Քաղաքապետն ընդունել է Կանադայում հայկական թեմի առաջնորդին
Երևանի և Մոնրեալի միջև հետագա համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Կանադայում հայկական թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիպման ժամանակ:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը քաղաքապետին է փոխանցել Մոնրեալի քաղաքապետի պատրաստակամությունը` Երևանի և Մոնրեալի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում երկու քաղաքների միջև փոխշահավետ գործակցություն ծավալելու առումով` ավելացնելով, որ առաջնորդարանը ևս հետաքրքրված է և ակտիվ մասնակցություն ունի այս հարաբերություններում:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի և գործընկեր քաղաքների միջև ձևավորված հարաբերությունները պետք է լինեն առարկայական և ստանան համագործակցության նոր որակ ու ընթացք:
Կարեն Կարապետյանը հյուրին է ներկայացրել քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջերս ներդրված «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի նպատակները. «Այս նախաձեռնության միջոցով մենք ցանկություն ունենք, որ յուրաքանչյուր անհատ Երևանում, թե Երևանի սահմաններից դուրս իր կարողությունների չափով օգնի իր դպրոցին: Դպրոցն այսօր կարիքներ ունի և ցանկացած օգնություն կարող է զգալի օգուտ տալ ու արմատապես փոխել վիճակը: Ցանկացած կամավոր վճարում պետք է նպատակային ծախսվի և այդ ամենը կայքի միջոցով թափանցիկ ու հասկանալի պետք է լինի բոլորի համար»:
«Ես այս քաղաքի զավակն եմ և ես մեծ ուրախությամբ կկատարեմ իմ հանգանակությունը` օգնելու իմ հարազատ դպրոցին»,- նշել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ խոստանալով, որ այս նախաձեռնության մասին կտեղեկացնի նաև Կանադայի հայ համայնքին:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Երևանում Մոնրեալի այգի ստեղծելու ծրագրի հետ կապված հարցեր: Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը կպատրաստի և կանադական կողմին կներկայացնի համապատասխան նախագիծ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել