Կեղծ հաղորդում է տված եղել
Վանաձորի կիսակառույց մաքրման կայանի թալանի վերաբերյալ հաղորդում տված Մելսիկ Այվազյանը հայտնում էր նաև, որ իր հանցակից Սամվել Աբգարյանը (Պզե) կեղծ հաղորդում է տվել իր որդու՝ Գևորգ Այվազյանի՝ ՌԴ-ում կեղծ փաստաթղթերով բնակվելու մասին, ինչի հետևանքով որդին արդեն քանի տարի է՝ չի կարողանում վերադառնալ Հայաստան։
«Հետքը» փորձեց մանրամասներ ճշտել այդ հաղորդման և Գևորգ Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։
Պարզվեց՝ 1972 թ. ծնված Գևորգ Մելսիկի Այվազյանը ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից 1997 թ.-ից գտնվում էր հետախուզման մեջ նախկին ՀՀ քր. օր.-ի 75 հոդվածի 1-ին մասի և գործող ՀՀ քր. օր.-ի 327 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու, այսինքն՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։
Միևնույն ժամանակ ոստիկանության Վանաձորի բաժնից տեղեկացնում էին, որ Գևորգ Այվազյանը հետախուզվում է միայն նշված հոդվածի հատկանիշներով։
Սամվել Աբգարյանի՝ Գևորգ Այվազյանի մասին տված հաղորդումն էլ կցված էր վերջինիս կողմից ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ հարուցված քրեական գործին և գտնվում էր Լոռու մարզի քննչական բաժնի վարույթում։
Ս. Աբգարյանն այդ հաղորդումը դեռևս 2007 թ. էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ Նույն թվականին այն մակագրվել էր Լոռու մարզի դատախազի պաշտոնակատար Կարեն Շահբազյանին։ Վերջինս էլ այն ուղարկել էր Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանին։
Ս. Աբգարյանը դիմումում հայտնել էր, որ հետախուզվող Գ. Այվազյանը գտնվում է ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում և կրում է կեղծ անձնագիր՝ Գազիմագա Ալիբեկով անվամբ։
Երբ «Հետքը» փորձեց տեղեկություն ստանալ դիմումում նշված հանգամանքների վերաբերյալ, պարզվեց՝ 4 տարի անց դրանք դեռ ճշտված չէին։
Ս. Աբգարյանի հաղորդումից 4 տարի անց՝ 2011 թ. փետրվարի 17-ին պատասխանելով «Հետքի» գրավոր հարցմանը՝ Լոռու մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Իսպիրյանը հայտնում էր, թե դիմումում նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ մի շարք հանձնարարություններ են տրվել ոստիկանության Վանաձորի բաժնին, հարցաքննվել է Գ. Այվազյանի կինը, հարցում է ուղարկվել ՌԴ Ռոստովի մարզի Շախտի ՆԳ բաժին, բայց պատասխանը դեռևս չի ստացվել։
Հասկանալի չէ՝ 4 տարվա ընթացքում պատասխանը տեղ չէ՞ր հասնում, թե՞ լոռեցի իրավապահները նշված հարցումը որոշեցին ուղարկել այն բանից հետո, երբ «Հետքը» սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Վանաձորի կիսակառույց մաքրման կայանի և դրա հետ կապված այլ գործերի նկատմամբ։
Փաստն այն է, որ ինչպես օրերս «Հետքին» տեղեկացրեց Լոռու մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանը, նշված պատասխանն արդեն ստացվել է, ըստ որի՝ Սամվել Աբգարյանի հաղորդման հանգամանքները չեն հաստատվել։
«Ցուցում եմ տվել, որ քրգործի վարույթը կարճեն»,- ասաց դատախազը։ Կեղծ հաղորդմանն էլ, ըստ նրա, կտրվի իրավական գնահատական։
Ինչ վերաբերում է Գևորգ Այվազյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն, նա դրա համար պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ այդ քրեական հոդվածի վաղեմության ժամկետը վաղուց լրացել է։
Տեղեկացնենք, որ Գևորգ Այվազյանն արդեն վերադարձել է Հայաստան և ազատության մեջ ապրում է Վանաձոր քաղաքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել