
2008թ. համաժողովրդական հանգանակության և զորակցության շնորհիվ հնարավոր եղավ «ԳԱԼԱ» Հ/Ը-ին պաշպանել իշխանությունների ճնշումից և եթերազրկման սպառնալիքից: Մարտի 25-ին հարկայիններին հանձնելով վերջիններիս պահանջած գումարը` հասարակությունն իշխանություններից «գնեց» ազատ խոսքի իր իրավունքը: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի առաջարկով որոշվեց այսուհետև մարտի 25-ը հռչակել ու նշել որպես Խոսքի ազատության օր:

«Հոկտեմբեր» կինոթատրոնի ճեմասրահում հավաքված լրագրողներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և քաղաքացիներին ողջունելուց հետո
Լևոն Բարսեղյանն ասաց, որ տոնն իրականում արդեն 4-րդ անգամ է նշվում Գյումրիում և հավակնում է ապագայում իր պատվավոր տեղը զբաղեցնել ավանդաբար նշվող տոների ցանկում:
Տեր Նշան քահանան, Շիրակի թեմի առաջնորդի անունից ողջունելով և տոնի կապակցությամբ շնորհավորելով ներկաներին, նշեց, որ խոսքն աստվածային շնորհ է: Երբ Աստված մարդուն ստեղծեց, անասուն չստեղծեց, այլ` ասուն, այսինքն` խոսող: Աստված մարդուն նաև ստեղծել է ազատ, ու շատ կարևոր է, որ նա պահպանի աստվածային այս պարգևը` խոսքի ազատությունը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խոսեց 3 տարի առաջ Գյումրիում հասարակության տարած հաղթանակի մասին, որն իր նախադեպը չուներ ու ցույց տվեց համախմբվածության մի օրինակ, որի նպատակը լրատվամիջոցի փրկությունն էր:
«Մենք այսպիսի շատ հաղթանակներ չունենք, և շատ կարևոր է, որ ի վերջո, մեր բոլորի ջանքերով մեր երկիրը դառնա այնպիսին, որ նմանատիպ պայքարի անհրաժեշտություն չլինի,- նշեց Աշոտ Մելիքյանը:- Դուք, ըստ երևույթին, նկատում եք, որ այս սրահում բացակայում են «ԳԱԼԱ»-ի ներկայացուցիչները: Սա արդեն մտահոգիչ է, և լրատվամիջոցների ներկայացուցիչներն ամեն ջանք գործադրեցին, որ այդ խնդիրը լուծվի. տեսնում եք` առայժմ դա չի ստացվել: Դրանք զուտ անձնական փոքր խնդիրներ են, որոնք պետք է հաղթահարվեն, և ես ուզում եմ հավատալ, որ, ի վերջո, դա էլ կհաջողվի: Ամեն դեպքում, «ԳԱԼԱ»-ի այս պատմությունն ավելին էր, քան մի լրատվամիջոցի փրկությունը: Դա երևույթ էր, դա ազատ խոսքի կողմնակից ջատագով քաղաքացիների կամքն էր»:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս իր աշխատանքով աչքի ընկած չորս լրագրող պարգևատրվեց հատուկ մրցանակներով: Պարգևներ հանձնվեցին «Հետք» պարբերականի Լոռու մարզի թղթակից
Լարիսա Փարեմուզյանին, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Սաթենիկ Վանցյանին և Անուշ Մարտիրոսյանին, «Էկոլուր» կայքի թղթակից Ինգա Զարաֆյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել