HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ինքնագրաքննությո՞ւն, թե՞ պատասխանատու մամուլ

Դատական պրակտիկայի զարգացումը կկանխորոշի, թե նշվածներից որ ուղղությամբ կզարգանա հայաստանյան մամուլը Զրպարտության համար նախատեսված քրեական նորմերի ապաքրեականացումը Եվրոպական միության ավելի քան տասը տարվա պահանջն էր, քանի որ խոսքի ազատության դրսեւորման կապակցությամբ քրեական պատասխանատվությունը միջազգային ժողովրդավարական չափանիշներով անհամաչափ խիստ պատասխանատվություն է համարվում: Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ 2010 թ. ՀՀ Ազգային ժողովը ապաքրեականացրեց զրպարտության համար անձին քրեական պատասխանատվության դատապարտող նորմերը: Փոխարենը վիրավորանքի ու զրպարտության համար պատասխանատվություն սահմանվեց Քաղաքացիական օրենսգրքով: Պատասխանատու մամուլ ունենալը նույնպես Եվրոպայի խորհրդի պահանջն էր, եւ, ինչպես նշում են իրավաբանները, եվրոպական ինստիտուտները հետեւողականորեն զարգացնում են այն` դրան հասնելու համար կարեւոր դեր վերապահելով բարոյական վնասի հատուցման ինստիտուտին: Ազգային ժողովի՝ մեկ տարի առաջ կատարած օրենսդրական փոփոխությունը հնարավորություն տվեց Հայաստանում նույնպես կիրառել բարոյական վնասի փոխհատուցումը, սակայն՝ միայն լրատվամիջոցների մասով: Օրենքում առանձնացվեցին զրպարտության եւ վիրավորանքի դեպքերում նախատեսված պատասխանատվության տեսակները, սահմանվեցին փոխհատուցման գումարային չափերը: Լրագրողական կազմակերպություններն ու խմբագիրները, հայաստանյան մամուլի՝ լրատվություն մատուցելու ոճը եւ նյութական վիճակը լավ պատկերացնելով, հասկացան, որ բարոյական վնասի դիմաց փոխհատուցման կիրառումը ուղղակիորեն սպառնալիք է մամուլի գոյությանը: Վերահաս վտանգը փորձեցին կանխել ինքնակարգավորման մեխանիզմ ստեղծելով, որպեսզի կանխվեն դատական գործընթացները: Ինքնակարգավորումը չգործեց, եւ հրապարակումներից դժգոհողներն իրենց պահանջների բավարարման համար ընտրեցին դատական ճանապարհը: Փոխհատուցման պահանջներով առաջին հայցերը սառը ցնցուղ էին 4-րդ իշխանության համար, քանի որ միմյանց հաջորդած դատական ակտերով բավարարված գումարների չափերը իրական սպառնալիք են լրատվամիջոցների գոյությանը: Դատարաններն առաջին իսկ հայցերով դրամական փոխհատուցման պահանջները բավարարեցին օրենքով սահմանված գումարի առավելագույն չափով, այն դեպքում, երբ օրենքը պատասխանատվության նվազ չափեր էլ է սահմանում: Քաղ. օր.-ի 1087.1 հոդվածը սահմանում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկի կամ մի քանիսի կիրառումը` 1) հրապարակայնորեն ներողություն խնդրել, 2) լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը, 3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել: Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը` 1) լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը, 2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել: «Դատարանները պետք է հավասարակշռեն երկու բախվող շահերը` մասնավոր շահը եւ հանրային շահը: Այսինքն, մի կողմից` վերականգնեն անձի խախտված իրավունքը, մյուս կողմից՝ այնպես պետք է անեն, որ վճիռը սառեցնող ազդեցություն չունենա լրատվական դաշտի վրա: Եթե դատական պրակտիկան զարգանա մասնավոր շահի պաշտպանության ուղղությամբ` վերականգնվի անձի խախտված իրավունքը, եւ անտեսվի հանրային շահը` լրատվամիջոցներից ազատ տեղեկատվություն ստանալը, այսինքն՝ լրատվամիջոցների վրա սահմանափակումներ դրվեն (խոսքը նաեւ քողարկված մեխանիզմների մասին է), լուրջ խնդիրներ կառաջանան` ազատ արտահայտվելու իրավունքի հետ կապված»,- ասում է իրավաբան Արա Ղազարյանը: Իրավաբանը նշում է, որ զրպարտություն հոդվածի հետ կապված` հաստատված սկզբունքներ կան Եվրոպական կոնվենցիայում, որը կիրառվում է ավելի քան 10 տարի: Նման սկզբունքներ են սահմանել նաեւ «Արտիկլ 19» կազմակերպությունը զրպարտություն հոդվածի իր ուսումնասիրությունով, նաեւ` ԵԱՀԿ-ն, որոնց ամփոփ միտքը հետեւյալն է. դատարանը պետք է հավասարակշռություն սահմանի երկու կողմերի բախվող շահերի միջեւ: Հայաստանում մեզ ծանոթ դատական գործերի օրինակները իրավաբանին հիմք են տալիս ասելու, որ դատավորներն առաջնորդվում են մասնավոր շահի իրավունքով, որը հակասում է վերը նշված միջազգային կազմակերպությունների սահմանած սկզբունքներին: Մեր ունեցած օրինակներով դատարանը պատասխանատվության միանգամից մի քանի նորմ է կիրառում: «Լեւոն Քոչարյանն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի» գործով, որը քննվում էր 2009-ին, դատարանը թերթին պարտավորեցրեց վճարել հայցվորի պահանջած 3 մլն դրամը եւ թերթում տպագրել հոդվածի հերքումը: «Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանը եւ Ռուբեն Հայրապետյանն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի» գործով վերջերս դատարանը «Հայկական ժամանակ»-ին պարտավորեցրեց հերքում տպագրել եւ նրանցից յուրաքանչյուրին վճարել 2 մլն 44 հազարական դրամ: «Այս օրինակներով կարող ենք ասել, որ հանրային շահն այստեղ նկատի չի առնվել: Եթե 6 մլն դրամը «Հայկական ժամանակ» օրաթերթի համար այն գումարն է, որ սնանկացման կտանի, ուրեմն նրանք Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի առնվազն մեկ չափանիշով գործը կշահեն Եվրոպական դատարանում»,- ասում է Ա. Ղազարյանը: Իրավաբանը, «Արտիկլ 19» կազմակերպության եւ ԵԱՀԿ-ի սահմանած սկզբունքներից մեկնաբանելով նշված օրինակները, հայտնում է, որ դատարանը վճիռ կայացնելիս պետք է առաջնորդվեր հետեւյալով. արդյոք նպատակահարմա՞ր էր անպայման փոխհատուցման գումարային տարբերակն ընտրել այնպիսի անձանց համար, որոնք գումարի խնդիր չունեն, արդյոք փոխհատուցման սանդղակի մեջ պատասխանատվության ենթարկելու առավելագույն չափն ընտրելը անհրաժե՞շտ էր ժողովրդավարական հասարակությունում, արդյոք դա համաչա՞փ էր հասցված վնասին, քանի որ դա կարող է զսպող ազդեցություն ունենալ լրատվամիջոցների վրա: «Արտիկլ 19» կազմակերպությունը ունի նաեւ հետեւյալ մեկնաբանությունը. «Ճշմարիտ հայտարարության տարածումը չպետք է դատապարտվի, քանի որ անձը չի կարող պաշտպանել իր չունեցած հեղինակությունը»: Ինչպիսի՞ մամուլ կունենանք մենք առաջիկայում` պատասխանատո՞ւ, թե՞ ինքնագրաքննվող: «Բարոյական վնասի փոխհատուցման նորմի կիրառումը երկու ազդեցություն կարող է ունենալ. մի կողմից` լրատվամիջոցները կանցնեն ինքնագրաքննության, մյուս կողմից` ավելի պատասխանատու կգործեն: Երկուսից թե որը կգերակայի առաջիկայում` կախված է նրանից, թե դատական պրակտիկան ինչ ուղղությամբ կզարգանա, եւ այն ինչ ազդեցություն կունենա լրատվամիջոցների վրա»,- նշեց Ա. Ղազարյանը: Դատական պրակտիկայի այսօրինակ զարգացումը ոգեւորության նոր ալիք է առաջացրել մամուլից վիրավորվածների շրջանում. մեծանում է լրատվամիջոցներից փոխհատուցման պահանջ ներկայացնողների թիվը: Ավելին, բարոյական վնասի փոխհատուցման համար օրենքով նախատեսված առավելագույն գումարային պահանջից բացի՝ դատարանին են ներկայացվում նաեւ դատական ծախսերի փոխհատուցման ոչ ողջամիտ պահանջներ: Ի դեպ, նախկինում դա արվում էր, քանի որ Հայաստանի օրենսդրությունը բարոյական վնասի փոխհատուցում չէր նախատեսում զրպարտության դեպքերում, որի պատճառով էլ քաղաքացիներն իրենց վնասը փոխհատուցելու այս տարբերակն էին ընտրել: Ներկայումս Կենտրոն դատարանում քննվում է «Ժամանակ» օրաթերթի դեմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ եւ ավագ որդու` Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների հայցը, որով պահանջում են պարտավորեցնել օրաթերթին հերքում տպագրել եւ հատուցել վիրավորանքի ու զրպարտության միջոցով հասցված վնասը` 6 մլն դրամի չափով: Օրաթերթը 1 մլն դրամ պետք է հատուցի հասցրած վիրավորանքների համար, 2 մլն դրամ` զրպարտության, եւս 3 մլն դրամ` դատական ծախսերի համար: Դատական ծախսերը փոխհատուցելու չափը բավականին լուրջ եւ լուծում պահանջող հարց է, քանի որ մինչ այս էլ փաստաբանները եւ քաղաքացիները հաճախակի են բախվել այս խնդրին: Դատավորները, անկախ փաստաբանի հետ կնքված պայմանագրի գումարից, իրենց հայեցողությամբ են որոշում վճարման ողջամիտ չափը` առանցքային համարելով, թե ումից է պահանջվում այդ գումարը: Առավելագույն զգուշավորություն է ցուցաբերվում պետական բյուջեի նկատմամբ: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ ՀՀ Փաստաբանների պալատը երկար ժամանակ քննարկում էր դատական ծախսերի մեջ ներառվող փաստաբանի վարձատրության ողջամիտ չափի հարցը, որը կարող էր կողմնորոշիչ լինել դատավորների համար, սակայն այն պաշտոնական փաստաթղթի չվերածվեց: Դատական պրակտիկայում տարբերակված մոտեցում կա նաեւ զրպարտության ու վիրավորանքի նորմի կիրառման առումով. բոլորը չէ, որ կարող են փոխհատուցվել: Հիշեցնենք, որ բնապահպան Մարիամ Սուխուդյանը հայց էր ներկայացրել՝ ՀՀ ոստիկանությունից որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 1 մլն դրամ, քանի որ ոստիկանությունը, ի դեմս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանի, խախտել էր իր անմեղության կանխավարկածը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճեց Մարիամ Սուխուդյանի անմեղության կանխավարկածի խախտմամբ պատճառված բարոյական վնասի հատուցման մասին քաղաքացիական գործը: Մեկ այլ դեպքում դատարանը մերժեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցը, որով խնդրում էր վերացնել քրեական գործը կարճելու մասին քննիչի կայացրած որոշումը: Պատգամավորը պահանջել էր քրեական գործ հարուցել «Ազատամտություն» օրաթերթի դեմ` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների հետ կապված: Նշված դեպքերում դատարանի վերաբերմունքը, հավանաբար, այլ կլիներ, եթե փոխհատուցման պահանջը իշխանություններին չվերաբերեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter