HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգության» իրազեկումը

«Ժառանգություն» կուսակցության և խորհրդարանական խմբակցության դեմ Հայաստանի Հանրապետության իշխանությունների չդադարող ապօրինությունների վերաբերյալ Նամակ-իրազեկում Սույն թվականի փետրվար ամսից «Ժառանգություն» կուսակցության օրինական գործունեության հանդեպ կառավարության կողմից խիստ սահմանափակումների կիրառումը  և պաշտոնապես  դրսևորվող հալածանքները ձեռք են բերել նոր որակ: Հայաստանում քաղաքական միջավայրը գրեթե բացառում է քննարկումները և բանավեճերը`   առանց հալածանքների և վախի առկայության: 2006թ. «ժառանգություն» կուսակցության համակարգիչներից կողոպտված տեղեկատվության  փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը մինչ օրս կասեցված է, քանի որ, համաձայն պաշտոնական բացատրության, հնարավոր չէ բացահայտել կողոպտիչներին: 2007թ. թռուցիկներ բաժանելու ժամանակ «ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ենթարկվել է բռնության ոստիկանների կողմից: Հարձակման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը մինչ օրս կասեցված է, քանի որ, համաձայն պաշտոնական բացատրության, հնարավոր չէ բացահայտել հարձակվողներին: 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ «ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին դանակահարել են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը մինչ օրս կասեցված է, քանի որ, համաձայն պաշտոնական բացատրության, հնարավոր չէ բացահայտել դանակահարողին: 2010թ. գործող իշխանությունները, չհանդուրժելով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի սուր քննադատությունները` ՙԺառանգության՚ ներկայացուցչին պատվիրակության հիմնական կազմից տեղափոխում են փոխարինող կազմ և Վեհաժողովի առաջիկա նստաշրջանին ֆինանսների սղության պատճառաբանությամբ չեն ներառում Ստրասբուրգ գործուղվող պատվիրակների թվում: 2011թ. փետրվարին «Ժառանգությունը» բողոքի մի քանի ցույցեր անցկացնելով Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում` փետրվարի 17-ին հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում քաղաքացիների և ԶԼՄ-ների աջակցությամբ 12-ժամյա պայքարի հետևանքով հաղթահարում է Գյումրիի գլխավոր փողոցը արգելափակած ոստիկանների հանցավոր գործողությունը: 2011թ. փետրվարի 18-ին գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցում Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ: Իշխանությունը կուսակցության դեմ փաստորեն գործում է նաև քաղաքական պատանդ վերցնելու միջոցով, ով երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ, ունի երկու մանկահասակ որդի, բարեպաշտ և օրինավոր բնութագիր (Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի շինծու լինելը, արտառոց էությունն ու աղաղակող ապօրինությունները շարադրված են կից ներկայացվող «ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ»): 2011թ. փետրվարի 28-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող բողոքի ցույցին զորակցելիս «Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը և պիկետի մասնակիցները ուղղակի հարձակման ենթարկվեցին ոստիկանության և հատուկջոկատայինների կողմից: Ապօրինի ուժ գործադրած և պատգամավորների անձեռնմխելիությունը խախտած որևէ ոստիկան պատասխանատվության չենթարկվեց: 2011թ. մարտի 3-ին ոստիկանները ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ արգելեցին քաղաքացիների բողոքի գործողության անցկացումը ՀՀ կառավարության շենքի առջև: Ոստիկանները, նաև խախտելով պիկետին աջակցող պատգամավորների անձեռնմխելիությունը, Հանրապետության հրապարակի կենտրոնում հավաքված «Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանին, Զարուհի Փոստանջյանին, Արմեն Մարտիրոսյանին և երկու տասնյակի չափ բողոքող քաղաքացիներին, չնայած բազմաթիվ լրագրողների ներկայությանը, բիրտ ուժի կիրառմամբ հեռացրին նշված վայրից: Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, և բժշկական օգնություն ցուցաբերվեց: Նույն օրը ՙԺառանգությունը՚ հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, որին մինչ օրս ընթացք չի տրվել (Կից ներկայացվում է առաջին հաղորդումը): Նույն օրը ոստիկանությունը ներկայացրեց երկու պաշտոնական հաղորդագրություն, որոնցով իրավաչափ էին որակվել ոստիկանների գործողությունները, և սադրիչ` «Ժառանգության» պատգամավորները: «Ժառանգությունը»  ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մարտի 9-ին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` պահանջելով քրեական գործ հարուցել օրինազանց բոլոր ոստիկանների նկատմամբ (Կից ներկայացվում է երկրորդ հաղորդումը): Նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը «Ժառանգության» կողմից «Հաղորդում հանցագործության մասին» ներկայացնելուց ժամեր անց իր պաշտոնական կայք-էջում տեղադրում է իր կողմից մարտի 4-ին հարուցված, բայց միայն մարտի 9-ին հրապարակված քրեական գործի մասին տեղեկատվությունը` մարտի 3-ին Հանրապետության հրապարակում ոստիկանների դեմ կյանքին չսպառնացող բռնություն կիրառելու հիմքով: Մարտի 14-ին Հատուկ քննչական ծառայությունը Արմեն Մարտիրոսյանին, իսկ մարտի 15-ին` Զարուհի Փոստանջյանին առանց կարգավիճակը նշելու պաշտոնական ծանուցման միջոցով հրավիրում են հարցաքննության` ոստիկանների դեմ բռնություն կիրառելու վերաբերյալ ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում: Մարտի 15-ից, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀ Արտաքին գործերի առաջին նախարար, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է հացադուլ Երևանի «Ազատության» հրապարակում:  Ոստիկանության աշխատակիցներն արգելել են հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին օգտվել հացադուլի ընթացքում հանգստի և առողջությունը վտանգի չենթարկելու անհրաժեշտ պայմաններից: Արդեն իններորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հացադուլը անցկացնում է բաց երկնքի տակ, քանի որ ոստիկանության աշխատակիցները առանց օրինական հիմնավորման բռնի ուժի գործադրմամբ արգելել են վրանի տեղադրումը: Չկարողանալով «Ժառանգությանը» շեղել իր ժողովրդավարակերտ ուղուց` քաղաքական բանտարկյալներ պահող իշխանությունը կուսակցության դեմ սկսեց գործել նաև քաղաքական պատանդ վերցնելու, պատգամավորների մասնակցությամբ անցած բողոքի գործողությունների վերաբերյալ քրեական գործեր հարուցելու և դրանք դամոկլյան սրի տեղ գործադրելու մեթոդներով: Հայաստանի ժողովրդավարական ուժերի, հասարակության և Եվրոպայի իրապես ժողովրդավարների դեմ նետված այս մարտահրավերների շուտափույթ հաղթահարումը չափազանց օրախնդիր է դարձել: Հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչ օրս չբացահայտված են մնում հատկապես վերջին տասնամյակի ընթացքում ընդդիմադիր ակտիվիստների, գործիչների, անկախ լրագրողների հանդեպ կատարված բոլոր հանցագործությունները, այդ թվում` մարտի 1-ի տաս սպանություն կատարողները: Բոլորիդ ահազանգում եմ իշխանության այս հերթական աննախադեպ ապօրինությունների մասին` ակնկալելով և պահանջելով ձեր լիազորությունների շրջանակներում համապատասխան վերաբերմունք և գնահատական: Զարուհի Փոստանջյան ԵԽԽՎ անդամ ԵԺԿ/Հայաստան Ստյոպա Սաֆարյան «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter