HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Գյումրի քաղաքի նորակառույց «Մուշ-2» թաղամաս, ծանոթացել կառուցապատման աշխատանքներին և շենքերի բնակարանային պայմաններին: Նորակառույց թաղամասում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարին  ներկայացվել է Շիրակի և Լոռու մարզերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի, ինչպես նաև «Մուշ-2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակեցման ընթացքը: Նշվել է նաև, որ «Մուշ-2» թաղամասում կառավարության որոշմամբ պաշտպանության նախարարությանը տրամադրվել է ութ բնակարան` Շիրակի մարզում հաշվառված անօթևան զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին հատկացնելու համար: Արդեն ավարտվել են ութ ընտանիքի վերաբերյալ փաստաթղթային և բնակարանային պայմանների ուսումնասիրությունները, վիճակահանությամբ բաշխվել են բնակարանները, և այսօր պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից այդ ընտանիքներին հանձնվել են իրենց բնակարանների հավաստագրերը: Երկրի ղեկավարը Գյումրիից մեկնել է Ամասիայի շրջանի Բանդիվան համայնք, այցելել` մարտական հենակետում 20.01.2011թ. հակառակորդի կողմից հրազենային գնդակից  մահացու վիրավորված և զոհված պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն: Նախագահն իր ցավակցությունն է հայտնել ազատամարտիկի ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել  Հովհաննեսի նման որդի դաստիարակելու համար և ներողություն խնդրել, որ չկարողացավ պահպանել նրա կյանքը: «Որպես Երկրի Նախագահ, կարող եմ ձեզ խոստանալ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի, որ այդ խաղաղությունն արժանապատիվ լինի: Դա լավագույն հարգանքի տուրքը կլինի մեր բոլոր զոհվածների հիշատակին: Նրանք կարողացան կյանքի գնով պաշտպանել մեր Հայրենիքը, մենք կկարողանանք արժանապատիվ խաղաղություն կնքել»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն այնուհետև Հովհաննեսի հոր և պապի հետ այցելել է  ազատամարտիկի շիրիմին: Ամասիայի շրջանում Նախագահն այցելել է նաև Բանդիվան համայնքում գտնվող «Բանդիվան կաթ» ՍՊԸ,  ծանոթացել գյուղական համայնքում գործող այս ընկերության աշխատանքներին, հետաքրքրվել մթերման և արտադրական ծավալների ընդլայնման հնարավորություններով: Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ ընկերությունը գործում է 2007 թվականից, զբաղվում է կաթի վերամշակմամբ` կարագի և պանրի արտադրությամբ, ինչպես նաև խոզաբուծությամբ: «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ում Նախագահին խոստացել են ընդլայնել արտադրական ծավալները, որն զգալիորեն կնպաստի նաև գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Բանդիվանում Երկրի ղեկավարին ներկայացրել են համայնքի առավել կարևոր խնդիրները: Դրանք վերաբերել են գազիֆիկացմանն ու գյուղտեխնիկայի ձեռքբերմանը:  «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի սեփականատերը Նախագահին խոստացել է զբաղվել գազիֆիկացման խնդրի լուծմամբ ևս, ինչն այսօր համայնքի համար առավել քան հրատապ է`  նկատի առնելով, որ  ս.թ. ապրիլի 1-ից գազի գինը նվազելու է: Սերժ Սարգսյանը համայնքապետի հետ զրուցել է գյուղի զարգացման խնդիրների շուրջ, խոստացել, որ կաջակցի անհրաժեշտ գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter