HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Եղեւնիները կտեղափոխվե՞ն

Գյումրու Վարդանանց հրապարակը, որը, ըստ գոտիավորման նախագծի, նախատեսված էր որպես կանաչ հրապարակ, 2008 թ. պատվեց քարե գորգով: Դա քաղաքային բյուջեից խլեց ավելի քան 180 մլն դրամ: Չերազի եւ Սպանդարյան փողոցները հրապարակին հարող հատվածում իրար միացնող մոտ 80 մ ճանապարհահատվածի կառուցման համար ծախսվեց 52 մլն դրամ, եւ հատվեց ավելի քան 40 ծառ եւ թուփ: Վարդանանց հրապարակի եւ նորակառույց փողոցի արանքում թողնված կանաչ կղզյակը, որ բաղկացած է ութ եղեւնիներից, այսօր գտնվում է քաղաքային իշխանությունների քաղաքաշինական հետաքրքրությունների կենտրոնում. դրանք քաղաքապետարանը նախատեսում է տեղափոխել: Այնինչ ըստ քաղաքապետարանի գլխավոր դենդրոլոգի` տեղափոխելուց հետո նոր վայրում դրանց աճելու հավանականությունը շատ փոքր է: «Բիոսոֆիա» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ՝ կես քայլ զիջումն այդ խնդրում կնշանակի զրկվել կանաչապատ այդ քիչ հատվածներից եւս, եւ միայն այն պատճառով, որ որոշ մարդիկ «մրսում» են եղեւնիներին նայելիս, ոմանք ուզում են իրականացված տեսնել դեռեւս խորհրդային տարիներին քաղսովետի ընդունած որոշումը, այն է` եղեւնիազերծ կենտրոնական հրապարակ, իսկ մյուսների համար էլ եղեւնիները պարզապես կորցրել են իրենց էսթետիկական տեսքն ու փակում են ճարտարապետական մեծ արժեք ունեցող շենքերի ճակատները: «Չեմ կարծում, որ եթե դրա անհրաժեշտությունը չլիներ, առանց երկար-բարակ մտածելու, բերեին ու եղեւնիներ տնկեին այս քաղաքում,-ասում է Գեւորգ Պետրոսյանը,- չեմ կարծում, թե հիմնավոր է այն միտքը, որ քաղաքային իշխանությունները ժամանակին «կապկել» են Մոսկվայի կենտրոնական հրապարակը: Կամ, եթե նույնիսկ «կապկել» են, չէ՞ որ օդում փոշու բարձր խտություն գրանցած այս բնակավայրն արժանի է առավել հոգատար վերաբերմունքի, գոնե դա պետք է հաշվի առնեն: Ուրեմն, եկեք հանգիստ թողնենք եղեւնիները: Գումարները, որ ցանկանում են ծախսել դրանց տեղափոխման նպատակով, կարելի է առաջնային այլ հարցերի լուծման համար օգտագործել: Գյումրին էնքա~ն խնդիր ունի»: 2011 թ. մարտի 11-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետի, քաղաքապետի գլխավոր խորհրդականի, քաղաքաշինության բաժնի պետի եւ գլխավոր դենդրոլոգի մասնակցությամբ հանրային քննարկումը նվիրված էր դրան: Կողմերը քննարկումից հեռացան առանց որեւէ միասնական եզրահանգման: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ կսպասեն ավագանու որոշմանը, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մի քանի կետից բաղկացած հայտարարություն ընդունեցին: «Եթե թույլ տանք թեկուզ մեկ եղեւնու տեղափոխում, կնշանակի նահանջ պայքարից հանուն կանաչ տարածքների, հանուն մաքուր օդի,- ասում է Գ. Պետրոսյանը,- մենք պահանջում ենք, որ հրաժարվեն Վարդանանց հրապարակում եւ Արագած ճեմափողոցում աճող 17 եղեւնիները տեղափոխելու մտքից, քանի որ եղեւնիների տեղափոխման գաղափարը համարում ենք չհիմնավորված, չարդարացված ու պարզապես համայնքային միջոցների վատնում: Բացի դրանից, Շահումյան փողոց 188 շենքի եւ Վարդանանց հրապարակի միջեւ գտնվող տարածքն այս տարվա ընթացքում առաջարկում ենք կանաչապատել ու բարեկարգել կամ նույն նպատակով օրենքով սահմանված կարգով տրամադրել Գյումրու բնապահպանական ոլորտի հասարակական կազմակերպություններին` պահպանելով տվյալ տարածքի համայնքային պատկանելությունը: Մշտական արդարացումները, թե այստեղ կտրում ենք, բայց քաղաքից դուրս այգիներ ենք հիմնում, կանաչ գոտիներ ենք ստեղծում, արդարացված չէ: Մենք ուզում ենք մաքուր օդ շնչել, կանաչ տարածքները վայելել նաեւ քաղաքի կենտրոնում»: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում փոշու միջին ամսական խտությունը 2010 թ. նորման գերազանցել է 2-2,5 անգամ: Գյումրին, փաստորեն, ավելի փոշոտ է, քան ցեմենտի գործարան ունեցող Հրազդանը: Փոշոտվածության աստիճանով Գյումրին զիջում է միայն Արարատ քաղաքին: Քաղաքի օդային ավազանի ներկա իրավիճակը պայմանավորող հիմնական գործոններն են երկրորդական փողոցների քայքայված վիճակը, քաղաքի տարածքում շինարարական եւ կենցաղային աղբի չվերահսկվող կուտակումները, հողմապաշտպան անտառաշերտի բացակայությունը, ձմռան ամիսներին ջեռուցման նպատակով բնակիչների կողմից տարատեսակ սինթետիկ թափոնների այրումը, շինարարական աշխատանքների ընթացքում բնապահպանական պահանջների անտեսումը, կիսաքանդ եւ կիսավեր շինությունների առկայությունը, տնակների ապամոնտաժումից հետո թողած շինարարական թափոնները եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter