
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ՀՀ իշխանություններին կոչ են արել անհապաղ լուծել քաղբանտարկյալների հարցը:
«Դեռևս կալանավորված անձանց առկայությունը, ինչպես նաև 10 սպանությունների բացահայտված չլինելը շարունակում են թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը»,- ասել են համազեկուցողները` ավելացնելով, որ դա բացասաբար կարող է անդրադառնալ հաջորդ ընտրությունների վրա:
Նրանք կոչ են արել ՀՀ իշխանություններին` դրսևորել քաղաքական կամք և լուծել այս խնդիրներն անհապաղ:
Համազեկուցողները, որ անցյալ շաբաթ երկօրյա այցով գտնվում էին ՀՀ-ում, հայտնել են, որ Հայաստանի հարցը կդրվի քննարկման ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանում: Այսինքն` արդեն որոշված է, որ հարցը մտնելու է ԵԽԽՎ լիագումար նիստ:
Մինչ այդ, սակայն, ԵԽԽՎ-ում մեր հարցի հետ կապված այլ հետաքրքիր բաներ էլ են սպասվում, մասնավորապես, ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Համմարբերգի զեկույցը, համազեկուցողների զեկույցը և այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել