Բիզնես + տեխնոլոգիա` զարգացման նոր նախագիծ
Ներկայիս մրցակցային միջավայրում ծառայությունների որակի և բիզնեսի արդյունավետության բարձրացումը, հաճախորդների, գույքի և ակտիվների կառավարումը կարևորագույն գործոններ են բիզնեսի հաջողության համար: Նմանատիպ խնդիրների լուծումն այսօր մեծապես կապված է բիզնեսի տեխնոլոգիական վերազինումից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) ձեռնարկում է նոր նախագիծ` «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարք, որի նպատակն է տնտեսության տարբեր ոլորտների գործարարներին ներկայացնել կիրառելի տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև նրանց մշտապես իրազեկ պահել տեխնոլոգիական նորություններին:
Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր ամիս շահագրգիռ բիզնես ձեռնարկությունների համար կանցկացվի թեմատիկ հանդիպում ՏՀՏ ընկերությունների հետ, որի ընթացքում գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց հետաքրքրող տեխնոլոգիական բոլոր լուծումներին մեկ վայրում, ինչպես նաև համատեղ քննարկել փոփոխվող շուկայի պայմաններում պահանջները նոր տեխնոլոգիաների նկատմամբ:
Հանդիպումների շարքի շրջանակում կընդգրկվեն հետևյալ ոլորտները` բանկեր, շինարարություն, բժշկություն և ֆարմացևտիկա, հանքարդյունաբերություն, ոսկերչություն, առևտուր/պահեստավորում, ապահովագրություն, սննդային արդյունաբերություն, ոչ սննդային արդյունաբերություն, տրանսպորտ, տուրիզմ, գյուղատնտեսություն, կրթություն:
Անդրանիկ հանդիպման ընթացքում բանկային ոլորտին ուղղված տեխնոլոգիական լուծումներ կներկայացնեն iCON Communications, GNC-Alfa, Norq, CQG IMA, Shirak Technologies/SAP, Apaga Technologies, FlexAp, McAfee, EpygiArm, ArmSoft, Lime Tech, CHS Vericell, Damaris, Smart Tech, Alfa/Polycom ընկերությունները: Միջոցառումը կիրականացվի Հայաստանի բանկերի միության և ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել