HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Հանցագործություն և հովանավորչություն. ՊԵԿ-ի քննչականն ու ՀՀ գլխավոր դատախազությունը խուսափում են մեղադրանք առաջադրել…

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին պատկանող հազարավոր քմ տարածքները ընկերության տնօրեն Է.Եսայանի և շինարար Վլադիսլավ Մանգասարյանի կողմից 2010թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին օտարվել են, գումարը գրպանել, իսկ օտարումներից առաջացած ահռելի հարկերը չեն վճարվել: Հարկերը չվճարելու մասին քաջատեղյակ է եղել ՊԵԿ-ի Սպանդարյան տարածքային հարկային տեսչության պետը և միջոցներ չի ձեռնարկել:

Էդմոնդ Խուդյանը 2010թ. նոյեմբերին ՊԵԿ-ի նախագահ Գ.Խաչատրյանին դիմում-հաղորդագրություն է ներկայացրել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Է.Եսայանի և Վլ. Մանգասարյանի կողմից ընկերության պատկանող միլիոնավոր դոլարների գույքը և դրամական միջոցները յուրացնելու, հարկեր վճարելուց խուսափելու մասին:

Դիմումին կից ներկայացվել են հիմնավոր փաստաթղթեր, բայց Վլ. Մանգասարյանի հովանավորներից իջեցված հրահանգով շուրջ երեք ամիս դիմումին ընթացք չի տրվել:

2011թ. մարտին Էդմոնդ Խուդյանը ժամանել է Հայաստան և ՊԵԿ-ում լրացուցիչ բացատրություն տվել, հիմնավորումներ ներկայացրել, անձամբ հետամուտ եղել իր դիմումի ընթացքին, որից հետո միայն, կարծես, «սառույցը տեղից շարժվել է»:

Սակայն զարմանալիորեն առ այսօր «հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու» փաստով ոչ քրեական գործ է հարուցվել, ոչ էլ դրա հարուցումը մերժելու որոշում է կայացվել, այսինքն` ՊԵԿ-ում բացահայտորեն անգործություն է դրսևորվում:

Եղելությունը կոծկելու և «Արին կապիտալ»  ներդրումային ՍՊԸ-ին սպասարկող հարկային տեսչության պետին պատասխանատվությունից ապահովագրելու նպատակով, Էդ.Խուդյանի դիմումի հիման վրա նախապատրասվող նյութերում «հայտնվել է»  Սպանդարյանի ՀՏ-ի պետի 23.07.2010թ. Վ-3165 գրություն այն մասին, որ «ընկերության տնօրեն Է.Եսայանը, ունենալով հնարավորություն, չի կատարել հարկային պարտավորությունները», «ինչի հետևանքով պետությանը պատճառել է խոշոր չափի` 139.000.000 դրամի վնաս»: Իբր այդ գրության հիման վրա էլ  2011թ. մայիսի 03-ին քրեական գործ է հարուցվել, սակայն, զարմանալիորեն, ոչ թե «հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու»  փաստով, այլ «կանխամտածված սնանկության» փաստով:

Այն, որ այդ  քրեական գործը ոչ թե Էդ. Խուդյանի դիմումի հիման վրա է հարուցված, այլ  Սպանդարյանի ՀՏ-ի պետի 23.07.2010թ. Վ-3165 կասկածելի գրության, առնվազն երկու փաստ է առկա «քրեական գործ հարուցելու» մասին 2011թ. մայիսի 03-ի որոշման մեջ.

առաջինն այն է, որ Էդ. Խուդյանի դիմումի մասին այդ որոշման մեջ որևէ գրառում չկա:

 Երկրորդն այն է, որ նույն որոշման 3-րդ կետով նշված է, որ որոշման մասին պետք է հաղորդել Սպանդարյանի հարկայինի (վերակազմավորվելուց հետո` Կենտրոնի Հ/Տ) պետին:

Վերոգրյալից առնվազն չորս հարց է ծագում.

առաջինը` եթե Սպանդարյանի ՀՏ-ի պետն, իրոք, 23.07.2010թ. գրություն է ուղարկել իր ղեկավարությանը «պետությանը պատճառված 139.000.000 դրամի վնասի մասին», ապա` 10 ամսվա ընթացքում ինչու՞ այդ դիմումին ընթացք չի տրվել.

Երկրորդ` եթե գումարի չափը 23.07.2010թ.-ի դրությամբ 139.000.000 ՀՀ դրամ է կազմել, ապա ինչու՞ է նույն հարկայինի պետը ընկերության սնանկության թիվ ԵԿԴ 0061/04/10 գործով 2010թ. նոյեմբերին 104.952.676 դրամի պահանջ ներկայացրել դատարան: Դա այն դեպքում, երբ 23.07.2010թ. հետո էլ Է.Եսայանի և Վլադիսլավ Մանգասարյանի կողմից ընկերության պատկանող ևս մի քանի միլիոն դոլարի (ավելի քան 2.500քմ տարածք) գույք են օտարել, որից ահռելի հարկային պարտավորություններ են առաջացել: Այսինքն` 139.000.000 ՀՀ դրամի պարտքը, հարկայինի պետի թողտվությամբ, 2010թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին շուրջ 70%-ով ավելացել է.

երրորդ հարցը կայանում է նրանում, թե ինչու՞  «հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու» փաստով քրեական գործ չի հարուցվում, չէ որ և’ Էդմոնդ Խուդյանի, և’ «հարկայինի պետի գրության մեջ» նշված է  «հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու» փաստի մասին.

չորրորդ հարցը կայանում է նրանում, թե քրեական հետապնդում իրականացնող մարմինները որտեղ են փնտրում մեղավոր անձանց: Ինչո՞ւ առ այսօր Ընկերության տնօրենից  «չեն տեղեկանում» եղելության մասին, էլ ուրիշ ով գիտի եղելությունը:

Իսկ ստեղծված իրավաիճակը ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը այսպես է բացատրում.  

«Հավանաբար գումարի չափը գայթակղել է պաշտոնատար  անձանց և նրանք մոռացել են պետությանը հասցված վնասի մասին կամ էլ այդ ամենը նախապես է կազմակերպված եղել և հաշվի չեն առել, որ ես նման դիմում կներկայացնեմ ու հետամուտ կլինեմ:

Տեղեկություններ ունեմ, որ ամիսներ շարունակ նախաքննության մարմինների կողմից ապարդյուն աշխատանքներ են տարվում Վլ. Մանգասարյանի սուտ մատնությունների հիման վրա այդ ամենն ինձ վրա բարդելու կամ էլ գոնե «իմ մեղքի» մի փոքր բաժինը հաստատելու ուղղությամբ: Սակայն, պարզ ճշմարտություն է, որ «իմ վրա գործ սարքելն» ու Վլ. Մանգասարյանին իր արարքների համար մեղադրանք չառաջադրելը միմյանց հետ կապ չունեն: Իմ մեղավորությունը միայն նրանում է կայանում, որ անվերապահորեն վստահել եմ ընկերության տնօրենին և Վլ. Մանգասարյանի ու Ղևոնդ Ղալումյանի հետ գործընկեր եմ եղել, նրանց կողմից իմ վստահությունը չարաշահելու հարցում եմ սխալվել: 

Այդ բոլոր հարցերով պատասխանատուն ՀՀ գլխավոր  դատախազությունն է, քանի որ նրանց կողմից է իրականացվում իմ դիմումների և հարուցված քրեական գործի քննության հսկողությունը և նրանց ցուցումներով են ուղորդվում ՊԵԿ-ի քննիչները:

2011թ. մայիսի 03-ի որոշմամբ քրեական գործ հարուցվելուց հետո էլ իմ փաստաբանները, ի տարբերություն ՊԵԿ-ի քննչական խմբի, նոր բացահայտումներ են կատարել հիմնավոր փաստաթղթեր են ներկայացրել Է.Եսայանի, Վլ. Մանգասարյանի, Սևակ Արզարունու կողմից Մաշտոցի 33ա հասեում Ընկերությանը պատկանող 1,708քմ մակերեսով տարածքին տիրելու գործարքի մանրամասնությունների, ինչպես նաև Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի կողմից միևնույն ձեռագրով` անփող գործարքներով, Ընկերության մնացած տարածքներից ևս 1000քմ փաստացի Վլ.Մանգասարյանին հանձնելու մասին:

Սակայն ՊԵԿ-ն ու դատախազությունն այդ դիմումների կապակցությամբ, ինչպես նաև Ընկերության մնացած տարածքները թալանելու դեմ որևէ գործնական քայլի չեն դիմում:

«Կանխամտածված սնանկության փաստով» հարուցված քրեական գործի շրջանակներում իմ դատավարական կարգավիճակի (ներկայացվել է միջնորդություն, որպես տուժող ճանաչելու և ներգրավելու մասին) հարցին անգամ լուծում չեն տալիս, որպեսզի չկարողանամ միջնորդություններ հարուցել:

Վերջերս  իմ փաստաբանի միջոցով ինձ է հանձնվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ պարոն Մ.Սարգսյանի 02.09.2011թ.-ի 11-Ս36-08 գրությունը:

Ակամա շնորհակալություն հայտնելու ցանկություն առաջացավ, քանի որ ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ սփյուռքի նախարարը, ՀՀ ոստիկանապետն անգամ հարկ չեն համարում պատասխանել իմ դիմումներին: Իսկ ՀՀ արդարադատության նախարարությունից տրված միանման պատասխաններից, ակամա տպավորություն է ստեղծվում, որ 2011թ. ապրիլին ԱՄՆ–ում հեռարձակված հարցազրույցի ժամանակ նախարար Թովմասյանի խոստումնալից ելույթն ու նրա կողմից ղեկավարվող նախարարության փաստացի գործունեությունն միմյանց հետ ընդհանուր եզրեր չունեն:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ պարոն Մ.Սարգսյանի պատասխանի կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ`

1.         նախ կասկած չունեմ այն հարցում, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի հետ կապված քրեական գործը և իմ անունից ներկայացված նյութերը ՀՀ գլխավոր դատախազի անմիջական հսկողության տակ է: Սակայն մյուս կողմից առավել մտահոգիչ է, որ, ՀՀ գլխավոր դատախազի անմիջական հսկողության ներքո գտնվելու պայմաններում անգամ, բացահայտված քրեական գործով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել և, հանցագործությունը, այն չկանխելու պայմաններում` շարունակական բնույթ է կրում:

Հովանավորչության, անպատժելիության պայմաններում հանցագործության շարունակական բնույթ կրելու փաստն ակնառու է, անմիջական կատարողները հայտնի են: Վլ. Մանգասարյանը չբավարարվելով 2010թ. Է.Եսայանի հետ իրականացրած թալանով, միևնույն ձեռագրով արդեն «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի, այսինքն` ընկերության տնօրեն Է.Եսայանի «իրավահաջորդի» հետ է շարունակում յուրացնել ընկերության մնացած տարածքները.

2.         ՊԵԿ-ի նախագահին 2010թ. նոյեմբերին իմ անունից ներկայացված դիմումի հիման վրա կազված նյութերն առ այսօր անհետևանք են թողնվել.

3.         Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի կողմից թիվ ԵԿԴ 0061/04/10 գործով սնանկության վարույթով ապօրինություններ թույլ տալու փաստով  դիմում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որը նմանապես անհետևանք է թողնվել.

4.         «Սպանդարյանի ՀՏ-ի պետի գրությունից» 14 ամիս անց «փորձաքննություններ նշանակելը» ոչ այլ ինչ է, քան` «քրեական գործը քննացնելու միջոց», այն հաշվով, որ այդ  փորձաքննությունների ընթացքում Ընկերության մնացած տարածքներն էլ հանձնվի Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող  «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ին և դրանից հետո ինձ «բարեկամաբար» կհայտնեն, որ «ինչ անենք, տարածքները չկան, իսկ Վլադիսլավ Մանգասարյանը դեռևս 2009 հունվարից սնանկ է ճանաչված և գումար չունի».

5.         Խարդախության փաստով ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժին իմ անունից դիմում է ներկայացվել Վլադիսլավ Մանգասարյանի դեմ: Ինձ համար անհասկանալի պատճառներով, դատախազությունն այդ «գործը» փոխանցել է ՊԵԿ-ին: Ի՞նչ իրավական հիմքով: Միթե խարդախության փաստով դիմումները ՊԵԿ-ն է քննում, թե հատուկ օրենք կա, որ Վլ. Մանգասարյանին վերաբերող բոլոր գործերը ենթակա են ՊԵԿ-ին: Չե որ քրեական գործը հարուցվել է «Սպանդարյանի ՀՏ-ի պետի գրության» հիման վրա և, եթե դատախազությունը բացահայտել է, որ դրա հետ կապ ունի  Վլ. Մանգասարյանը, ապա ինչու նրան մեղադրանք չի առաջադրվել արդեն հարուցված քրեական գործով:

Պարզվում է, որ 2011թ. մայիսի 03-ի որոշմամբ քրեական գործ հարուցելը «աճպարարություն է», այն ձևական բնույթ է կրում և այդ գործով` «անձեռնմխելի» Վլ. Մանգասարյանին «պաշտպանության տակ առնելու» գործառույթ է իրականացվում:

Փաստորեն, հարկեր գանձող ՊԵԿ-ը հարկերը չարամտորեն չվճարելու փաստն է քողարկում, իսկ մեղադրանք առաջադրող  դատախազությունը` մեղավորիներին է պաշտպանում:

6.         Ինչ վերաբերում է «քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմա» օրենսգրքային դրույթների շարադրանքին, ապա ակնհայտ է, որ տվյալ գործով այդ դրույթներ վկայակոչելն անհարկի է: Իսկ  իմ ներկայացուցիչները ոչ քննիչից, ոչ դատախազությունից որևէ տեղեկատվություն չեն ստանում, ես ինքս էլ եմ փորձել դատախազ Լ.Հովհաննիսյանից որևէ լուր ստանալ, սակայն ստացել եմ ամիսներ շարունակ հնչող նույն պատասխանը`  իրականացվում է «քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում»:

7.         Ինչ վերաբերում է «քրեական գործը ողջամիտ ժամկետներում քննելու և ավարտելու համար՚ ՙիմ անմիջական մասնակցության նպատակահարմարությանն», ապա`

-           իմ անունից ներկայացված անվիճելի փաստերն ամբողջությամբ հիմնավորված են գրավոր ապացույցներով, որոնք մատնացույց են անում քննությանը հայտնի կոնկրետ անձանց: Ընդամենը դրանց ընթացք տալու «ցանկությունն է» բացակայում, որի համար իմ ներկայությունը, կարծում եմ, որոշիչ դեր չի խաղա: Իմ փաստաբաններն ամբողջությամբ տիրապետում են գործի ինձ հայտնի փաստական հանգամանքներին և մշտապես իրենց պատրաստակամությունն են հայտնել օժանդակելու գործի քննությանը, սակայն նրանց կողմից տրամադրված տեղեկությունները անհետևանք մնում են գործի թվով ավելի քան 8 հատորներում: Էլ իմ գալն ինչ նպատակ ունի, ես հայտնելու որևէ գաղտնիք չունեմ:

-           2011թ. ժամանել և պատասխանել եմ ինձ ուղղված հարցերին: Երբ որ մեղավոր անձանց մեղադրանք կառաջադրվի և իրական անհրաժեշտություն և իրավական երաշխիքներ կլինեն իմ անվտանգության հարցում, այդ ժամանակ կներկայանամ: Հակառակ դեպքում ես Հայաստան կայցելեմ ըստ իմ հայեցողության:

-           Իսկ եթե ինձ «Հայաստան հրավիրելն այլ նպատակներ է հետապնդում», ապա հարկ եմ համարում իրազեկել, որ, ստեղծված իրավիճակում, ՀՀ  կայցելեմ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ որոշ հարցեր համաձայնեցնելուց հետո միայն:

«Սպանդարյանի ՀՏ-ի պետի գրության «հիման վրա  հարուցված քրեական գործով իմ փաստաբաններն  արդեն այնքան փաստաթղթեր են ներկայացրել, իսկ  «Հետք» և «Ժամանակ» լրատվամիջոցների կայքում  այնքան բացահայտումներ, փաստեր ու վերլուծականներ եմ ներկայացրել, որ գոնե մեղավոր անձանց մեղադրանք առաջադրելու հարցում քննիչը նոր անելիք չունի:

Այնուամենայնիվ, եթե իմ դիմումների հիման վրա քրեական գործեր հարուցվեն, ես իմ  պատրաստակամությունն եմ հայտնում անձամբ և իմ փաստաբանների միրոցով օժանդակել քննությանը»:

Մեկնաբանություններ (1)

Վահե-2010
ՊԵԿ-ը Եկամուտներ ապահովելու փոխարեն այնպես է անում, որ Պետությունը եկամուտներ չունենա, Դատախազությունը քրեական գործ հարուցելու փոխարեն այնպես է անում, որ իսկական հանցագործները չպատժվեն: Այսինքն թե ՊԵԿ-ի և թե դատախազության գործողությունները հանցագործություններ են, որոնք պետք է պատժվեն: Սակայն թե հանցագործները և թե հանցագործությունները հովանավորող պետական նման հանցագործ մարմինները կշարունակեն իրենց ,,աշխատանքը,, եթե օրենսդիրը մի այնպիսի գործուն օրենք չստեղծի, ըստ որի, հանցագործ պետական չինովնիկները նույնպես ենթարկվեն պատժի: Հարց է առաջանում, ինչպես կարող են օրենսդիրները նորմալ օրենք ստեղծել եթե արդեն նոր է սկսվել ԱԺ-ի ընտրապայքարը և այն սկսվել է հանցագործություններով: Ապագա օրենսդիրները սկսել են քաղցր ընտրակաշառք բաժանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter