HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջմարզային երթուղիները չե՞ն ենթարկվում նախարարությանը

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտից  չեն գործում Վանաձորից, Սեւանից եւ Աբովյանից  դեպի Երեւան եկող երթուղային գծերը:

Նախաձեռնության  Վանաձորի ակտիվիստ –լրագրողներից մեկը տեղեկացնում է, որ այս պահին Վանաձորի ավտոկայանում շուրջ 80 մարդ է հավաքված, ովքեր չեն կարողանում հասնել  Երեւան: Քաղաքացիներին տեղեկացրել են` գազելները  չեն գործում այն պատճառով, որ չեն վերադարձել Երեւանից: Ուղեւորները  մայրաքաղաք կարողանում են տեղափոխվել  միայն տաքսիներով, որոնք այս օրերին բարձրացնում են երթեւեկության գինը:

Իսկ Սեւանի մեր ակտիվիստը փոխանցնում է, որ գազելները Երեւան են տեղափոխվում ոչ սովորական երթուղով եւ չեն կարողանում մուտք գործել մայրաքաղաք:

Աբովյանի կանգառներում, ինչպես փոխանցում  է նախաձեռնության մեկ այլ ակտիվիստ, այս պահին խառնաշփոթ է, եւ մարդիկ չգիտեն` ինչով հասնեն Երեւան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին  «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության ակցիայի ժամանակ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի խոսնակ Պետրոս Դեմիրճյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին միջմարզային տրանսպորտի  երթեւեկության խախտումների վերաբերյալ կազմել են արձանագրություններ`հիմնվելով նաեւ «Արժանապտիվ տրանսպորտ»-ի անցկացրած մոնիթորինգի արդյունքների վրա:
Ներկայացնում ենք հատված արձանագրությունից.

«Վերջին երկու օրերի ընթացքում ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից կազմվել է թվով 5 արձանագրություն` Շիրակի /2/, Լոռու /1/, Արմավիրի /1/ և Արագածոտնի /1/ միջմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների` համապատասխանաբար, «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ի, «Ոսկեթև» ՍՊԸ-ի, «ՎարՌուբ» ՍՊԸ-ի և «Դավթյանտրանս» ՍՊԸ-ի նկատմամբ»:

Երեկ  նախաձեռնության ակտիվիստներից մեկն ահազանգել է ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարություն եւ տեղյակ պահել մասնավորապես Աբովյան-Երեւան երթուղու չգործելու մասին: Նախարարության  մամուլի խոսնակը պատասխանել է, որ  կհանձնարարվի արձանագրություն կազմել տվյալ խախտման վերաբերյալ, սակայն, իրավիճակն ավելի է բարդացել:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի խոսնակ Պետրոս Դեմիրճյանը քիչ առաջ զանգահարեց`նշելով, որ  Վանաձոր, Աբովյան եւ Սեւան ուղղություններով արված մեր ահազանգին ընթացք է տրվել, եւ երկու-երեք օրում  կկազմվեն արձանագրություններ, եւ երկուշաբթի օրը տեղեկատվություն կտրամադրեն տուգանված  ընկերությունների մասին:
Նշենք, որ «Արժանապատիվ տրանսպորտը»  դեռեւս 4 օր առաջ էր ահազանգել նախարարությանը  մարզեր-Երեւան երթուղիների կաթվածահար վիճակի մասին, սակայն այս օրերի ընթացքում նշված ուղղություններով որեւէ փոփոխություն   չի կատարվել:

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

Sam
Երեք-չորս օրում արձանագրություն կկազմեն, երեք-չորս շաբաթում այդ արձանագրությունը կհասնի տեղ, երեք-չորս տարի ընթացք կտան այդ արձանագրություններին, մի քիչ էլ արանքում շաշկի-մաշկի, ու ուղիղ 2020-ին նշված դեպքերը կպարզվեն: Կեցցե՛ աշխարհի ամենաօպերատիվ տրանսպորտի և կապի նախարարությունը: Հայաստանը Դո՛ւ ես, կապի նախարար Մանուկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter