HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեկանչություն` ըստ սերիալի (Էսսե)

Հովհաննես Թեքգյոզյան Արվեստի աքիլլեսյան գարշապարն առեւտուրն է: Արվեստի ու արվեստագետի փոխհարաբերություններն ավելի իրական են, քան հաճախ պատկերացնում ենք: Պաթետիկորեն կամ ակադեմիական լեզվով ասված` արարման ընթացքը, եթե ոչ գերբնական, ապա վերզգայական շերտեր, այնուամենայնիվ, պարունակում է: Ստեղծագործելու հատուկենտ «վայրկյաններին» են արվեստի ու արվեստագետի շահերը համընկնում: Իսկ մնացած ժամանակը արվեստագետը մսխում է ինքնաոչնչացման, արվեստի ու չարվեստի կողմ ու դեմ հակամարտությամբ: Նախքան բուն նյութին անցնելը` մի փոքր շեղում: Այս պահին ուզում եմ խոսել մի կարեւոր հարցի շուրջ: Ինչո՞ւ մենք հաճախ գնում ենք դիտելու այսինչի ստեղծած ֆիլմը եւ չենք գնում դիտելու այնինչի նկարահանած կինոնկարը: Առաջին պատասխանը, որ կարող ենք լսել, սարսափելի «հետաքրքիր է»-ն կամ «չէ»-ն է: Սակայն ես կփորձեմ միանգամայն այլ կերպ այս երեւույթը պարզաբանել: Արվեստագետի անունը իրականություն է: Ցանկացած ստեղծագործության վրա դրված անուն-ազգանունը` արդեն իսկ, այդ ստեղծագործության իրականության մասին է վկայում: Իսկ կոնկրետ երկի իրականության ստեղծումը մոտավորապես նույնանում է հետեւյալ զգացողությանը: Յուրաքանչյուրիս ներսում երբեմն այնպիսի վիճակ է ստեղծվում, ասես հենց նոր կատարված աննշան դեպքը ինչ-որ ժամանակ մեզ հետ արդեն կատարվել է: Բանականությունը պնդում է, որ նման բան չի եղել, սակայն զգացողություններն այդ պահին այնքան ուժեղ են, որ փաստում են կատարվածի կրկնության մասին: Այս անպայմանորեն իրական վիճակը մինչեւ հիմա պարզաբանված չէ: Ոմանք ասում են, որ մեր մարմնի ոչ նյութական շերտը մի պահ գերիշխում է նյութականի վրա: Արդյունքում մեր զգացողությունները շատ կարճ ժամանակով տեղափոխվում են միանգամայն այլ հարթություն, ասել է թե` իրականություն: Բայց քանի որ գիտակցությունը չի մթագնում, մեզ այդ տարօրինակ-հպանցիկ իրականությունը թվում է ռեալ: Չէ՞ որ փաստացի ուրվականային ոչինչ տեղի չի ունենում: Հաշվի առնելով, որ այս երեւույթը հաճախ չի կրկնվում, գրեթե միշտ իմաստային կոնկրետ շեշտեր չի պարունակում եւ քրոնոմետրաժի իմաստով տեւում է շատ կարճ, կարող ենք այն անվանել «չիրագործված իրականություն»: Յուրաքանչյուր մարդ կազմավորվելիս ձեռք է բերում միայն իրեն հատուկ տեսակ: Ի դեպ, տեսակի բացակայությունը եւս տեսակ է: Թերեւս, միայն տեսակի հետաքրքիր եւ ինքնատիպ լինելով է արվեստագետը տարբերվում այս դեպքում, թույլ տվեք ասել, սովորական մահկանացուներից: Տեսակների ժխտումը եւս ձեւավորվում է իրականությունների տարբերություններից: Երբ մարդու ներքին տեսիլը չի համապատասխում մեկ այլ մարդու տեսիլին, համաշխահային քաղաքակրթությունը սկսում է փուլ գալ: Տեսակների պայքարը կոչված է սրել արվեստագետի նյարդային վիճակը եւ նոր ուղիներ բացել: Չէ՞որ արվեստը դաժան, մարդակեր պայքար է, տեսակների պատերազմ: Բայց, իհարկե, ամենասարսափելին տեսակի ինքնաոչնչացումն է: Վառ տեսակը անձնական մեծ ողբերգության մասին է վկայում: Այս էսսեն գրելով` ես նպատակ չունեմ ժխտելու հայկական սերիալների այսպես կոչված տեսակը, ոչ էլ միտք ունեմ հարցը քննարկել արվեստ-չարվեստ ծեծված ու ժանգոտած շրջանակում: Ինձ առավելապես երկու հարց է հուզում. սերիալում առկա իրականությունը եւ դերասանական նոր տիպի ի հայտ գալը: Արվեստը կյանքի հայելին չէ եւ չի կարող լինել այն պարզ պատճառով, որ ռեալ իրականությունում կատարված ցանկացած դեպք իր ռեալ իրականության պայմաններում փոխում է իր երանգավորումը: Օրինակ` ծառը հանկարծակի կարող է դառնալ մանուշակագույն: Բացի դրանից` նույն այդ բազմաչարչար ծառի տերեւները, հնարավոր է, պոլիէթիլենից լինեն: Փաստորեն, արվեստը ոչ թե կյանքի հայելին, այլ հակահայելին է: Թեեւ որեւէ մեկը չի կարող ժխտել, որ ռեալ իրականության պայմաններում եւ ծառ կա, եւ պոլիէթիլեն, սակայն չի էլ կարող հաստատել, որ սովորական «կյանքային» ծառին կարող են պոլիէթիլենե թռչուններ թառել: Միայն ասելիքի ու գաղափարական ընդհանրացումների հարցում, թերեւս, արվեստը կարող է ռեալ իրականության հայելային տարրեր պահպանել: Հայկական սերիալներում, ընդ որում՝ խոսքը բոլոր հայկական սերիալներին է վերաբերում, անվան իսպառ բացակայություն է նկատվում: Կարեւոր չէ՝ Պողո՞սն է սցենարը գրում կամ նովելը նկարահանում, Պետրո՞սն է գրում-նկարում, թե՞ Մարտիրոսը: Ոչ մի տարբերություն: Ընդ որում՝ Պողոսի գործը նույն «հաջողությամբ» կարող էին անել նաեւ Փիլիպոսը եւ Փարսադանը: Անվան բացակայությունը խոսում է իրականության բացակայության մասին: Նույն կերպով աշխարհին նայելու միտումը հայկական բոլոր հեռուստաալիքների սերիալներին է վերաբերում: Մարդիկ ապրում, զգում, մտածում են տարբեր ձեւով, հայկական հեռուստաընկերությունները` միանման: Տառաճանաչության տարրական դասարանները անգույն դիպլոմով ավարտած սցենարիստները տիպիկ «հայելային» սյուժեներ են գրում: Մի բացառությամբ միայն, որ բոլոր հերոսները միագիծ եւ, բնավորության իմաստով, նույնիսկ միասեռ են: Հայկական սցենարական «դպրոցի» միակ տարբերությունը կյանքի վակուումն է: Գրամոլների անհագ թղթակերության հետ հեռակա աղերսներ ունեցող այս տնաբույս սցենարիստներն ի վիճակի են միայն հայելու մի մասը ներկայացնել: Սա է, թերեւս, պատճառը, որ հայկական սերիալներում հոգեւոր շերտն իսպառ բացակայում է: Հերոսները կիլոմետրերով հեռու են քաղաքակրթություն կոչվածից, իսկ մշակույթի մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է: Անցնենք մյուս սերիալաստեղծ մասնագիտություններին: Հայկական սերիալները նայելիս հասկանում ես, որ բոլոր օպերատորները նույն աչքն ու տեսանկյունն ունեն, մոնտաժողները` ռիթմի նույն զգացողությունը, ռեժիսորները՝ երեւակայությունից զուրկ նույն վիճակը: Մի խոսքով, սերիալներ ներխուժած հայ «արվեստագետները» զրկված են բոլոր ներքին եւ արտաքին զգայարաններից: Ի դեպ, հայկական սերիալները նայելիս մեր ներսում այնպիսի զգացողություն է արթնանում, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում էկրանին, մեզ հետ ինչ-որ ժամանակ կատարվել է: Բայց այս զգացողությունը միայն մի շերտով է կապվում վերը նշված վիճակի հետ: Եթե անվանյալ «չիրագործված իրականությունը» ստեղծվում էր մեր մարմնի ոչ նյութական շերտի գերիշխումով նյութականի վրա, ապա հայկական սերիալներում հակառակ գործընթացն է տեղի ունենում: Նյութականի ազդեցությունը հաճախ այնքան է ուժեղանում, որ թվում է, թե հարեւան բակի միագիծ, միայն ջարդելու-մորթելու մասնագետ, մարդկային ոչինչ, նույնիսկ` քիթ-բերան-ականջ, էլ չեմ ասում` հոգի չունեցող խուլիգանները, հերոսի կարգավիճակով հայտնվել են քո տանը: Եթե մի խոսքով արտահայտելու լինենք, ապա հայկական սերիալներում իշխողը ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՉԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է, որը որեւէ, թեկուզ աննշան կապ չունի արվեստի, մշակույթի (նաեւ` սերիալային) եւ առհասարակ մարդու հոգեւոր ոլորտում կատարվող խմորումների հետ: Այժմ կցանկանայի խոսել դերասանների մասին: Ինձ բացառապես հետաքրքրում են հայկական սերիալներում նկարահանվող այն դերասանները, որոնք խաղում են թատրոնում: Թատրոնի իրական հանդիսականը թեեւ շատ չէ, բայց ավելի «խորքային» է: Նա դերասանին ճանաչում է Անուն-Ազգանունով: Հայկական սերիալները հակամշակութային եւ հակադերասանական են առաջին հերթին անվան ոչնչացումով: Դերասանը զրկվում է անունից եւ դառնում միայն հայելային տիպար: Նրան ճանաչում են ոչ թե որպես անհատականություն, այլ որպես այսինչ սերիալում նկարահանվող դեմք: Ճանաչողության նման տեսակը նույնանում է ապրանքանիշի ընկալման հետ: Սովորաբար այս կերպով ճանաչում են օճառի, հեռախոսի, մեքենայի այս կամ այն ֆիրմայի լոգոն կամ անունը: Քանի որ Գիր կոչվածը հայկական սերիալներում իսպառ վերացած է, կինեմատոգրաֆիական տեսքը` նույնպես, ապա հայ դերասանները գրեթե միշտ արտահայտվում են չբացահայտված ու անհիմն էմոցիաներով: Անարմատ ու անիմաստ բառերով համեմված գոռոցը, ողբ ու կոծը հայկական սերիալներում փոխարինել են գրական հենքին: Խոստովանենք, որ սա Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու արժանի փաստ է, քանի որ երբեւէ ստեղծված տեսալսողական բոլոր արվեստների հիմքը Գիրն է: Այս ամենի հետ մեկտեղ, հաճախ մեկ այլ սարսափելի իրողության ենք հանդիպում, երբ դերասանին սոսնձում են սերիալում խաղացած կերպարի անունը: Սա արվեստում պաթոլոգիկ առեւտրի ամենավառ բնորոշումն է: Բացատրեմ միտքս: Դերասան-կերպար. բարդ ու հակասական հարաբերություններ. Ես-Նա, Նա-Ես... «Եվ» տառն այս պարագայում բացակայում է: Հայկական սերիալներում դերասանի փչացման եւ, թող ներող լինեն, մահվան միտումն արտահայտվում է «Ես եւ Նա» առուծախային հարաբերություններով: Մի անգամ պատահաբար կարդացի մեր սերիալային գերաստղերից մեկի հարցազրույցը, որտեղ վերնագիր էր դարձված նրա հետեւյալ դարակազմիկ արտահայտությունը. «Ես եւ Այսինչը (կերպարի անունը). մեր սահմաններն արդեն փոշիացված են»: Բնականաբար, իմաստ չունի եւս մեկ անգամ կրկնել, որ նման մտածելակերպի «դերասանն» առաջին հերթին, որպես մասնագետ, փոշիացնում է ինքն իրեն: Վերջին շրջանում մի տարօրինակ զգացողություն էր ինձ համակել: Ապրելով թատրոնում՝ ես հանկարծ հասկացա, որ թատրոնները սառում են: Երկար մտածելուց հետո եկա հետեւյալ եզրահանգումներին: Հայկական սերիալներում նկարահանվող թատրոնի դերասանների ներսում անհասկանալի երկփեղկվածություն է առաջանում: Ես հասկանում եւ ընկալում եմ դերասանի՝ սովամահ չլինելու եւ ճանաչված լինելու ցանկությունը, բայց հայկական սերիալներում նկարահանվող իմ սիրելի ընկերները ճանաչվածությունը շփոթում են մատնացույց լինելու, տաղանդավոր լինելը` կադրում լաց ու կոծով էժանագին ուշադրություն վաստակելու, բնավորություն եւ կերպար ստեղծելը՝ մուննաթով խոսելու հետ: Հայկական սերիալները վտանգավոր են հիմքի բացակայությամբ: Ամեն ինչ խարսխվում է այս պահին ծնված «հանճարեղ» մտահղացումների վրա, որոնք չես կարող նույնիսկ իմպրովիզ համարել: Փաստորեն, հայկական սերիալները որդեգրել են թատրոնային «այս պահի» գաղափարը, սակայն բոլորովին ուրիշ ֆորմատով: Թատրոնում իրադարձությունները տեղի են ունենում «այս պահին», բայց թատրոնային «այս պահը» բազում այլ պահերի ապրած կենսագրություն է պարունակում: Իսկ հայկական սերիալներում ամեն ինչ կարծես ծնվում է այս պահին, ասել է թե` պահի ազդեցության տակ: Նման անհիմք վիճակը սարսափելի հետեւանքներ կարող է ունենալ դերասանի համար, ով իր հետագա գործունեությունը, այլ կերպ ասած` կարիերան տեսնում է շարունակականության մեջ: Սերիալների անարմարտ լինելը որեւէ առաջընթաց կամ շարունակականություն չի պարունակում, ինչը դերասանին, որոշ ժամանակ անց, ուղղակի սարսափի է մատնում: Հատկապես նրանց, ովքեր սերիալներում մատնացույց լինելու պատճառով փորձում են մտնել շոու-բիզնեսային, վատ իմաստով` գլամուրային աշխարհ եւ հաստատվել այնտեղ: Սերիալն ավարտվում է՝ ավարտելով նաեւ դերասանի կարիերան: Հաջորդ սերիալում նա պարտադիր պետք է տառացիորեն նույն լացուկոծն անի ու մուննաթը գա, ինչը մեկ-երկու տարի հետո անհետաքրքիր է դառնում: Չէ՞ որ էկրանին հայտնվում են մուննաթավոր ու ողբացող մի քիչ ավելի նոր ու թարմ դեմքեր: Ի՞նչ է մնում անել: Վերադառնա՞լ թատրոն: Բայց թատրոնը հայկական սերիալներում նկարահանվող դերասանների պատճառով արդեն սառել է: Մարդկային հարաբերությունները ձեւական բնույթ են ստացել, ոչ մի տաք բան: Ըստ էության, հայկական սերիալները քանդում են թատրոնի մարդկանց հարազատության զգացումը՝ բերելով մի սարսափելի սառնություն, որի անունը ստեղծագործական ապատիա է: Այսպիսով, հայկական սերիալները նմանվում են յուրօրինակ հոգեկանչության: Հովանավոր-փայատեր «մեդիումների» կողմից կանչվող ուժերը գրեթե միշտ սեւ են եւ, սովորաբար, կոչված են եթե ոչ սպանելու, ապա հաստատ փողոցային աղբ ու ճենճով լցնելու այն, ինչը, ըստ էության, անմահ է: Փաստորեն, հայկական սերիալների շնորհիվ մեր հասարակությունը միայն մի շերտով կինտեգրվի հնդկական մշակույթին՝ որդեգրելով նույն այդ մշակույթի մեջ առկա «Աթմա-հա» արտահայտությունը, որը թարգմանաբար նշանակում է հոգեսպան...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter