնելը:

«Իմ կատարած ամենակարեւոր գործերից մեկը գետի վրա կամուրջ կառուցելն էր»,-ասում է 2000-ից համայնքը ղեկավարող Ս. Մանուչարյանը (2005-2008 թթ. նա գյուղապետ չի եղել): Գետի աջ ափին գյուղացիները հողեր ունեն: Գարնանը  Հախումը վարարում է, գյուղացիները իրենց կյանքը վտանգի էին ենթարկում` դրանք մշակելու համար: Վարագավանցիները գետի վրա ծառ էին իջեցնում եւ այդ կերպ` կրկեսի լարախաղացի նման, հաղթահարում փրփրած Հախումը: Երեխաները եւս, սինդրիկ քաղելու համար, նման կերպ  էին անցնում գետը:  Մի քանի տարի առաջ հորդացած Հախումը հարեւան Վերին Ծաղկավան գյուղում քշել-տարել էր մի երեխայի:

Գյուղապետը ցույց է տալիս գետի ափին ձգվող հողե պատնեշը եւ ասում, որ իր միջոցներով Իջեւանից տրակտոր է բերել եւ 3 օրվա ընթացքում կառուցել գետի վարարման դեմ նախատեսված հողապատնեշը: Ոչ մեծ կամրջով անցնելով` բարձրանում ենք հին գյուղատեղ: «Նիվան» գրեթե հասնում է հին, կիսավեր մատուռին: Այստեղ շատ համեստ շիրմաքար կա: «Գրիգոր Մանուչարյանի գերեզմանի այս բետոնապատումն էլ 1978թ. տոնակատարության առիթով է արվել»,- վկայում է համայնքի ղեկավարը: Նա  համագյուղացի հերոս քահանայի  գերեզմանը Վարագավան տեղափոխելու, այնտեղ մի փոքր մատուռում ամփոփելու համար ֆինանսական աջակցություն է խնդրել 5-6 տարի առաջ այստեղ այցելած Գարեգին Երկրորդ կաթողիկոսից: Վերջինս խոստացել է, որ այդ նպատակով ինչ-որ բան կմտածի, սակայն վիճակը նույնն է մնում:

Համայնքի ղեկավարը ներկայացնում է 780 բնակիչ ունեցող Վարգավանի հիմնախնդիրները: Նա տեղեկացնում է, որ անցյալ դարի 90-ական թվականներին Վարագավանից արտագաղթ չի եղել, սակայն հիմա գոյություն ունի, մեկնում են հիմնականում Ռուսաստան:  Խորհրդային տարիներին տեղի միջնակարգ դպրոցը 207 աշակերտ ուներ, հիմա` 102: Արդեն մի քանի տարի պետբյուջեի միջոցներով դպրոցի շենքը նորոգման գործընթացի մեջ է: Վարագավանն ունի  44 հա խաղողի այգի, 200 հա վարելահող, որից կեսը աշնանացան է արվել, 25 հա` ծխախոտ: Գյուղապետարանի շենքի մոտ տեսանք «Մասիս Տոբակո» ընկերության ջերմոցները, որտեղ ծխախոտի սածիլներ են աճեցվում: Համայնքի ղեկավարին հարցնում եմ` ինչու՞ հողերի մի մասը չի մշակվում:

«Մեր  հողերը թեքության վրա են, քարոտ, ոչ բերքատու: Հիմա  չմշակվող 45 հա հողերը մշակելու համար կոոպերատիվ ենք ստեղծում, տեսնենք` մի բան դուրս կգա՞»,- ասում է Ս. Մանուչարյանը: Գյուղապետարանի պատին փակցված հայտարարություն տեսա, որով վարկային «Ֆինկա» կազմակերպությունը խոստանում է 2 օրում վարկ տալ: Տեղեկացա, որ Բերդ քաղաքում գտնվող մասնաճյուղը վարկը տրամադրում է  տարեկան 22-24 տոկոսով:

Գյուղապետն ասաց, որ «ԱԳԲԱ- Կրեդիտ Ագրիկոլ» բանկն համեմատաբար ցածր` 18 տոկոսով է գյուղատնտեսական վարկ տրամադրում: Սակայն նման տոկոսները գյուղացու համար շատ բարձր եւ  ռիսկային են: Վարագավանի այս տարվա բյուջեն 11 միլիոն 891 հազար դրամ է, որից 6 միլիոնը` պետական լրավաճար: Նման սուղ բյուջեով մեծ հարցեր չես լուծի: Մինչդեռ գյուղը խմելու ջրի պակաս ունի. վարագավանցիները ջուր են ստանում 2-3 օրը մեկ` 15-20 րոպեով: ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը 2 տարի առաջ ֆինանսավորել է  գյուղի մի թաղամասի խմելու ջրագծի, ինչպես նաեւ դպրոցն ու մանկապարտեզը սնուցող ջրագծերի կառուցումը: Գյուղապետն  էլ համայնքի միջոցներով  հանրապետական ճանապարհի եզրին մի աղբյուր է կառուցել, որից օգտվում են բնակիչները:

Վարագավանցիները օգտվում են  նաեւ անտառի բարիքներից, դրանք հանձնում տեղի պահածոների գործարան: Սակայն այս ձեռնարկությունը փոքր հզորությամբ է գործում եւ համայնքապետարանին  երկու տարվա գույքահարկի պարտք ունի: Համայնքի ղեկավարը, սակայն, չի կորցնում լավատեսությունը: Նա համոզված է, որ Նոր Վարագա վանք տանող ճանապարհի շարունակության կառուցումից հետո  կավելանա ուխտավորների, զբոսաշրջիկների թիվը, վարագավանցիներն իրենց տներում կհյուընկալեն նրանց, եւ այդ կերպ գյուղը զարգացում կապրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter