HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղապետարանի շենքում խանութ են աշխատեցնում

Լոռու մարզի 254 բնակիչ ունեցող Արդվի գյուղի գյուղապետարանը 1992 թ.-ից տեղավորված է տնակում: Տնակի ապակիներն այսօր գրեթե ամբողջությամբ կոտրված են: Գյուղապետարանի տանիքին ծածանվում է ՀՀ պետական դրոշը: Արդվեցիների կարծիքով՝ գյուղապետարանի խղճուկ տեսքը խորհրդանշում է իրենց գյուղի անհուսալի վիճակը: Այս տարվա հունվարի 16-ին Արդվիիում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով գյուղապետ է ընտրվել Սամվել Կիրակոսյանը: Վերջինս գյուղապետի պարտականությունները ստանձնել է փետրվարի 25-ին: «Արդեն երկար տարիներ գյուղապետարանն այսպիսի խղճուկ վիճակում է: Մենք ունենք մշակույթի տուն, որն ունի 3 սենյակ եւ մեծ դահլիճ: Մեծ դահլիճը կարող ենք օգտագործել արարողությունների, ժողովների եւ այլ միջոցառումների համար, իսկ 3 սենյակները կարող ենք օգտագործել որպես գյուղի մշակույթի կենտրոն, գրադարան, ավագանու աշխատատեղ եւ գյուղապետարան»,- ասաց Ս. Կիրակոսյանը: Նրա մատնանշած մշակույթի տունը խորհրդային տարիներին եղել է գյուղի մթերային խանութը: Գյուղացիներից մեկի վկայությամբ՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 6 տարի առաջ Արդվիի գյուղապետարանին 1,7 մլն դրամ է տրամադրել գյուղապետարանի համար շենք գնելու նպատակով: Հատկացված գումարով Արդվիի նախկին խանութի շենքը գնել է նախկին գյուղապետ Լեւոն Կիրակոսյանը, սակայն շենքն այդպես էլ նպատակին չի ծառայել: «Անդրանիկ Մարգարյանի կողմից, եթե չեմ սխալվում, տրվել է 1,7 մլն դրամ գյուղապետարանի համար շենք գնելու նպատակով, շենքը գնվել է 1,5 մլն դրամով` շուրջ 6 տարի առաջ: Ժամանակին պլանավորված էր գյուղապետարանը տեղափոխել այնտեղ, սակայն մինչեւ օրս չի տեղափոխվել: Շենքում նորոգման անհրաժեշտություն կա»,- պարզաբանեց գործող գյուղապետը: Ս. Կիրակոսյանը հավաստիացրեց, որ եղանակները տաքանալուն պես շենքը վերանորոգելու են: Սակայն գյուղապետարանի համար նախատեսված շենքում Արդվիի նախկին գյուղապետ Լեւոն Կիրակոսյանն իր անձնական մթերային խանութն է բացել: «Մենք պետք է միանշանակ ազատել տանք նախկին գյուղապետի կողմից շենքում տեղավորված խանութի տարածքը: Այդ շենքն ամբողջությամբ պետք է ծառայի գյուղի բնակչությանը»,- ասաց Սամվել Կիրակոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter