HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհը եւ մենք - 2011

Նվիրվում է Վուդրո Վիլսոնի անմար հիշատակին 2011 թ. սկիզբը խաղաղ էր ու նույնիսկ շատ խաղաղ և որևէ կերպ համաշխարհային  կամ տարածաշրջանային կրքերի բորբոքում չէր էլ սպասվում կամ դիտարկվում, այն էլ արաբական աշխարհում, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ իսլամական աշխարհում (հակաիշխանական ելույթներ և ընդհարումներ տեղի են ունեցել նաև Իրանում): Դժվար է հասկանալ այս շարժումների շատ ավելի խորքային պատճառները, քան այն,  ինչ շատ ավելի երևացող է ու մակերեսային, պարզ ու միանշանակ: Սակայն մեր կարծիքով, այս ամենը լավ հասկանալու համար նախ պետք է ճիշտ գնահատել իրադարձությունների զարգացումը համաշխարհային ենթատեքստում, հետո նոր փորձել որոշակի եզրակացությունների հանգել: Սա անհրաժեշտ է նախ և առաջ մեզ, պատկերացնելու համար իրադարձությունների հետագա ընթացքը ոչ միայն գլոբալ, այլև առաջին հերթին տարածաշրջանային  իմաստով: Իսկ որոնք էին այն իրադարձություններն ու իրողությունները (խոսքը հիմնականում գնում է 2010թ-ի և 2011թ սկզբի մասին), որոնք էական ազդեցություն են ունեցել ներկայիս իրողությունների եւ իրադարձությունների ձևավորման, ընթացքի ու զարգացման վրա: Նշենք դրանցից, մեր կարծիքով՝ ամենաէականները. 1. Ռուս-ամերիկյան  պայմանագրի կնքումը` ստրատեգիական հրթիռների կրճատման ու վերահսկման վերաբերյալ, 2. ԱՄՆ-ի կողմից ժողովրդավարական արժեքները որդեգրած երկրներին ու ժողովրդավարական շարժումները պաշտպանելու և ըստ ամենայնի աջակցելու և ոչ ժողովրդավարական երկրներին տրվող օգնությունները էապես կրճատելու նոր մարտավարությունը, 3. Եվրամիության առաջատար երկրների ղեկավարների շատ ավելի իրատեսական ու խիստ ելույթները մուլտիկուլտուրալիզմին ուղղված քաղաքականության ձախողման և իսլամական երկրներում ի համեմատ եվրոպական երկրների քրիստոնեական համայնքների քաղաքական և իրավական վատ ու ոչ ադեկվատ վիճակում գտնվելու վերաբերյալ, 4. Wikileaks-ի կողմից ամերիկյան դիվանագիտական գրագրության բացահայտումները` ուղղված տարբեր երկրների իշխանությունների ղեկավար շրջանակների էության և իրական բնույթի վերհանմանը, 5. Ինտերնետային տեղեկատվության գլոբալ հասանելության աստիճանի մեծացումը` ազատ ու անկողմնակալ տեղեկատվությունը հատկապես ոչ ժողովրդավարական երկրների ժողովուրդներին հասցնելու առումով, 6. Արաբական աշխարհում և հատկապես Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներում լայն զանգվածների արտագաղթը և ձգտումը դեպի Եվրոպա, մեծացող կապը Եվրոպայի հետ, երիտասարդության մեջ մեծ չափերի հասած եվրոպական ապրելակերպի տարածումը, 7. Արաբական աշխարհի ազդեցության չափից ավելի մեծացումը` կապված ինչպես նրանց նավթագազային ռեսուրսների, դրանց արդյունահանման ու արտահանման  հսկայական չափերի, այնպես էլ ընդհանրապես տնտեսական ու քաղաքական դերի, միասնականության և ֆունդամենատալ իսլամիզմի դրսևորման աճի հետ, 8. ԱՄՆ-ի կողմից որդեգրած նոր տնտեսական զարգացման դոկտրինն ու ռազմավարությունը` միտված երկրի տնտեսության` նավթից ու բնական գազից ունեցած կախվածությանը վերջ դնելուն, նույն ճանապարհով ընթանալու Եվրոպայի ու Ճապոնիայի վճռականությունը, 9. Նավթագազային  ռեսուրսներով հարուստ որոշ երկրների կողմից երբեմն-երբեմն դրսևորվող շանտաժներն ու միջազգային իրավիճակն ապակայունացնելուն միտված քայլերը (Ռուսաստան, Իրան, Վենեսուելա, Լիբիա) վերջ տալու անհրաժեշտության գիտակցումը զարգացած աշխարհում, 10. Մերձավոր Արևելքը որպես հակաարևմտյան քաղաքականության տարածման ու հակաարևմտյան պայթյունավտանգ տարածաշրջան օգտագործելու որոշ ուժերի (Ռուսաստան, Չինաստան, Իրան) ջանքերին այսուհետեւ վերջ տալու ԱՄՆ-ի վճռականությունը, 11. ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանը որպես ռազմաքաղաքական ախոյան չդիտարկելու բացահայտ փաստը, 12. ԵԱՀԿ Աստանայի վեհաժողովում ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնի և Ֆրանսիայի արտգործնախարարի խիստ ելույթները` կապված Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված Ռուսաստանի և Ադրբեջանի միասնական «հակահայկական» դիրքորոշման դեմ, 13. Չինաստանի նախագահ Հու Ցզինթաոյի պաշտոնական այցն ԱՄՆ և հարաբերությունների հնարավորինս հստակեցումը (Չինաստանի կողմից ԱՄՆ գերակա  դերի, միմյանց հետ տնտեսապես փոխկապակցված լինելու, Չինաստանի համար ԱՄՆ-ի հետ բարեկամական ու ռազմավարական-գործընկերային հարաբերությունների  առաջնայնության ընդունումը, ժողովրդավարական զարգացման ճանապարհով ընթանալու և մարդու իրավունքների ու ազատությունների հարգման անհրաժեշտության ընդունումը), 14. Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդեվի` Դավոսում ունեցած ելույթում հնչած և զարգացած աշխարհի հետ ինտեգրմանը միտված 9 հիմնադրույթների բնույթն ու խոստումները, 15. Եվրամիության կողմից Նաբուկկո գազամուղի համար գազամատակարարման վերաբերյալ հստակ համաձայնությունների ձեռքբերումը Ադրբեջանի ու Թուրքմենստանի հետ, 16. Ռուսաստանի տնտեսական ու ռազմաքաղաքական ծանր վիճակը, տարածքի անկառավարելիության բարձր աստիճանը և չափազանց կոռումպացված ու անիրավական պետություն, ինչպես նաև փաստական կայսրություն լինելու հանգամանքը որպես նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու անընդունակության առհավատչյա, 17. Եվրամիության կողմից էներգետիկական նոր հայեցակարգի ընդունումը` միտված էներգակիրների ներմուծման դիվերսիֆիկացման, գազամատակարարից գազատրանսպորտային համակարգի անկախության պահանջի և այդ իմաստով Ռուսաստանից ունեցած կախվածության թուլացմանը, 18. Աշխարհն ապակայունացնող տարածաշրջանների հիմնախնդիրների արագ լուծմանն ուղղված և աշխարհում համապարփակ խաղաղության ու կայունության հաստատման, հնարավորինս արդար ու զարգացած համաշխարհային հանրության  ստեղծման ըմբռնումն ու ձգտումը` առաջին հերթին ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից, 19. Հետամնաց և անկայունություն սերմանող երկրների հետադիմական ու բռնակալական ռեժիմներին  հովանավորելու և նրանց  աջակցելու Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի վարած քաղաքականությանը վերջ դնելու անհրաժեշտության գիտակցումը զարգացած աշխարհի և հատկապես ԱՄՆ-ի կողմից, 20. Սուդանի դեպքերի և հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերն ու արդյունքները, դրա դասերը, 21. Ռուսական Հեռավոր Արևելքում ահագնացող չինական էքսպանսիայի դեմն առնելու Ռուսաստանի գրեթե անկարողունակ վիճակը, 22. Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ազդեցության զգալի ու կտրուկ թուլացումը` ի հաշիվ Չինաստանի եւ ԱՄՆ-ի ազդեցության աճի, 23. Աստանայից հետո Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների անորոշ վիճակն ու Ադրբեջանի կողմից դեպի Եվրամիություն ու ԱՄՆ կատարած տեղաշարժը, 24. Հյուսիսային Կովկասում նոր ուժով բորբոքված և արդեն իսկ շատ սուր բնույթ ստացած անջատողական շարժումները, տարածաշրջանում իսլամական ազդեցության անշեղ աճը, 25. Վրաստանում քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ակնառու դրական արդյունքները, 26. Հայաստանի հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը, 27. Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական հենակայանի ու սահմանապահ զորքերի գործունեության երկարաձգումը և ըստ էության Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանին հանձնելու զավեշտալի փաստը, Ռուսաստանից ունեցած կիսագաղութային կախվածությունը, 28. Եվրոպական Միության «Արևելյան Գործընկերության» բացառիկ դերը հետխորհրդային 5 հանրապետությունների` Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար` տնտեսական ու քաղաքական զարգացման, ինչպես նաև Ռուսաստանի կայսրապետական նկրտումներից ձերբազատվելու նպատակով, 29. Հայաստանի իշխանությունների հակաժողովրդական բնույթը, նրանց լիգիտիմության հանդեպ գոյություն ունեցող մեծ անվստահությունն ու կասկածները, 30. Կոնֆլիկտների ռազմական ճանապարհով լուծման անթույլատրելիությունը. դրանց խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, չլուծված կոնֆլիկտը ծանր բալաստ է հակամարտող կողմերի համար, երկրների ու ժողովուրդների դեգրադացիայի պատճառ: Թվարկված յուրաքանչյուր իրողության կամ իրադարձության նույնիսկ պարզ ու իրատեսական դիտարկումից հետո կարելի է գալ այն եզրակացության, որ աշխարհը շարունակում է գնալ գլոբալ փոփոխությունների և դրա ընթացքին դեմ գնալը հավասար է ինքնասպանության: Թվում է, թե վերը նշված կետերի մեծ մասը մեզ չեն վերաբերում, սակայն հենց այդ համաշխարհային իրողությունները չիմանալը, չընդունելն ու չհասկանալը հենց մեզ համար կարող են ճակատագրական լինել, քանի որ մեր իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան հենց այդպիսին: Մենք պետք է շատ պարզորեն հասկանանք, որ գտնվելով համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանում, կարևորագույն ապրանքաֆինանսական հաղորդակցական միջանցքներից մեկի առանցքային հատվածում, չենք կարող խուսափել համաշխարհային զարգացումներից և ուզենք թե չուզենք, դառնալու ենք նրա բաղկացուցիչներից մեկը: Այժմ ԱՄՆ-ի և բոլոր կիսագերտերությունների ու խոշոր տարածաշրջանային տերությունների համար գերխնդիրը աշխարհը հնարավորինս կայուն ու զարգացած դարձնելն է, որը իրապես կարևորագույն հիմնախնդիրն է, և որի լուծմամբ են պայմանավորվելու համաշխարհային մյուս հիմնախնդիրների լուծումները: Այս հիմնախնդրի լուծման ուղիներից մեկը ազատության ու ժողովրդավարության, ինչպես նաև հնարավորինս սոցիալական արդարության հաստատումն է գլոբալ մասշտաբով, համաշխարհային քաղաքացիական հասարակության ձևավորումը: Սրան ուղղված փոփոխությունները դիտվելու են ամենուրեք, չի խուսափելու դրանցից ոչ մի պետություն ու հասարակություն, քանզի սա ունենալու է ձնագնդի էֆեկտ: Այս գաղափարը համաշխարհային առումով սաղմնավորվել է դեռ 20-րդ դարում, տարբեր մոտեցումներով, սակայն վերջնական արտահայտության ու տեսքի է եկել միայն վերջին 20 տարիների ընթացքում, իսկ այն գեներացնող կարևորագույն առիթ հանդիսացավ 2008-2009թթ ֆինանսատնտեսական ճգնաժամը: Իսկ որոնք են այն եզրակացությունները, որոնց պետք է հանգենք, և որոնք են այն հետևությունները, որ մենք պետք է անենք: Եզրահանգումներ. - Համաշխարհային ու տարածաշրջանային հիմնախնդիրներն այժմ կարող են լուծվել և լուծվում են միայն գլոբալ խնդիրների լուծման ենթատեքստում և միայն ԱՄՆ-ի  ու Եվրամիության, այլ կերպ ասած ՆԱՏՕ-ի  կողմից. - Ռուսաստանը այլևս ու վերջնականապես գերտերություն չէ, որքան էլ շարունակի ամբիցիաներ դրսևորել, նրա ուշադրությունն այսուհետ ուղղված է լինելու երկիրը վերջնականապես փլուզումից փրկելու և Հեռավոր Արևելքը Չինաստանին չզիջելու վրա. - Աշխարհում խաղաղության ու կայունության երաշխավորը ԱՄՆ-ն է. նրա հզորությունը. - Աշխարհում ազատության, մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների միակ հաստատակամ պաշտպանը ԱՄՆ-ն է, նրա հզորությունը. - Ազատությունը մարդկային հասարակության ու անհատի բարձրագույն արժեքն է, Ժողովրդավարությունը` մարդկային հասարակության ինքնակազմակերպման ու ինքնակառավարման առումով մեծագույն նվաճումը, առանց ազատության չի կարող լինել ժողովրդավարություն, իսկ առանց ժողովրդավարության չի կարող լինել ազատություն. ազատությունը տրված է մարդուն ի վերուստ, հետևաբար ազատության ձգտումը բնականոն է, այն ձգտում է դեպի կատարյալը, միայն ազատ մարդն ու ազատ հասարակությունը կարող են լինել հնարավորինս կատարյալին մոտ, - Աշխարհի բոլոր երկրներն ի վերջո գնալու են ժողովրդավարական զարգացման ճանապարհով, հասարակական-քաղաքական զարգացման այլ ճանապարհ, որն առավել լիարժեք արտահայտի հասարակության բոլոր խավերի շահերն ու իղձերը, նպաստի քաղաքացիական հասարակության ձևավորմանը մարդկությունը դեռ չի հայտնաբերել: - Ժողովրդավարությունն  ու զարգացումը սերտորեն փոխկապակցված են, մեկը մյուսով պայմանավորված, իրական զարգացումը հնարավոր է միայն իրական ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության առկայության պայմաններում: - ԱՄՆ-ի զգալի չափով գերակա դերն աշխարհում բացառիկ կարևոր է և նրա դերի նվազումը հետագայում կարող է աշխարհը կանգնեցնել անկառավարելի ու քաոսային իրավիճակների առջև, այդ իսկ պատճառով աշխարհը պետք է հնարավորինս արագ գնա  համամարդկային արժեքների` ժողովրդավարության, ազատության ու մարդու իրավունքների գերակայության ընդունմանը` անկախ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթական առանձնահատկություններից: - Ժողովուրդների պայքարն հանուն ազատության ու ժողովրդավարության, սեփական երկրների ինքնիշխանության ապահովման գրավականն է, համաշխարհային զարգացած հանրության լիիրավ անդամ դառնալու անհրաժեշտ պայմանը: - Վրաստանի օրինակը հսկայական հոգեբանական ազդեցություն է ունեցել տարածաշրջանային զարգացման ու հատկապես հայ հասարակության վրա: - Հայաստանի համար կարևորագույն խնդիրը մնում է զարգացման ու կողմնորոշման հարցը. Ռուսաստանից ունեցած ստորացուցիչ կիսագաղութային կախվածությունը Հայաստանին տանում է դեպի ինքնիշխանության վերջնական կորուստ, հայաթափություն ու չգոյություն: - Ղարաբաղյան հիմնախնդիրն անհրաժեշտ է լուծել հնարավորինս կարճ ժամկետում և ամենակարևորը` արժանապատվորեն, հնարավորիս ձերբազատվելով ռուսական պարտադրանքներից: - Ղարաբաղյան հիմնախնդրի չլուծված ու առկախ վիճակի պահպանումն առաջին հերթին ձեռնտու է հայաստանյան իշխանություններին, իրենց իշխանության հնարավորինս երկարաձգման, ժողովրդին պատերազմական վիճակով ու Ղարաբաղը կորցնելու մասին հեքիաթներով սնելու և  հակաիշխանական հուզումներից հետ պահելու համար: - Մեր տարածաշրջանի երկրների համար առաջնահերթ խնդիրը պետք է լինի կայունության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, զարգացած ու քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելը. սա է տարածաշրջանի ու մեր երկրի զարգացման կարևորագույն գրավականը: *** Այժմ փորձենք անկողմնակալ կերպով ներկայացնել մեր երկրի իրական վիճակն ու պատկերը վերը նշված իրողությունների ու եզրահանգումների ներքո. - Հայաստանը, չնայած Սահմանադրության համաձայն ժողովրդավարական, իրավական, սոցիալական երկիր է, սակայն ըստ էության հանդիսանում է ավտորիտար` ոչ ժողովրդավարական, ոչ իրավական և ոչ սոցիալական պետություն, քանզի երկրում չկա հասարակության ու անհատի ազատ կամքի և ազատ ընտրության արտահայտության հնարավորություն, չկա օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, իսկ սոցիալական առումով հանդիսանում է քրեաօլիգարխիկ: - Միջազգային ասպարեզում և արտաքին հարաբերություններում Հայաստանը հանդես է գալիս չափազանց անարժանապատիվ կեցվածքով` որպես ռուսական սատելիտ ու կիսագաղութային պետություն, միաժամանակ ոչ մի լուրջ քաղաքական ու տնտեսական հարաբերություն չձևավորելով իր հարևաններից որևէ մեկի  հետ: Միջպետական հարաբերություններում իշխում է պատեհապաշտությունը և իշխանական վերին օղակների անձնական շահագրգռությունը: - Բարձրագույն իշխանությունների ջանքերով երկրում ձևավորվել է յուրահատուկ խաթարված հասարակական մտածողություն ու համակարգ, որի էությունը կայանում է նրանում, որ հասարակության ու անհատի համար «բարոյական» բարձրագույն արժեքը խաբեությունն է ու ինքնախաբեությունը, երբ բոլորը խաբում են պետությանն ու հասարակությանը, միաժամանակ շատ հանգիստ ընդունելով, որ իրենց էլ ուրիշներն են խաբում, ընդ որում կարևորը այդ խաբեությունների շղթայից օգուտով դուրս գալն է. ով ավելի մեծ խաբեբա ու սրիկա է, նա հասարակության կողմից ավելի մեծ «հարգանքի» է արժանանում: - Պետական մարմիններում վերևից ներքև տիրում են կոռուպցիան, կաշառակերությունն ու գանձագողությունը. ով ավելի շատ է թալանում երկիրը, պետական միջոցները և հասարակությանը, նա  դառնում է իշխանությունների համար կարևոր և համակարգի կողմից ավելի պաշտպանված անձ: Նախագահից մինչև գյուղապետ ու դպրոցի տնօրեն խոսում են կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, բայց բոլորն էլ անխտիր անօրինական ճանապարհով հարստացած մարդիկ են, բայց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում դրա համար, իբրև թե դա անապացուցելի է: Սակայն ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հստակորեն տալիս է անօրինական հարստացածի բնորոշումը. այն է` «երբ պաշտոնյայի ծախսերը զգալիորեն ու անհիմն կերպով գերազանցում են նրա օրինական եկամուտները»: Եթե հետևենք սրան, ապա Հայաստանի գրեթե բոլոր պաշտոնյաները պետք է  ենթարկվեն քրեական պատասխանատվության: - Խայտառակ պատկեր է «քաղաքական» համակարգում. այն ըստ էության բազմակուսակցական համակարգի իմիտացիա է և մեր կարծիքով կարիք ունի մի փոքր ավելի մանրամասն ներկայացնելու. այն է` Հանրապետական կուսակցությունը ոչ թե կուսակցություն է, այլ իշխանությանը քծնողների և իշխանությունից մի բան պոկելու հույսով այնտեղ անդամագրվածների մի ստվար բանակ: Նույնիսկ կուսակցության վերնախավում քաջ Նազարի բախտով հանգրվանած շատ ու շատերի, եթե ոչ բոլորի համար կարևորը ոչ թե կուսակցության, այլ իշխանության մեջ լինելու գործոնն է: Այն կուսակցությունը, որն իբրև թե միտված է քարոզելու Մեծն Նժդեհի գաղափարները, դարձել է ազատության ու ազգային արժանապատվության նժդեհյան գաղափարների դեմ պայքարող հակաժողովրդական կազմակերպություն, ստորաքարշություն ու քծնանք քարոզող իշխանական կառույցի մի մասնիկ: Վստահ ենք, վստահ են նաև բոլոր հանրապետականները, որ իշխանության կորստի դեպքում կուսակցության մեջ նմուշի համար մեկ մարդ էլ չի մնա: Ժողովրդի համար թերևս լիովին չբացահայտված են մնում «Բարգավաճ Հայաստանի» շատ ավելի խորքային նպատակներն ու Գագիկ Ծառուկյանի հետևում թաքնվող խորքային ուժերը: Թերևս սա է, որ ոչ հանրապետական իշխանամետներին ու հասարակ ժողովրդի մի մասին (որոնց որոշակի օգնություն ու աջակցություն է տրվում) կապում է այս կուսակցության հետ: Ինչ խոսք, Ծառուկյանը հեռու գնացող ու ամբիցիոզ ծրագրեր ունի, բայց հարց է, նրա ծրագրերից արդյոք ինքն է օգտվելու, թե նրա հետ նաև մեկ ուրիշը, բացի դրանից` նա իշխանության մաս է կազմում և կրում է դրանից բխող բոլոր պատասխանատվությունները: Այդ իսկ պատճառով այս կուսակցությունն ավելի շատ երկրում բազմակուսակցական համակարգ ցույց տալու և այլընտրանքի պատրանք ստեղծելու համար է: «Օրինաց երկիր» կուսակցությունը նույնպես այդ ծրագրին է ծառայում, սակայն շատ ավելի անբարոյական դրսևորումներով, որը չի կարելի պնդել «Բարգավաճի» նկատմամբ: «Օրինացի» ճղճիմությունը, ժողովրդին խաբելը, թյուրիմացության մեջ գցելն ու իր հետևից տանելը, 30 արծաթով ժողովրդի մի ստվար հատվածին դավաճանելը հավերժական խարան է այդ կուսակցության և Արթուր Բաղդասարյանի ճակատին: Նման կուսակցությունը չի կարող երկար գոյատևել, վկա` «Ազգային միաբանության» ճակատագիրը: Հայ Յեղափոխական Դաշնակցություն, կուսակցություն որի մուտքը անկախ Հայաստան բազմաթիվ ազնիվ ու հայրենասեր մարդկանց համար դիտվում էր պարտադիր ու այնքան սպասելի: Դաշնակցությունը եկավ, բայց ինչպես ասում են, վայ էն գալուն: Շատ հայրենասեր տղաներ գնացին դաշնակցականների հետևից, բայց կյանքը ցույց տվեց, որ նրանք ուղղակի խաբվեցին, այ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ մնում է մի մութ կազմակերպություն, մութ գործելաոճով, մութ նպատակներով: Միայն այն հանգամանքը, որ  կուսակցության վերնախավը սեփական ազատության դիմաց և իշխանության մաս կազմելու «պայմանով» համաձայնության գալով իշխանությունների հետ, սկսեց իշխանությունների ջրաղացին ջուր լցնել, դավաճանել իր սոցիալիստական ու ազգային կոչմանը, բավական է պատկերացում կազմելու նրանց մասին, էլ ուր մնաց թե այն ոգևորությունը, որով նրանք ակտիվորեն սկսեցին մասնակցել երկրի ու ժողովրդի թալանին, սփյուռքին դարձնել «կթու կով» հայստանյան իշխանությունների համար, իշխանության հետ լծվել ռուսական քարոզչամեքենային, պայքարել ազատամտության դեմ, անընդհատ վախ սերմանել թուրքերի հանդեպ, հայրենասիրական թատրոն խաղալ ժողովրդի առաջ: Հայտնի է, որ ՀՅԴ-ն էր ամենից կատաղի հանդես գալիս հայ-թուրքական արձանագրությունների և հատկապես պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կետի դեմ, որի նպատակն իբրև թե անցյալի խնդիրները վեր հանելն էր լինելու (այստեղ տեղին է հիշել ՀՅԴ բոստոնյան ախիվների բացման վերաբերյալ թուրքերի պահանջը): Այստեղ բնականաբար հարց է ծագում, եթե դուք իրոք մաքուր եք ձեր ժողովրդի առջև, ինչ կարիք կա ջուրը պղտորել: Իսկ միգուցե իրո՞ք մի բան կա, և դրա համար որոշեցիք ընդդիմություն խաղալ: Սակայն, ինչպես ասում են, գնացքը գնացել է, պարոնայք դաշնակներ: Կարելի է մեծ վստահությամբ ասել, որ դաշնակցությունն արդեն իսկ քաղաքական հոգեվարքի մեջ է, և նրա ապագան կանխորոշված է, թեկուզև այժմ որքան էլ ջանա հանդես գալ ազատ ու արդար ընտրությունների կոչով (չէ որ դաշնակների մասնակցությամբ են կեղծվել նախորդ մի քանի ընտրությունները): Այս կուսակցությունները իշխանական շղթայի բաղկացուցիչ օղակներն են և կատարում են բարձրագույն իշխանությունների կողմից իրենց վերապահված դերը: Վերջին շրջանում շատ էր խոսվում հանրապետական-բարգավաճ հակամարտության, իշխանական կոալիցիայի նորացման ու Սերժ Սարգսյանին Բարգավաճի կողմից 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ սատարման և վերջապես հուշագրի մասին: Սրա վերաբերյալ անհրաժեշտ է հստակ կերպով ասել, որ երբեք հանրապետական-բարգավաճ հակամարտություն չի եղել, դա  հակամարտության իմիտացիա է, ժողովրդին ապակողմնորոշելու համար, իսկ ինչ վերաբերում է բարգավաճի կողմից Սարգսյանին սատարելուն, ապա փաստն ինքնին զավեշտալի է, երբ ընտրություններին դեռ 2 տարուց ավելի ժամանակ կա: Իսկ որ բարգավաճն ընտրությունների ժամանակ սատարելու է հենց Սարգսյանին, դա միանշանակ է, պարզապես  նշված «հակամարտությունը» բարգավաճի համար տակտիկական խնդիր էր` միտված խորհրդարանական ընտրություններին: Սակայն Սարգսյանի համար հուշագրի ստորագրումն ուներ կարևոր նշանակություն. այն «լուծում է» երեք խնդիր, նախ ԱՄՆ-ին ցույց է տալիս, որ իշխանությունը ուժեղ է, լիգիտիմ ու «հաստատակամ» բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու համար, երկրորդ, որ Ռուսաստանին համոզիչ կերպով ցուցադրի իր և կոալիցիայի ամրությունը, Ռուսաստանի կողմից հովանավորյալ այլ թեկնածուներին բացառելու համար, և երրորդ, որպեսզի հայաստանյան հասարակությունը համոզվի երկիրն իր և ոչ թե Քոչարյանի կողմից կառավարվելու մեջ, սրանից բխող այն հետևությամբ, որ Քոչարյանն այլևս նախագահության հույս չի կարող ունենալ: Սակայն անընդհատ խորացող քաղաքական ու սոցիալ-տնտեսական ծանր կացությունը դժվար թե թույլ տա իշխանությանը ինքնապահպանվել ու վերարտադրվել. հույսը հիմնականում Ռուսաստանն է` հնարավոր բոլոր զարգացումների դեպքում (վկա` երկրի անվտանգության ողջ համակարգը և փաստորեն երկիրը ռուսներին հանձնելու հակապետական քայլը): Ցավալի է նշել, բայց հայաստանյան իշխանությունների ճարպիկ հնարքների և այսպես կոչված «ընդդիմադիր» կուսակցությունների ու գործիչների «հացիվ» ապրելու մեծ ձգտումն ու չափազանց հեշտ «գաղափարազրկվելը» նպաստեցին ընդդիմադիր առանց այն էլ թույլ դաշտի քայքայմանն ու ժողովրդի աչքում բարոյազրկմանը: Այս պարագայում ժողովուրդն ինչպես կարող է վստահել ընդդիմադիր կեցվածք ընդունողներին: Ժողովրդի մի զգալի շերտի մոտ ընդդիմության հետ կապված որոշակի քաղաքական հույսեր արթնացան «Ժառանգության» քաղաքական դաշտ մտնելուց և 2008թ. նախագահական ընտրություններից հետո: Սակայն, ինչպես գիտեք, նախագահական ընտրություններից հետո իշխանություններն անցան աննախադեպ բռնությունների, ոչնչացնելու համար անկառավարելի ընդդիմությանը: Այս դեպքերը միանշանակ ցույց տվեցին իշխանական համակարգի հանցավոր էությունը և հանցավոր կապը ռուսաստանյան իշխանությունների հետ` ուղղված սեփական ժողովրդի դեմ: Իշխանություններին հաջողվեց պահպանել իրենց իշխանությունն ամեն գնով, ընդվզման հզոր ալիքը հանդարտեցնել, և նույնիսկ պառակտել «Ժառանգությանը»: Այնուամենայնիվ «Ժառանգությունը» որպես խորհրդարանական ընդդիմություն չափազանց կարևոր դեր է կատարում երկրի հասարակական-քաղաքական կյանքում և արժանին պետք է հատուցել նրան: Ինչ վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանին, մարդու, որի ինտելեկտուալ մակարդակը և զանգվածների վրա ազդելու բնատուր ձիրքն ու հռետորական վարպետությունը մենք  շատ բարձր ենք  գնահատում, ապա նա չգիտես ինչ տակտիկական կամ ռազմավարական նկատառումներից ելնելով, հանրահավաքների ժամանակ սկսել է ռեվերանսներ անել Ռուսաստանի կողմը, փնովելով Արևմուտքին ու մարդանց ուղղակի ապակողմնորոշելով Ռուսաստանի հարցում: Ժողովրդին չի կարելի խաբել, չի կարելի ապակողմնորոշել, թեկուզև տակտիկական նկատառումներով, դա հավասար է ժողովրդի դեմ գործած հանցանքի: Բացի դրանից` Տեր-Պետրոսյանը երևի թե չկարողացավ տարանջատել տակտիկական խաղը առաջնորդի դերակատարումից, առաջնորդ, որի առաջին պարտականությունն է ազնիվ լինել իր հետևորդների հանդեպ և գնալ մինչև վերջ: Հազարավոր մարդիկ ուղղակի հիասթափվեցին եռամսակային հանրահավաքներից և արդեն սովորական դարձած, համոզիչ, խելացի, նույնիսկ տաղանդավոր, բայց ոչինչ չտվող վերլուծություններից: ՀԱԿ-ի առաջնորդը պետք է ոչ թե հույսը դնի միայն այս կամ այն հզոր երկրի հովանավորության, այլև առաջին հերթին ազատության համար մղվող պայքարի և պայքարը մինչև վերջ տանելու վրա: Տեր-Պետրոսյանի ելույթներից պարզ է դառնում, որ նա իր հույսերը Ռուսաստանի հետ է  կապում: Այս աշխարհի հզորները հարգում ու թիկուն են կանգնում միայն մինչև վերջ  ժողովրդին իր ետևից տանողներին: Ցավալի է, բայց փաստ, որ Տեր-Պետրոսյանը չի  ցանկանում մինչև վերջ պայքարել: Ազատության համար պայքարը քաղաքական խաղ չի հանդուրժում, դա հակաբարոյական է: Շատ հավանական է, որ Տեր-Պետրոսյանը սպասողական դիրք է ընդունել երկրի ֆինանսատնտեսական առանց այն էլ ծանր վիճակի խորացման ֆինանսատնտեսասկան համակարգի փլուզման, գրավյալ տարածքների  սպասվելիք հանձնման ու Ղարաբաղյան խնդրի ոչ հայանպաստ լուծման հետ կապված, որը կարող է ժողովրդական հուզումների հզոր ալիք բարձրացնել ու իշխանափոխության հանգեցնել: Տակտիկապես նա միգուցե ճիշտ է, քանզի նա չի ցանկանա կրկին քավության նոխազ լինել,  սակայն պայքարի ու գաղափարական առումով այն չի կարող իրեն արդարացնել: Եվ ահա թե ինչու. մեր կարծիքով այս իրադարձությունների հետ կապված պետք չէ մեծ հույսեր կապել ժողովրդական լայն ընդվզման ու խաղաղ ճանապարհով իշխանափոխություն ունենալու հետ: Առաջինը պայմանավորված կլինի նրանով, որ նախ ժողովուրդը չի ցանկանա նոր պատերազմ, երկրորդ, որ մարդիկ հոգնել են Ղարաբաղյան ծամծմված հիմնախնդրից, շատ դեպքերում գիտակցելով, որ այն Ղարաբաղյան կլանի ջանքերով ավելի շատ թատրոնի է վերածվել, քան լուրջ հակամարտության, երրորդ, որ Ղարաբաղի անկախության դիմաց գրավյալ տարածքների մի մասը հետ վերադարձնելու մտքի հետ այժմ շատերն են համակերպվել, չորրորդ, որ ժողովրդի մոտ մարել է այն մարտնչող ու ազատատենչ ոգին, որով հնարավոր դարձավ Ղարաբաղի ազատագրումը, հինգերորդ, որ ժողովրդի ու հատկապես պատերազմում մարտնչած հազարավոր հասարակ քաղաքացիների սոցիալական ծանր վիճակը, և դրան հակառակ իշխանավորների ու հատկապես ղարաբաղյան կլանի չլսված հարստացումը, նրանց լկտի պահվածքն ու ժողովրդի հարստահարումը, Ղարաբաղի փաստական դատարկումը, շատերի Երևանում հաստատվելն ու ցոփ ու շվայտ կյանք վարելը միայն ատելություն են առաջացրել իշխանությունների ու «ղարաբաղցիների» նկատմամբ: Ահա Քոչարյանի ու Սարգսյանի գործունեության վառ արդյունքը: Եվ այս հանգամանքը նրանք շատ լավ  են հաշվի առել: Սրա հետ կապված բացառվում է նաև խաղաղ իշխանափոխությունը: Այս իշխանությունները խաղաղ կամ ընտրությունների ճանապարհով իշխանությունը երբեք չեն  հանձնի, նրանք շատ ու շատ հարցերով պատասխան տալու խնդիր ունեն, իսկ դա  նշանակում է, որ պատրաստ են կրկին արյուն թափելու: Այնուամենայնիվ Տեր-Պետրոսյանի ռուսամետ կեցվածքը լավ բան չի կարող հուշել, թեկուզև դառնա նախագահ: Դրանից ըստ էության ոչինչ չի փոխվի: Ռուսամետ իշխանությունը Հայաստանին ու հայ ժողովրդին չի կարող որևէ լավ բան առաջարկել, չի կարող երկրում ազատություն ու ժողովրդավարություն հաստատել, չի կարող երկրին փաստական անկախություն ապահովել: Բացի դրանից` վստահություն չի ներշնչում նրա նախորդ գործունեությունը, շրջապատը, նոր մարդկանց մուտքի և ժողովրդին երևալու «արգելքը» ՀԱԿ-ում կամ շարժման մեջ, այսպես ասած ընդդիմությունը «սեփականաշնորհելու» փաստը: Ահա ամբողջ ճշմարտությունը: - Քաղաքական համակարգի երկու բաղկացուցիչներն էլ` և իշխանությունը և ընդդիմությունը զարմանալիորեն ու զավեշտորեն միասնական են ամենակարևոր` զարգացման ու կողմնորոշման հարցում, ըստ որի Հայաստանը պետք է մնա ռուսական ազդեցության ներքո: Սա եզակի ու անհասկանալի երևույթ է ներկայիս աշխարհի քաղաքական պատմության մեջ, որը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ անկախությունն ու ազատությունը դեռևս անհարիր են հայ հասարակությանը, որ անկախությունն ու ազատությունը այդպես էլ չդարձան բարձրագույն արժեք, որ հասարակական գիտակցությունը դեռևս ստրկամտությունից վեր չի կանգնել: Այստեղ խոսում է ոչ թե պետության ու ժողովրդի անվտանգության մասին հոգածությունը կամ Թուրքիայից պաշտպանվելու և նրա հանդեպ ունեցած վախը, այլ հենց վախն ու ստորաքարշությունը նախկին տիրոջ` Ռուսաստանի հանդեպ: Սա մեր ժողովրդի մեծագույն դժբախտությունն է, բոլոր դժբախտությունների պատճառը: - Տնտեսության ու տնտեսական համակարգին անդրադառնալն արդեն իսկ անիմաստ է, քանզի նման խեղաթյուրված քաղաքական ու իրավական համակարգի պայմաններում չի կարող նորմալ տնտեսություն ու  ֆինանսատնտեսական համակարգ ձևավորվել, առավել ևս զարգանալ: Արձանագրենք միայն, որ երկրում իրական տնտեսություն և իրական ֆինանսատնտեսական համակարգ գրեթե չկա: Պետական բարձրագույն իշխանությունների կողմից իրականացվող հարկային ու մաքսային «քաղաքականությունը» տնտեսավարողների ճնշող մեծամասնությանը, եթե ոչ բոլորին մղում է դեպի գործունեության անօրինական դաշտ, իսկ հարկային ու մաքսային տեռորը, ապրանքների ու ծառայությունների չափազանց բարձր գները բացառում են տնտեսության զարգացումը և միտված են զուտ իշխանության պահպանման համար գումարներ հայթայթելուն: Սա,  ինչպես ասում են, «վերջի սկիզբն է»: Հարց է առաջանում. հասարակական կյանքի բոլոր բնագավառներում առկա նման գրեթե բացարձակ նեգատիվ իրավիճակների  պայմաններում հնարավո՞ր է արդյոք լուծումներ գտնել երկիրն այս դրությունից հանելու համար և արդյոք հույս կա՞: Այստեղ է, որ մեկ ուրիշ հարց է ծագում. արդյո՞ք ԱՍՏՎԱԾ մեզ ստեղծել է զուտ ողորմելի գոյություն քարշ տալու և անարժանապատիվ ապրելու համար, թե ազատ ու արժանապատիվ ապրելու, երջանիկ կյանքի ձգտելու և դրան հասնելու համար: Իսկ հույս իհարկե կա: Հույսը միշտ էլ կա: Քանի դեռ շնչում ենք ու ապրում, հույսն էլ մեզ հետ է ապրում, իսկ հույսը հավատ է ծնում, հավատն էլ կամք, կամքն էլ պայքարելու և ազատ ապրելու ոգի: Հետևաբար երկիրն ազատ ու անկախ տեսնելու հավատ է պետք, երկիրն ըստ ամենայնի զարգացնելու վճռականություն է պետք, քաղաքացիական հասարակություն ձևավորելու կամք է պետք: Սակայն հասկանալի է, որ ներկայիս իշխանություններն ամեն կերպ խոչնդոտելու են նման վերափոխումները, ամեն կերպ  պայքարելու են նման գաղափարների դեմ ու նույնիսկ դրա համար սեփական ժողովրդի արյունն են թափելու, ամենայն հավանականությամբ նաև ռուսական բիրտ ուժի օգնությամբ: Ցավոք, կամա թե ակամա ընդդիմությունն էլ իշխանությունների ջրաղացին է ջուր լցնում` ժողովրդի մեջ պայքարի ու ազատության ոգին ամեն կերպ զսպելով: Այս պարագայում միակ ճիշտ մարտավարությունը համընդհանուր քաղաքացիական անհնազանդության դրսևորումն է, կոմունալ վարձերի, գազի, էլեկտրաէներգիայի ու հարկերի վճարումից հրաժարվելը` գոնե մեկ ամիս, քանզի այդ վճարների ու հարկերի չափն արդեն իսկ անօրինական է ու ապօրինի: Համաձայն ՀՀ Սահմանադրության` բարձրագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուրեմն ԱՍՏԾՈՒ կամքով ու իրեն տրված իշխանությամբ ժողովուրդը պետք է վերացնի անօրինականությունը: Մեկ ամիսն էլ կարող է բավականացնել այս իշխանությունների կազմալուծման ու ոչ լիգիտիմ իշխանական համակարգի փլուզման համար: Հետևություն. - Անհրաժեշտ է մշտապես ու հետևողականորեն պայքարել ազատության ու ժողովրդավարության համար, արժանապատիվ երկիր ու հասարակություն ունենալու  համար: - Անհրաժեշտ է վերջնականապես հասկանալ և ընդունել, որ Հայաստանի համար զարգացման այլ ճանապարհ չկա, քան իրական ազատության ու ժողովրդավարության հաստատման և քաղաքացիական հասարակության ձևավորման ուղին, զարգացած ու քաղաքակիրթ աշխարհի հետ լինելու ուղին: Վազգեն Մխիթարյան Հ.Գ. 1913թ. մարտի 4-ին տեղի է ունեցել ԱՄՆ 28-րդ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնի ինաուգուրացիան (նախագահի պաշտոնի հանդիսավոր ստանձնումը), նախագահ, որի շնորհիվ հայ ժողովուրդը կարող էր իր երազած անկախ հայրենիքը ստեղծել, արդեն իսկ այն ժամանակից սկսած քայլել զարգացած ու քաղաքակիրթ աշխարհի հետ, դառնալ արժանապատիվ ու հզոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter